Նոր կառավարությունը խոստանում է սկանդալային բացահայտումներ ու պատիժներ

166

armlur.am — Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն իր բացահայտումները սկսեց նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի եւ իր թիմի անվան հետ կապվող ընկերությունից: Մասնավորապես խոսքը «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ-ի մասին է, որտեղ, ըստ ԱԱԾ-ի, բացահայտվել է հանցավոր սխեմա: Ըստ պաշտոնական հաղորդագրության` ՀՀ-ում գործող խոշոր ընկերությունը չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց: Կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում կալանավորվել է «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության տնօրեն Արթուր Ունանյանը: Ունանյանի նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր կամ հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր չներկայացնելու կամ նշված փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով»։

Հատկանշական է, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը  խորհրդարանում 2017 թվականի բյուջեի նախագծի կատարողականի քննարկման ժամանակ` այս ընկերության մասին խոսելիս, բավական մեղմ գտնվեց: Նա ասաց, թե «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ-ն նախկինի համեմատ ավելի թափանցիկ իրավիճակ է ստեղծել իր գործունեությամբ: ՊԵԿ նախագահը, սակայն, ձեռնպահ մնաց գնահատական տալ՝ նշյալ ընկերությունը հարկեր թաքցրել է, թե ոչ, քանի որ քննություն է ընթանում: «Ես հիմա չեմ ասի, թե ընկերությունն իր գործունեությամբ հարկեր է թաքցրել, հարկային ստուգման հայտարարագիր կար, մենք այն կասեցրել ենք, ԱԱԾ-ի գործողություններից հետո կշարունակենք կամ գուցե այդ շրջանակում վերսկսենք ստուգումը: Ես թերեւս ձեռնպահ կմնամ ասել՝ հարկեր թաքցվել են, թե ոչ, քննություն է ընթանում, որը կպարզի»,-նշեց Անանյանը:

Նրա խոսքով՝ «Նորֆոլկ» ընկերության ստեղծմամբ առաջին անգամ փորձ է արվել կիլոգրամով մաքսազերծում իրականացվող բեռները փաստաթղթավորել և ըստ տեսականու տրամադրել փաստաթղթեր, որոնք շրջանառության հարկով հարկման դեպքում համարվում էին ձեռքբերումը հիմնավորող փաստաթղթեր: Ավելին` Անանյանը կարծես թե ամեն կերպ փորձում էր համոզել, որ այս ոլորտում մենաշնորհն ավելի լավ էր, քան մի քանի ընկերություն ունենալը: «Այն գործառույթը, որ իրականացնում էր «Նորֆոլկը», նախկինից ժառանգված մութ ու գաղտնի եւ կոռուպցիոն ռիսկերով թաթախված իրավիճակի շտկման նպատակադրումն է ունեցել»,-նշեց նա:

Նկատենք, որ ՀՀ Քրեական օրենսգրքով հարկերից խուսափելու համար քրեական պատիժ է նախատեսված: Սակայն օրենսդրությունը հնարավորություն է ստեղծել չվճարված գումարները վերադարձնելու դեպքում խուսափել քրեական պատասխանատվությունից: Այդ կարգավորումներն ամրագրված են ՀՀ Քրեական օրենսգրքի 205 հոդվածում (Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը): Մասնավորապես այդ հոդվածի կետերում ներառված է խոշոր եւ առանձնապես խոշոր չափերի եզրույթները, որով էլ կանոնակարգվում են պատիժները:

«1. Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ կամ հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր չներկայացնելու կամ նշված փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով, որը կատարվել է խոշոր չափերով, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով, պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:

3. Սույն հոդվածում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից տասնհինգհազարապատիկը չգերազանցող գումարը, իսկ առանձնապես խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգհազարապատիկը գերազանցող գումարը»:

Միեւնույն ժամանակ այդ հոդվածի հատկանիշներով նախատեսված արարքներ կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա հատուցում է հանցագործությամբ պատճառված վնասը և հաշվարկված տույժերն ու տուգանքները:

Հիմա չի բացառվում, որ «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ շուրջ ստեղծված աղմուկը հանգուցալուծվի հենց այս ճանապարհով, առավել եւս, երբ այս ընկերության տնօրենը մեծ ունեցվածքի տեր է եւ կարող է վերադարձնել գումարները: Բայց այդ դեպքում անհասկանալի է հարուցված քրեական գործի շրջանակներում ընկերության ղեկավարի կալանավորումը, եթե կարելի էր խնդիրը լուծել գումարները վերադարձնելու ճանապարհով:
Իսկ մինչ այդ նոր կառավարությունը խոստանում է սկանդալային բացահայտումներ ու պատիժներ, եթե նախազգուշացումներից հետո խոշոր տնտեսվարողները չվերանայեն իրենց գործելաոճն ու չփորձեն հարկային դաշտում գործել:

Ըստ այդմ` ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել էր արդեն խոշոր առեւտրի կենտրոններում՝ սուպերմարկետներում, սկսված ստուգումներին, որտեղ խնդիրներ կան ՀԴՄ-ների հետ կապված: «Մենք ուղղակի ասել ենք, որ նախկին համաձայնությունները չեն գործում, և շատ արագ պետք է վերադառնալ օրենքի շրջանակներում ՀԴՄ-ների տրամադրման պրոցեսին։ Մի քանի օր ժամանակ ենք նրանց տվել, որ ծրագրային իրենց խնդիրները կարգավորեն»,- ասել էր Անանյանը:

Սուպերմարկետներում սկսված ստուգումներին լրագրողների հետ զրույցում անդրադարձել էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով. «Ես բոլորին կոչ եմ անում, որ լրջանան եւ պետության նկատմամբ իրենց պարտավորությունները կատարեն անմնացորդ։ Բոլորն ազատված են կոռուպցիոն պարտավորություններից, ես սա ասում եմ միանշանակ, բայց ոչ ոք չմտածի, թե կարող է պետությանը խաբել»։ Վարչապետը կոչ արեց կամավոր գալ հարկային դաշտ, վերահաշվարկել նախկինում չվճարված հարկերը, որպեսզի դա չանի ԱԱԾ-ն։

Նշենք, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն` վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարների հետ հանդիպման ժամանակ էլ ասել է, թե տարիներ շարունակ նախորդ իշխանությունների սահմանած խաղի կանոնները փոխվել են՝ ինքը չի պահանջելու «սեւ դրամարկղին վճարումներ», ինչ-որ ստվերային գումարներ, բայց գործարարներից պահանջում է գործել հարկային դաշտում` չթաքցնելով իրական թվերը, հակառակ դեպքում պատիժն անխուսափելի կլինի: Ասում են՝ գործարարներից շատերը թեթեւացած շունչ են քաշել, քանի որ նրանց էլ է ձեռնտու հարկային դաշտում գործելը, դա շատ ավելի քիչ ծախս է, քան այսուայնտեղ երկրի ղեկավարի պահանջով «գումար մուծվելը», «հարց լուծելը»:

Նաիրա Հովհաննիսյան



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache