Նոր բռնկում. ում ձեռքին է կապիտալը

106
Աղբյուր՝

1in.am

Թեև հանրությանը գրավել էր խորհրդարանում Մարուքյան-Սիմոնյան լեզվակռվի և փոխադարձ վիրավորանքների տեսարանը, այդուհանդերձ, անզեն աչքով տեսանելի է, որ դա չէ Հայաստանում ներքաղաքական կյանքի առանցքային դիմակայությունը՝ թե ընդհանրապես, թե մասնավորապես այս շրջանում: Բանն այն է, որ այդ լեզվակռվին զուգահեռ ծավալվել է բավականին թեժ զարգացում վարչապետ-նախկին իշխող համակարգ հարաբերության շրջանակում: Կա՞ որևէ կապ այդ հանգամանքի և Մարուքյան-Սիմոնյան լեզվակռվի մեջ, դժվար է ասել, բայց դա կարևոր և էական էլ չէ:

Որովհետև դիմակայությունն իր հիմնական, առանցքային բաղադրիչով նախօրեին ծավալվեց բավականին տեսանելի և կոշտ՝ թե՛ Խաչատրյանների, թե՛ Միքայել Մինասյանի, թե՛ երրորդ նախագահ Սարգսյանի ներգրավումով, թե՛ նաև անուղղակիորեն Գագիկ Ծառուկյանի, կամա թե ակամա, ներգրավվածության նշաններով: Ի՞նչն էր այդ բռնկման պատճառը: Վարչապե՞տն է ծրագրում գնալ կոշտ և կտրուկ քայլերի, և, ըստ այդմ, նախկին համակարգից եղավ դիմադրության մասին հայտարարություն, թե՞ հակառակը՝ նախկին համակարգն էր փորձում առավելության հասնել, օգտագործելով թե՛ կապիտալի առավելությունը, թե՛ նաև այն հանգամանքը, որ Փաշինյանը այդ կապիտալի հետ հարաբերությունը փորձում է կառուցել առավելապես օրինականության սկզբունքի վրա, խուսափելով հեղափոխական արմատականությունից կամ, այլ կերպ ասած՝ կուլակաթափությունից:

Մյուս կողմից, գործնականում առաջին անգամ Նիկոլ Փաշինյանը ակնարկեց այն մասին, որ կարող է և գործնականում հրաժարվել այդ մեթոդից և անցնել սեփականության վերաբաշխման: Դա չափազանց թափանցիկ էր նրա մամուլի խոսնակի հայտարարություններում, որ երեկ մի քանիսն էին:

Այդ հանգամանքը Հայաստանում հերթական անգամ թեժացրել է քննարկումները հին ու նոր իշխանությունների, թավշի և այդօրինակ այլ հանգամանքների շուրջ, որոնք ուղեկցում են Հայաստանի հանրությանն արդեն երկու տարի: Եվ դեռ պարզ չէ, թե էլ ինչքան կուղեկցեն բռնկումների տարաբնույթ և զիգզագ փուլերով: Կասկած չկա, որ զուտ քաղաքական պրագմատիզմի առումով այդ ռեժիմը ձեռնտու է երկու կողմին էլ: Մանրամասների մասին խոսելու առիթներ եղել են և դեռ կլինեն: Սակայն առավել երկարաժամկետ տեսանկյունից, այստեղ առանցքային հարցը դառնում է այն, որ հայաստանյան քաղաքականությունը դեռևս շարունակում է հիմնված լինել երկու հանգամանքի վրա՝ կապիտալի կուտակում և հեղափոխական էներգիա: Հայաստանում փոխվել է ստատուս-քվոն այդ երկուսի կարգավիճակի, սակայն ոչ հարաբերակցության տեսանկյունից: Մինչդեռ, քաղաքական իշխանության համար ակնառու է, որ հեղափոխական էներգիան հնարավոր չէ իբրև քաղաքական գործոն պահել անվերջ: Եթե այն չի փոխարինվում որևէ այլ բանով, ապա փոխարինող միակ բանը մնում է կապիտալը, և դա ժամանակի հարց է: Իհարկե, ոչ շատ մոտ ժամանակի, սակայն ոչ էլ շատ կամ անպատկերացնելի հեռու: Եվ այստեղ նշանակալի է դառնում այն, թե ում ձեռքին է այն:


Բաժանորդագրվեք և ստացեքհրապարակումների ծանուցումները

Adnow
loading...