Լրահոս

Նոր Իսկանդերը Հայաստանի ճանապարհին. Պուտինի ընտրությունը

 

Ռուսական Ինտերֆաքս գործակալությունը հայտնել է տեղեկություն, որ Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկում է նոր Իսկանդերի մատակարարման հարցը: Գործակալությունն այդ վերնագրով տեղեկություն է հրապարակել, որտեղ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հաստատում է, որ Հայաստանը ՌԴ հետ բանակցում է տարբեր զինատեսակների ձեռքբերման վարկի համար: Վիգեն Սարգսյանը չի նշում կոնկրետ զինատեսակ, ասելով, որ քննարկվում է ամենատարբեր սպառազինության մատակարարման վարկային մեխանիզմի հարցը:

Ինտերֆաքս գործակալությունը տեղեկատվության վերնագրում կոնկրետ նշում է Իսկանդերի շուրջ բանակցության հարցը:Արդյոք դա համաձայնեցված է հայկական կողմի հետ, թե՞ հայկական կողմի հանդեպ անբարեխղճություն է, տեղեկատվա-քաղաքական սադրանք: Համենայն դեպս պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառումով հորդորել էր հայաստանյան լրատվամիջոցներին ձեռնպահ մնալ փաստացի տեղեկատվությանը չհամապատասխանող վերնագրի վերարտադրությունից:Մյուս կողմից, պաշտպանության նախարարությունը գուցե այդպիսով ընդամենը տեղեկատվա-քաղաքական ապահովագրության քայլ էր անում, մի կողմից տեղեկատվական տիրույթ բաց թողնելով Իսկանդերի նոր հաշվարկի շուրջ բանակցությունը, մյուս կողմից ընդգծելով, որ չի եղել այդ մասին որեւէ պաշտոնական հայտարարություն:Բացառված չէ, որ խոսքն այս դեպքում առնչվում է հայ-ռուսական տեղեկատվա-քաղաքական մանեւրին, որը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ Անկարա է այցելում ՌԴ նախագահ Պուտինը, որտեղ նա առանձին հանդիպում է ունենում Էրդողանի հետ, իսկ հետո եռակողմ հանդիպում Իրան-Թուրքիա-Ռուսաստան ֆորմատով:Ուշագրավ է, որ Թուրքիա մեկնող Պուտինը դրան զուգահեռ նաեւ մկան ցուցադրեց Հայաստանում ռուսական ռազմական ներկայության միջոցով:

Ապրիլի 2-ին հայտարարվեց, որ Ալագյազ զորավարժարանում մեկնարկել է ՌԴ հարավային ռազմական օկրուգի բավական ծավալուն զորավարժությունը, 300 միավոր տեխնիկայի, այդ թվում ՀՕՊ համակարգի եւ ավիացիայի գործադրմամբ:Դրան զուգահեռ փաստորեն տեղեկատվական տիրույթում է հայտնվում Իսկանդերի մասին տեղեկությունը, նախ հայկական մեդիադաշտում, իսկ հետո նաեւ ռուսական՝ այստեղ արդեն կիսապաշտոնական բնույթով:Բանն այն է, որ Հայաստանի նոր Իսկանդերը խոշոր հաշվով արդեն ոչ այնքան Ադրբեջանի «համար» է, կամ արդեն ոչ միայն Ադրբեջանի «համար», այլ նաեւ Թուրքիայի, նվազագույնը տեսականում: Խնդիրը անշուշտ պետք չէ դիտարկել այն համատեքստում, թե Հայաստանն Իսկանդերով կհարվածի Թուրքիային: Իսկանդերը օպերատիվ-մարտավարական նշանակության բացառիկ հրթիռատեսակ է, իսկ այդպիսի սպառազինությունը նախ եւ առաջ պարունակում է նաեւ քաղաքական մեսիջներ, ունի քաղաքական նշանակություն եւ պատահական չէ, որ դրա մատակարարումը կամ տեղակայումը պահանջում է ոչ միայն զուտ ռազմա-տեխնիկական գործակցություն, այլ նաեւ ռազմա-քաղաքական խորհրդակցությունների բարդ համակարգ:

Այդ տեսանկյունից ուշագրավ է, որ Պուտինի Թուրքիա ճանապարհին հայկական եւ ռուսական մեդիայով տարածվեց տեղեկատություն, որ Հայաստանի «ճանապարհին» են Իսկանդերի նոր հաշվարկներ: Ո՞րն է դրա հաշվարկը՝ խաղաքարտ կամ մահակ Պուտինի ձեռքին Թուրքիայում բանակցության համա՞ր: Կա՞ գործընթաց իրականում, թե ոչ: Եթե այո, ապա ինչու՞ է հայկական կողմի համար առաջացել Իսկանդերի խմբաքանակը համալրելու անհրաժեշտություն, եւ արդյոք դա իսկապես Թուրքիայի համար է, «ի դեմս» Նախիջեւանի, որտեղ Հայաստանը գործ ունի ոչ միայն Ադրբեջանի, այլ նաեւ Թուրքիայի հետ:Թե՞ Երեւանը փորձում է օգտագործել հնարավորությունները, որ առաջացրել է նոր աշխարհքաղաքական իրավիճակը եւ որը առավել արդյունավետ օգտագործելու անհրաժեշտության մասին Սերժ Սարգսյանը տարեսկզբին հայտարարել էր ԱԳՆ-ում ելույթի ընթացքում:Ի վերջո, նոր իրողությունները Երեւանին տվել են նաեւ Ռուսաստանի հետ հարաբերության բովանդակության փոփոխության հնարավորություն, որն այժմ փորձ է արվում «անշրջելի» դարձնել նաեւ Իսկանդերի միջոցով:

Ընդ որում, պետք չէ բացառել նաեւ, որ այստեղ խնդիր ունի նաեւ Պուտինը: Նա կանգնած է Ռուսաստանում իր իշխանության կառուցվածքը եւ բաղադրությունը ներքին վերափոխումների ենթարկելու սուր անհրաժեշտության առաջ, եւ այստեղ կարող է շոշափելի լինել Հայաստանի դերը, նկատի ունենալով այն կարեւորագույն նշանակությունը, որ ռեգիոնալ լայն քաղաքականության տեսանկյունից ունի Հայաստանը մի շարք գործոնների բերումով:Իսկանդերը ոչ միայն Հայաստանի անվտանգության եւ անկախության որոշակի նշաձող է, այլ նաեւ գուցե դրա շնորհիվ Ռուսաստանի ներսում եւ արտաքին քաղաքականության եղած հարաբերությունների կառուցվածքում Պուտինի անկախությունը մի շարք պարտավորություններից, առանց որի նա գործնականում անկարող է լինելու կատարել նոր ժամկետում իր դերը եւ վերափոխել ռուսական իշխանության կառուցվածքը: Իսկ առանց դրա Պուտինը կկանգնի աշխարհքաղաքական նոր աղետի՝ Ռուսաստանի փլուզման չափազանց իրական վտանգի առաջ:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing