Նոր «հրեշը». ԱՄՆ-ն ու Չինաստանը կորոշեն Պուտինի ճակատագիրը

280
Աղբյուր՝

lragir.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանը կանի ամեն ինչ, որպեսզի ինքը չհաղթի նախագահի 2020 թվականի ընտրությանը: Ինչպես հայտնի է, Թրամփը այդ ընտրությանը պայքարելու է դեմոկրատների թեկնածու, ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի հետ: Չինաստանն արձագանքել է Թրամփի հայտարարությանը: ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ասել է, թե Պեկինը որեւէ կերպ չի ցանկանում ներքաշված լինել ԱՄՆ ընտրական գործընթացում:

Բայց, ըստ ամենայնի Չինաստանին դա չի հաջողվի, եւ Թրամփի հայտարարությունը վկայում է, որ «ներքաշումն» անխուսափելի է: Ընդ որում, դեմ է դրան Պեկինը, թե ոչ, հարց է իր հերթին: Իսկ «ներքաշվելու» առիթը դարձել է կորոնավիրուսը, որի համար Վաշինգտոնը մեղադրում է Պեկինին: Թրամփը նույնիսկ հայտարարում է, որ Չինաստանին կարող է ներկայացվել հսկայական փոխհատուցման պահանջ: Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, թե ԱՄՆ պաշտոնյաները պետք է հակառակորդ տեսնեն ոչ թե Պեկինին, այլ վարակը, քանի որ Չինաստանը եւս վարակից տուժող կողմ է, ոչ թե օգտվող:

Իհարկե, դա չի փոխում Վաշինգտոնի կարծիքն ու մեղադրանքները: Սակայն, հետաքրքիր է թերեւս այն, որ դրանք հնչում են նաեւ շաբաթներ առաջ նախագահ Թրամփի այն հայտարարության ֆոնին, որ հիանալի հեռախոսազրույց էր ունեցել Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հետ: Հետո Թրամփը հայտարարեց, որ կնքվել է ամերիկա-չինական գործարք, ըստ որի Պեկինը պետք է միլիարդավոր դոլարների ներդրում անի ԱՄՆ տնտեսությունում:

Այժմ Թրամփը հայտարարում է, որ Չինաստանը կանի ամեն ինչ իր ընտրությունը թույլ չտալու համար: Այստեղ թերեւս հիշվում է խորհրդային հայտնի ֆիլմի արտահայտությունը՝ «նա, ով մեզ խանգարում էր, նա էլ մեզ կօգնի»: ԱՄՆ նախագահը թերեւս փորձում է առավելագույնս օգտագործել կորոնավիրուսն ու դրանում Չինաստանի տեղն ու դերը: Թրամփը նկատելիորեն բացասականացնում է այդ դերը՝ հիմնավոր, թե ոչ, այլ հարց է: Բայց, «հրեշացնելով» Չինաստանին, ԱՄՆ նախագահը թերեւս կփորձի ամերիկացիներին ներկայանալ որպես այդ «հրեշի» դեմ պայքարի ելած խիզախ առաջնորդ, ակնկալելով այդ պայքարում ամերիկացիների աջակցությունը:

Կխաղա՞ Չինաստանն այդ հարցում Թրամփի հետ: Հատկանշական է, որ մեծ հավանականությամբ ընտրական այս գործընթացում «հրեշը» կլինի ոչ Ռուսաստանը կամ Պուտինը: Պուտինն այդ իմաստով այլեւս ընկած է եւ առավելագույնը, որ նա կակնկալի՝ ամերիկա-չինական գործարքում արժանապատիվ ճակատագրի արժանանալն է, այդ թվում նաեւ Ռուսաստանում իշխանության հարցը լուծելու գործում օժանդակությունը:

Ամերիկա-չինական խաղը վերջնականապես ձեւավորվելու պարագայում այն անկասկած իր էական ազդեցությունն է ունենալու Կովկասում, հետխորհրդային տարածությունում ընդհանրապես: Ավելին, ամենեւին պետք չէ բացառել եւ այն, որ այդ խաղի որոշակի ազդեցությունն է Ուկրաինայում Վրաստանի նախկին նախագահ Սահակաշվիլու քաղաքական ճակատագրի շուրջ կտրուկ վայրիվերումը: Զելենսկին նրան հանկարծ առաջադրեց բարեփոխումների հարցով փոխվարչապետի պաշտոնում, եւ նույնքան հանկարծ հրաժարվեց այդ գաղափարից՝ չստանալով բավարար աջակցություն խորհրդարանի իր իսկ մեծամասնությունում:

Ուկրաինայում այդ գործընթացը անկասկած պարունակում է շատ ավելի լայն շերտեր: Հատկանշական է, որ Սահակաշվիլու նշանակումը ոգեւորությամբ էր ընդունել օրինակ Բաքուն, եւ խիստ դժգոհություն էր հայտնել Թբիլիսին:


Բաժանորդագրվեք և ստացեքհրապարակումների ծանուցումները

Adnow
loading...