Լրահոս

Նոր հանձնարարություն. որն է նոր նպատակը

 

arm148171710441

lragir.am —  Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 12-ին խորհրդակցություն է անցկացրել զբոսաշրջության զարգացման թեմայով, տալով հանձնարարականներ եւ դնելով նպատակ` առաջիկա հինգ տարում եռապատկել Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը:Ըստ պաշտոնական տվյալի, Հայաստան ներկայում այցելում է մոտ 1 միլիոն զբոսաշրջիկ: Խորհրդակցության ընթացքում տնտեսության զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ասել է 1,2 մլն ցուցանիշի մասին:Փաստացի, Սերժ Սարգսյանը դրել է առաջիկա հինգ տարում այդ թիվը մոտ 3,5 միլիոն դարձնելու նպատակ: Վատ չէ իհարկե, թեեւ համեմատության համար պետք է ասել, որ այդ թիվը էապես զիջում է հարեւան Վրաստանի արդեն ներկայիս ցուցանիշին: Ծովի առկայությունն այստեղ իհարկե ունի մեծ դեր, բայց Վրաստանը այցելության բարձր ցուցանիշ է ապահովում նաեւ ոչ ծովային սեզոնին:Իհարկե, կա Ադրբեջանի եւ Թուրքիայի հանգամանքը: Վրաստանը դրանց հետ չունի խնդիր եւ այդ երկրներից մեծ թվով այցելություններ են լինում, հատկապես գործարար կապի շնորհիվ: Բայց Հայաստանն էլ ունի 7 միլիոնանոց սփյուռք, որը զբոսաշրջային ահռելի պոտենցիալ է, բայց վատ օգտագործվող:Աներկբա է, որ Հայաստանի զբոսաշրջային բուն խնդիրը շրջափակումը, հարեւաններից երկուսի հետ վատ հարաբերությունը կամ Արցախի հակամարտությունը չեն: Դրանք իրենց հետքը թողնում են, բայց բուն խնդիրը ենթակառուցվածքների բացակայությունն է, զբոսաշրջային պոտենցիալի թերխնամվածությունը, ավիատոմսերի թանկությունը:Կա պարզ եւ վառ մի օրինակ` Տաթեւի ճոպանուղին: Մասնավոր ներդրողի օգնությամբ կառուցվեց նոր ենթակառուցվածք, ներդրում կատարվեց ճանապարհի նորոգման ուղղությամբ, եւ Տաթեւի շուրջ զբոսաշրջային եւ տնտեսական մթնոլորտը լիովին փոխվեց: Ընդ որում, այդ օրինակը իր մասշտաբով ամենեւին մեծ չէ: Կարելի է պատկերացնել առավել մասշտաբային ներդրումների դեպքում հնարավոր էֆեկտը:Հայաստանի արտաքին պարտքը վաղուց անցել է 5 միլիարդ դոլարից: Դրա քանի՞ տոկոսն է կիրառվել զբոսաշրջային ոլորտի ներդրումների համար: Զբոսաշրջությունը տնտեսության գերակա ճյուղ հռչակվել է դեռեւս 2002-03 թվականներից: Իհարկե քայլեր կատարվել են, օրինակ Ծաղկաձորում կառուցվել են ճոպանուղի, հյուրանոցներ:

Բայց այդ ընթացքում Հայաստանում զբոսաշրջային ահռելի ներուժ ունեցող Գյումրին մատնվել է անտարբերության: Եվ դա մի մարզում, որը աղքատության ռեկորդակիրն է Հայաստանում եւ որտեղ առաջին հերթին պետք է կատարվեին ներդրումները, եւ առաջին հերթին հենց զբոսաշրջային ներուժի զարգացման եւ գեներացման ուղղությամբ, ինչի շնորհիվ մարզը կարող էր լինել բոլորովին այլ վիճակում:Հայաստանում զբոսաշրջությունը թեեւ հայտարարվել է գերակա ճյուղ, այդուհանդերձ զարգացել է «ձեռքի հետ» վարվող քաղաքականության տրամաբանությամբ: Հայաստանի տնտեսությունը գրեթե լիովին յուրացրած «էլիտան» հանդարտ, առանց առանձնապես շտապելու եւ մեծ ներդրումների, փորձել է առավելագույն էֆեկտ ստանալ այդ ոլորտից:Այսինքն, զբոսաշրջության հեռանկարը եւ ներուժը գնահատվել է զուտ այդ, ոչ թե հանրային հնարավորությունների ստեղծման տեսանկյունից: Զբոսաշրջությունը չի դիտվել փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման խթան, չի եղել հանրության համար այդ հնարավորությունը խթանելու պետական քաղաքականության նպատակ: Նպատակը եղել է կառուցել «էլիտային» պատկանող հյուրանոցներ եւ հավաքագրել զբոսաշրջիկների աճից ստացվող շահույթը: Այդ իսկ պատճառով չի խթանվել առանձնապես մեծ ծավալի աճ, որպեսզի «էլիտան» այսպես ասած հետ չընկնի եւ հասցնի հյուրանոցներ կառուցել ըստ աճի «բնական» տեմպի:Մինչեւ չփոխվի զբոսաշրջության զարգացման հռչակագրերի այդ խորքային տրամաբանությունը, եւ ոլորտը չսկսի դիտվել ոչ թե «էլիտայի», այլ փոքր ու միջին ձեռնարկատիրության միջոցով հանրային հնարավորությունների աճի եւ զարգացման խթան, ընդ որում երկարաժամկետ եւ համեմատաբար ինքնաբավ խթաններից մեկը, հազիվ թե հնարավոր լինի ակնկալել պետական քաղաքականության արդյունքի փոփոխություն:Մինչդեռ այդ արդյունքը չափազանց կարեւոր է Հայաստանի համար ոչ միայն տնտեսական իմաստով, այլ նաեւ քաղաքական եւ քաղաքակրթական: Զբոսաշրջության աճը թույլ կտա ընդլայնել հանրության աշխարհաճանաչողությունը եւ հաղթահարել այդ հանրության զգալի մասի մոտ առկա աշխարհի հանդեպ վախը կամ կասկածը:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

newhing

newhing