Լրահոս

Նոր մանրամասներ՝ Գեղարքունիքի փոխմարզպետի որդու սպանությունից

 

img_20141120171124_991-thumb

Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու՝ 29-ամյա Հայկ Հակոբյանի սպանությունը կապ չունի քրեական հեղինակությունների վեճի հետ: Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը՝ հավելելով, որ ինքը որևէ բանից տեղյակ չէ, սպանվածի հորը դեռ չի տեսել, շփվում է սպանության դեպքը քննող ոստիկանների հետ:

Թե վեճի պատճառը որն է եղել, որի արդյունքում սպանվել է փոխմարզպետի երիտասարդ որդին, մարզպետը դժվարացավ ասել:

Նշենք, որ այսօր ցերեկը ժամը 12,30-ի սահմաններում Գավառ քաղաքի Ազատության փողոցում գլխին ստացած հրազենային վնասվածքից մահացել է Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ, 29-ամյա Հայկ Հակոբյանը, ով Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի տղան է:

Ըստ Shamshyan.com-ի՝ սպանված Հայկ Հակոբյանը հանցագործ աշխարհի ներկայացուցիչ համարվող Նորատուսցի եղբայրներ Ալիկ և Արա Բանդուրյանների քեռու տղան էր։

Հիշեցնենք, որ այս եղբայրների անունը շրջանառվում է անցյալ տարվա նոյեմբերի 13-ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով:  Այդ օրը գեղեցկության սրահում կրակոցներ էին հնչել, որի հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից սպանվել էին Երևանի բնակիչներ, 25-ամյա Գևորգ Ավետիսյանը և Մուշեղ Մուշեղյանը, ևս մեկ անձ՝ Արամ Պետրոսյանը, հրազենային վնասվածք է ստացել կրծքավանդակի աջ հատվածում:

Սույն գործով մեղադրանք է առաջադրվել հինգ անձի՝ այդ թվում քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկին՝ սպանության դրդելու համար:

Ըստ Shamshyan.com-ի՝ Հայկ Հակոբյանը կրիմինալ պատմությունների մեջ չի հայտնվել և քրեական անցյալ չի ունեցել: 29-ամյա երիտասարդի սպանության վայրում  ոստիկանները հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակից կրակված 7 պարկուճ։ Փաստի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.-օրի 104 հոդվածի 1-ին մասի /սպանություն/ և 235 հոդվածի 1-ին մասի /ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը/ հատկանիշով։


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing