Նոր իրավիճակ Ռուսաստանի համար. Հայաստանի անակնկալը

57

Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը մեկնում է Իսրայել, որտեղ այդ երկրի վարչապետի հետ կքննարկի ռեգիոնի իրավիճակին ու երկկողմ հարաբերությանն առնչվող հարցեր: Հուլիսի 11-ին ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպմանը Իսրայելի վարչապետը հայտնել էր իրենց մոտեցումը Սիրիայի իրավիճակի վերաբերյալ: Ըստ մամուլի տեղեկատվության, Նաթանյահուն Պուտինին առաջարկել էր պայմանավորվածության տարբերակ՝ Իսրայելը ոչինչ չի անում Ասադի դեմ, եթե Ռուսաստանը անում է քայլեր, որպեսզի Իրանը դուրս գա Սիրիայից:

Դրանից հետո հուլիսի 16-ին տեղի ունեցավ Թրամփ-Պուտին հանդիպումը: Այժմ Լավրովը մեկնում է Իսրայել: Նրա այցից առաջ տեղի է ունեցել Պուտին-Նաթանյահու հեռախոսազրույց: Զուգահեռ փոխադարձ սպառնալիքներ են փոխանակել Իրանի նախագահ Ռոհանին եւ ԱՄՆ նախագահ Թրամփը: Տեղեկություն է տարածվել, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը մտադիր է հուլիսի 26-ին հանդիպել ՌԴ նախագահ Պուտինին, իսկ Թուրքիայի արտգործնախարար Չավուշողլուն հուլիսի 24-ին մեկնում է Բաքու:

Մինչ այդ էլ Ալիեւը մեկնել էր Ֆրանսիա, ուր հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնին, սակայն ավելի ուշագրավ էր թերեւս այն, որ Ալիեւը հանդիպել էր նաեւ Դեվիդ Ռոտշիլդի հետ՝ Group Rothschild-ի ղեկավարի, համաշխարհային ֆինանսա-բանկային համակարգի գլխավոր դերակատարներից մեկի, եթե ոչ գլխավոր դերակատարի հետ: Ի դեպ հետաքրքիր է նաեւ, որ Ֆրանսիայի ներկայիս նախագահը եղել է Ռոտշիլդների բանկային համակարգի մենեջերներից: Ռոտշիլդի հետ Ալիեւը քննարկել է գործակցությունը խորացնելու եւ ընդլայնելու անհրաժեշտությունը:

Կովկասի ու Մերձավոր Արեւելքի իրողություններում այդօրինակ աշխույժ փոխայցերը արդեն տարիներ շարունակ արտառոց իրողություններ չեն, ըստ այդմ խնդիրն այն է, թե դրանց յուրաքանչյուր առավել աշխույժ փուլ ինչ քաղաքական համատեքստ եւ ընդգրկում է պարունակում:

Միաժամանակ հերթական աշխույժ փուլի համատեքստում է ուշագրավ դիտվում Հայաստանում ռուսական ռազմակայանի շուրջ ստեղծված վիճակն ու դրան Հայաստանի վարչապետի տված քաղաքական գնահատականը՝ սադրանք Հայաստանի ինքնիշխանության ու հայ-ռուսական բարեկամության դեմ:

Իհարկե, այդ քաղաքական գնահատականը չստացավ այսպես ասած «քրեաիրավական» որակավորում, եւ զուտ գերատեսչական հարթությունում միջադեպը կարծես թե պարզաբանված է եւ սպառված, սակայն դա առավել ուշագրավ է դարձնում այն գնահատականը, որ հնչեցրել է Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը, որ թավշյա հեղափոխությունից սկսած, եւ առավել եւս վարչապետի պաշտոնում հայտնվելուց հետո քաղաքական հռետորաբանության առումով չափազանց զգույշ, հայտարարությունների տեսանկյունից բավական բծախնդիր է եղել Ռուսաստանի ուղղությամբ խոսքերում, անգամ հեղափոխական պաթետիկ մթնոլորտում չտրվելով զգայականությանը, մի՞թե կարող էր  զգայականության տրվել Փանիկի միջադեպից հետո եւ անել հապշտապ հայտարարություններ, իր իսկ համար ստեղծելով ավելորդ խնդիրներ:

Հազիվ թե: Ավելին,  այն, որ ռազմակայանի մասին հայտարարությունից հետո հաջորդ օրը ծավալուն մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը արեց մեկ այլ առանցքային հայտարարություն՝ ռեգիոնալ անվտանգության հարցում Ռուսաստանի պատասխանատվության մասին, հայտարարելով, որ Մոսկվան, լինելով գերտերություն, ունի ռեգիոնում պատերազմ փույլ չտալու կարողություն, եւ ինքը չի հավատում, թե չի օգտագործի դա, հուշում է, որ Փանիկի դեպքերի առիթով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը բացարձակապես հեռու է զգայական լինելուց:

Ավելին, այդ հայտարարություններն անակնկալ են գուցե շատերի համար՝ Հայաստանում, նաեւ Ռուսաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում, Իսրայելում, որոնց համար անսպասելի է, երբ Հայաստանը կարող է խնդիր դնել Ռուսաստանի առաջ: Սակայն, որքան էլ տարօրինակ հնչի, դա անսպասելի չէր թերեւս Կրեմլի համար, որը Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն ընդունել է «զարմանալի» զսպվածությամբ, առանց որեւէ կոշտ հակադարձման, ինչպես թավշյա հեղափոխության գործընթացն ամբողջությամբ:

Ընդ որում, հատկանշական է, որ Փաշինյանը փաստացի կապակցել էր Հայաստանի ինքնիշխանությունն ու հայ-ռուսական բարեկամությունը, քանի որ ռեգիոնալ, աշխարհքաղաքական նոր իրողությունների պայմաններում Ռուսաստանի համար Հայաստանի ինքնիշխանությունը կարեւոր խաղաքարտ է, նկատի ունենալով այն, որ սեփական խաղաքարտերի հարցում Մոսկվան վերջին տարիներին բավական մեծ դժվարության մեջ է:

Այդ իմաստով իհարկե Կրեմլը մշտապես երկիմաստ վիճակում է՝ մի կողմից էապես ունի Հայաստանի ինքնիշխան քաղաքականության կարիք, մյուս կողմից ինքնիշխան Հայաստանը դիտարկում է որպես ազդեցության կորուստ: Սա նաեւ հայկական քաղաքական մտքի բարդությունն է՝ Ռուսաստանը դուրս բերել այդ դիլեմայից: Գործնականում, թավշյա հեղափոխության մեկնարկից մինչ այժմ Նիկոլ Փաշինյանը փորձում է լուծել այդ խնդիրը, Մոսկվային հավաստիացնելով, որ արդիականացող, ինքնիշխան կարողությունները բարձրացնող Հայաստանը Ռուսաստանի համար դաշնակից է, ոչ թե «ձեռքից պոկվող թռչուն»:

Այդ հարցում հաջողությունը տպավորիչ չէ, համենայն դեպս առայժմ նկատելի է, ինչով էլ թերեւս պայմանավորված է այն շրջանակների ավելի ու ավելի աշխույժ ջանքը, որոնք փորձում են Հայաստանի նոր իշխանության քաղաքականության հետեւանքով իբրեւ թե հայ-ռուսական հարաբերության լարման տպավորություն թողնել: Այդ աշխույժ փորձերը հուշում են, որ առնվազն մարտավարական իմաստով նոր իշխանությանը, կամ պարզապես Նիկոլ Փաշինյանին հաջողվում է Կրեմլին դուրս դնել այդ դիլեմայից, ունենալով դրա համար մինչ այժմ այդքան պակասող կարեւորագույն գործոնը՝ հանրային լեգիտիմությունը:

Իսկ մասնավորապես ներկայիս աշխույժ փոխայցերի փուլում Հայաստանի ինքնիշխան քաղաքականությունն ու այդ դիրքից Ռուսաստանը ռեգիոնալ անվտանգության ու կայունության համար պատասխանատվության տակ դնելու հստակ դիրքորոշումը խաղաքարտ է ոչ միայն Երեւանի համար, այլ նաեւ Մոսկվայի ձեռքին, թե Նաթանյահուի հետ Պուտինի ու Լավրովի շփումներին, թե Էրդողանի հետ հանդիպմանն ընդառաջ:

Իհարկե, տարիների իրողությունների ֆոնին շատ շատերն են բավական դժվար համակերպվում մտքին, որ Հայաստանը այդ շփումներում Մոսկվայի համար կարող է խաղաքարտ, գործոն լինել, ոչ թե մանրադրամ: Շատերն են վարժվել ու հարմարվել հակառակ ռեժիմին, այդ թվում դրա ընդդիմախոսության կարգավիճակում, բայց թերեւս ստոկհոլմյան սինդրոմի յուրօրինակ նշաններով՝ սիրահոժար «գերի» լինելով իրենց իսկ քննադատած իրողությանը:

Նոր հանգամանքին դեռեւս պետք է հարմարվի նաեւ Մոսկվան, թեեւ դրա առաջին էֆեկտը թերեւս կօգնի Կրեմլին հետագա ավելի արդյունավետ ադապտացիայի հարցում:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache