Նիկոլն ուր գնում է՝ հրաժարականներ են լինում. Ռուսաստանը ստիպված է հաշտվել

336

Lragir.am — Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա այցի շրջանակում եղել է հայկական եկեղեցում: Ընդամենը մի քանի ամիս առաջ, երբ Նիկոլ Փաշինյանը հեղափոխություն էր անում Հայաստանում, եկեղեցու բակում հավաքվել էին Ռուսաստանի հայերը, որ աջակցեն Հայաստանում փոփոխություններին:

Անսպասելի հայտնվել է ոստիկանությունը եւ ձերբակալել խաղաղ քաղաքացիներին: Ինչպես նշում են, հոգեւորականներն են ոստիկանություն կանչել, առավել եւս, որ Ռուսաստանի թեմի առաջնորդը կաթողիկոս Գարեգին Երկրորդի եղբայր Եզրասն է:

Օրերս Մոսկվայի դատարանը ապրիլի 22-ի ցույցին մասնակցած 24 հայերի տուգանել է 10 000 ռուբլով: Այնպես որ, հայերը հեշտ են պրծել, որովհետեւ հայկական հեղափոխությունից հետո ռուսների ցույցերը ցրում էին մտրակներով կազակները:

Հիմա՝ երկու ամիս անց, Նիկոլ Փաշինյանը Մոսկվա է ժամանել որպես Հայաստանի ղեկավար: Արքեպիսկոպոս Եզրասը ստիպված է ոչ միայն այդ կարգավիճակում ընդունել նրան, այլ նաեւ պատասխանել եղբոր՝ Գարեգինի հրաժարականի մասին հարցերին: Հայաստանում, ինչպես հայտնի է, թափ է հավաքում «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումը:

Վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը եղել է Արցախում, Սոչիում եւ Թբիլիսիում: Արցախում նրա այցից հետո ցույցեր սկսվեցին, որի հետեւանքով հրաժարական տվեցին պետնախարարն ու ուժային կառույցների ղեկավարները, իսկ Բակո Սահակյանը հայտարարեց, որ չի մասնակցելու 2020 թվականի ընտրություններին: Երեկ հրաժարական տվեց Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: «Նիկոլովիրուսը» դեռ չի ազդել Ռուսաստանում, բայց հայկական եկեղեցի այցը վկայում է, որ Ռուսաստանը ստիպված է լինելու հաշտվել Հայաստանի նոր իշխանության եւ նրա հանդեպ Ռուսաստանի հայերի բարեհաճ վերաբերմունքի հետ:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache