Նման նվաստացում դեռ չէր եղել. «ստուգողական կրակոց» վարչապետի ուղղությամբ

0

Հայաստանում մինչ կառավարման խորհրդարանական կարգին անցնելը վարչապետի պաշտոնը եղել է թերեւս ամենաանշնորհակալը: Վարչապետներն ըստ էության եղել են քավության նոխազներ՝ չհաշված Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, որոնց համար այդ պաշտոնը եղել է տրամպլին նախագահի պաշտոնին անցնելու համար: Նույնը Վազգեն Մանուկյանի մոտ չստացվեց:Կառավարման նոր կարգին անցնելուց հետո վարչապետն արդեն դառնում է առաջին դեմքը, թեեւ դա դեռ չի նշանակում, որ նա չի լինելու քավության նոխազ: Ընդհանրապես, հետամնաց ու պրիմիտիվ տնտեսա-քաղաքական համակարգերում, ինչպիսին Հայաստանն է, նոխազների կարիքը միշտ կա, քանի որ պարբերաբար առաջանում է ձախողումներն ինչ որ մեկի վրա դուրս գրելու անհրաժեշտություն:Կարեն Կարապետյանի պարագան բավական հետաքրքիր է:

Նրան պաշտոնի նշանակեցին ու դարձրին ՀՀԿ առաջին փոխնախագահ համակարգի վերափոխման շրջանում, այդ գործընթացները «նոր դեմքով» անցկացնելու համար: Նա ըստ էության կատարեց այդ գործառույթը, ավելին, ցույց է տալիս տնտեսական աճի բարձր թվեր, որոնք դժվարացնում են նրան քավության նոխազ դարձնելը: Ճիշտ է, այդ թվերն իրենց տակ չունեն բովանդակություն, բայց դա համակարգային իրողություններում նշանակություն չունի, քանի որ համակարգի հավատամքը «թղթերով ամեն ինչ կարգին լինելն է»:

Դժվար է ասել՝ արդյոք Կարեն Կարապետյանը փորձում է դիմադրել: Բայց դիմադրելու համար պետք է զբաղվել քաղաքականությամբ, ինչը նրա դեպքում բացակայում է:Փոխարենը, ՀՀԿ-ն մեջտեղ է բերել անվտանգության ու Արցախի խնդիրները եւ դրանցով պարզապես նվաստացնում է նրան: ՀՀԿ-ականները տեւական ժամանակ հայտարարում են, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է այդ հարցում: Բայց դա երեւի քիչ էր, եւ գործընթացին ներգրավվեց գեներալ Մանվելը, ով հայտարարեց, թե «Կարեն Կարապետյանն ո՞վ ա, Կարեն Կարապետյանն ի՞նչ գիտի Արցախից, պատերազմից»:

Նրան երկրորդեցին ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը եւ Գալուստ Սահակյանը:Գալուստն ընդհանրապես արձակեց «ստուգողական կրակոցն» ու հայտարարեց, որ վարչապետի թեկնածուն արդեն կանխորոշված է, իսկ Կարեն Կարապետյանը անգործ չի մնա, նոր կառավարությունում նորմալ պաշտոն կստանա։Նման երեւույթ, հրապարակային վերաբերմունք գործող վարչապետի նկատմամբ Հայաստանի իշխանության մեջ դեռեւս չէր եղել:

Սովորաբար դժգոհությունները լինում էին կուլիսային ու դուրս չէին գալիս ջրի երես, դրանք արտահայտվում էին միջնորդավորված, եւ պահվում էր համակարգային «էթիկայի» որոշակի սահման, որից այն կողմ չէին անցնում: Կարեն Կարապետյանի դեպքում բոլոր սահմաններն արդեն տրորված են:Հետաքրքիր է, Կարապետյանը կհամաձայնվի՞ նոր կառավարությունում «նորմալ պաշտոնին»:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache