ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ԲԱՔՈՒՆ ԿԱՐՈՂ Է ՈՒԺ ԿԻՐԱՌԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՆԿԱՏՄԱՄԲ

191

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 20-ին կառավարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, ի թիվս բազմաթիվ այլ հարցերի և խնդիրների, բնականաբար, խոսեց նաև արցախյան հիմնախնդրի մասին: Երբ լրագրողներից մեկը նրան հարցրեց Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման և «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» բանաձևի վրա հիմնված փոխզիջումային տարբերակի մասին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ մեր կողմից մեթոդաբանական սխալ է խոսել փոխզիջումների մասին, որովհետև ակնհայտ է, որ Ադրբեջանը պատրաստ չէ գնալու փոխզիջման:

«Երբ մենք ուղերձ կստանանք, որ Ադրբեջանը հակված է փոխզիջման, այն ժամանակ կքննարկենք, ընդ որում ոչ թե կառավարության մակարդակով, այլ այսպես ասած՝ ազգովի՝ մեզ համար փոխզիջման ի՞նչ սահման գոյություն ունի»,- հայտարարեց Հայաստանի կառավարության ղեկավարը:

Մեկնաբանելով Հայաստանի վարչապետի այս հայտարարությունը՝ Ռուսաստանի պետական հումանիտար գիտությունների ինստիտուտի պրոֆեսոր, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Ադրբեջանը կարող է օգտվել դրանից և ռազմական ուժ կիրառել հայկական կողմի նկատմամբ: Հարձակման նպատակը ենթադրաբար լինելու է հայկական զինված ուժերի զգոնությունը ստուգելը: Սերգեյ Մարկեդոնովը կանխատեսում է, որ այդ հարձակումը լայնածավալ չի լինելու, բայց դրա հավանականությունը մեծ է՝ հաշվի առնելով նաև Նախիջևանի շուրջ ստեղծված լարված իրավիճակը:

Այդուհանդերձ, փորձագետը կարծում է, որ բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև վաղ թե շուտ կվերսկսվեն: Սակայն խնդիրն այն է, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Հայաստանի քաղաքացիների սպասելիքները չափից ավելի մեծ են՝ կապված ոչ միայն կոռուպցիայի դեմ պայքարի, երկրի ժողովրդավարացման, տնտեսական զարգացման, այլև ղարաբաղյան հարցի հետ:

«Ենթադրվում է, որ նախորդ իշխանությունը ամեն ինչ սխալ է արել, բայց նոր իշխանությունը ամեն ինչ կսկսի մաքուր թղթից և բոլոր հարցերը կլուծի: Ես այդքան լավատես չեմ: Եվ ստացվում է մի իրավիճակ, երբ հայկական կողմը դառնում է ներքաղաքական իրավիճակի գերին: Նմանատիպ հայտարարությունները, որ բանակցություններն անընդունելի են, իհարկե, դուր են գալիս հայ հանրությանը, բայց այդ հայտարարությունները կարող են հակառակ կողմի մոտ ցանկություն առաջացնել ստուգելու հայկական կողմի զգոնությունը:

 

Եվ այդ ժամանակ Բաքուն, բնականաբար, կսկսի պատճառաբանել, թե տեսեք, մենք ուզում էինք բանակցել, բայց մեր գործընկերները դեմ են, այդ պատճառով էլ մենք ուժ կիրառեցինք: Չեմ կարծում, թե ուժի այդ կիրառումը կլինի լայնածավալ, բայց ակնհայտ է, որ նման հավանականություն կա, և Նախիջևանի շուրջ ստեղծված իրադրությունն է դա ցույց տալիս: Թե ինչ է այնտեղ տեղի ունենում, դժվար է հաստատապես ասել: Կան տարբեր տեղեկություններ թե՛ այս, թե՛ այն կողմից: Ամեն դեպքում ակնհայտ է, որ մեր երիտասարդների ժարգոնով ասած՝ որոշ «դվիժուխա» նկատվում է, և դա շատ վտանգավոր է: Այդ պատճառով ավելի լավ է, որ բանակցային գործընթաց լինի, քան թե չլինի»,- մեկնաբանեց Մարկեդոնովը:

 

 

Ամեն դեպքում, հանուն արդարության հարկավոր է նշել, որ Նիկոլ Փաշինյանը, դրսևորելով բավական կոշտ դիրքորոշում Լեռնային Ղարաբաղի հարցում, միևնույն ժամանակ փորձել էր չայրել բոլոր կամուրջները: Փաշինյանը այդ նույն մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել էր, որ ինքը պատրաստ է բանակցել Ադրբեջանի նախագահի հետ:

 

«Բանակցության նյութ կա, և դրան պետք է ամբողջությամբ ծանոթանանք, վերլուծենք ու բանակցենք: Բանակցությունն ինքնին նույնպես օգտակար է, որովհետև պետք է որոշակի վստահության մթնոլորտ ստեղծվի, որ հարցը կարգավորվի: Առանց վստահության մթնոլորտի հնարավոր չէ: Մենք պատրաստ ենք ջանքեր գործադրել, որ վստահության մթնոլորտ ստեղծվի»,- ասել էր Փաշինյանը:

 

Ինչ վերաբերում է բանակցությունների նոր ձևաչափերին, Սերգեյ Մարկեդոնովը կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն համաձայնի դրան:

 

«Բոլորն էլ տրամադրված են նախկին, պահպանողական համաձայնությանը, որովհետև ո՛չ Մոսկվան, ո՛չ էլ Վաշինգտոնը չեն ուզում խնդրի լուծում, քանի որ այն հղի է ռիսկերով, և կա փոխադարձ մեծ անվստահություն միմյանց նկատմամբ: Այսինքն՝ եթե մենք փորձենք ինչ-որ բան անել, կարող է հանկարծ ռուսները կամ ամերիկացիները դա օգտագործեն իրենց շահերի համար: Այդ պատճառով ավելի լավ է դրսևորենք պասիվություն»,- նշեց ռուսաստանցի քաղաքագետը:

 

Արամ Սարգսյան



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache