Լրահոս

Նոր «մեղրամիս» Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ

 

Serj_Aliev

aravot.am-ը գրում է.  Մոսկվան ապացուցում է, որ ՀՀ-ի հետ ռազմավարական հարաբերությունները գրոշի արժեք չունեն

Քառօրյա պատերազմից 10 օր անց Երեւանում Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Չեկալինը վստահեցրեց, թե համատեղ հայտարարություն չընդունելու պատճառն ընթացակարգային է, մշակված տեքստը պետք է նախ համաձայնեցնեն խորհրդարանի մյուս հանձնաժողովների հետ։ Մեկ ամսից ավելի է անցել այդ օրից, սակայն Հայաստանի եւ Ռուսաստանի խորհրդարանների պաշտպանության հանձնաժողովներն այդպես էլ հայտարարություն չընդունեցին։ Թե այդ ինչը չի հաջողվում մեկուկես ամիս համաձայնեցնել` կարող են իրենց հարց տալ նրանք, որոնք նախընտրում են ինքնախաբեությամբ զբաղվել:

Փաստորեն, պաշտոնական Երեւանին չի հաջողվում ոչ միայն ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի շրջանակներում ի պաշտպանություն Հայաստանի որեւէ հայանպաստ հայտարարություն ստանալ, այլեւ նույն խնդիրն է հայ-ռուսական հարաբերություններում: Իհարկե, չի կարելի բացառել, որ ի վերջո մի լղոզված, ոչինչ չասող հայտարարություն էլ ընդունվի, բայց, հավանաբար, գործը դրան էլ չի հասնի: Պարզ է արդեն, որ հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում նույնիսկ չի կարող ԼՂ խնդրին ինչ-որ կերպ առնչվող մի հայտարարություն ընդունվել, որը հնարավոր է՝ բարկացնի Ալիեւին:

Մոսկվան չի կարող թույլ տալ նման շքեղություն իրեն: Չէ՞ որ վերջին շրջանում Ռուսաստանը շարունակաբար փորձեր է անում ապացուցելու Ալիեւին, թե որքան արժեքավոր են Մոսկվայի համար Ադրբեջանի հետ հարաբերությունները: Ռուս-ադրբեջանական հարաբերությունները ապրիլյան պատերազմից հետո, կարծես, նոր քննություն են անցնում: Ռուսները կրկին լրացուցիչ անգամ փորձում են ապացուցել ադրբեջանական կողմին, որ Հայաստանի հետ ռազմավարական հարաբերությունները գրոշի արժեք չունեն:

Պուտինը` ՌԴ-ի եւ Ադրբեջանի «եղբայրական ժողովուրդների շահերի» մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օրերս շնորհավորական նամակ էր հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին՝ կապված Հանրապետության օրվա հետ, որում չէր խնայել ջերմ խոսքեր. «Համընդհանուր հայտնի են Ադրբեջանի ձեռքբերումները սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական եւ այլ ոլորտներում: Ձեր երկիրը իրավամբ բարձր հեղինակություն է վայելում միջազգային ասպարեզում: Ռուս-ադրբեջանական հարաբերությունները, որոնք հենված են բարեկամության ու բարիդրացիության վաղեմի ավանդույթների վրա, գտնվում են բարձր մակարդակի վրա: Հաստատվել է բովանդակալից քաղաքական երկխոսություն, ընդլայնվել է փոխշահավետ համագործակցություն տարբեր ուղղություններով: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կապահովենք երկկողմ կապերի ողջ համալիրի, ինչպես նաեւ գործընկերային փոխգործակցության հետագա ընդլայնումը տարածաշրջանային ու միջազգային օրակարգի այժմեական խնդիրների լուծման հարցում: Դա համապատասխանում է մեր երկրների եղբայրական ժողովուրդների արմատական շահերին»:

Մի ուշագրավ փաստ. Պուտինի հեռագիրը ադրբեջանական կայքերում հրապարակվել է մայիսի 25-ին, եւ ըստ ԱՊԱ գործակալության` «եղբայրական ժողովուրդների արմատական շահերի» ձեւակերպմամբ, իսկ մայիսի 28-ի Կրեմլի պաշտոնական էջում հրապարակվել է հեռագրի վերաշարադրված ավելի փոքր տարբերակը, որից «եղբայրական» բառը դուրս է մնացել, հավանաբար՝ հայերի զայրույթը անտեղի չգրգռելու համար: Թեեւ նկատենք, որ «երկու ժողովուրդների միջեւ եղբայրական հարաբերությունների» մասին Պուտինն առաջին անգամ չէ խոսում: Ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա ընդլայնումն, այսպիսով, տարածաշրջանային խնդիրների լուծման հարցում համապատասխանում է ՌԴ-ի եւ Ադրբեջանի «եղբայրական ժողովուրդների շահերին»: Իսկ այն, որ Ադրբեջանը, Պուտինի պատկերացմամբ, «բարձր հեղինակություն է վայելում միջազգային ասպարեզում», ինչպես ասում են` ճաշակի հարց է:

Զինող միջնորդը` Հայաստանի գործընկեր

Մոսկվայի եւ Բաքվի միջեւ հարաբերություններում ջերմության մի արտահայտություն էր օրերս Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինի ելույթն ուսանողների հետ հանդիպմանը: Նա վստահեցրել է, որ Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ տեղի ունեցող դեպքերը բացասաբար չեն ազդում ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա. «Մեր համագործակցությունն անցել է փորձությունը: Ադրբեջանում իմ բարձրաստիճան զրուցակիցներից մեկն ինձ ասել է, որ «մենք ձեզանից շատ ենք ապրումներ ունենում նրա համար, ինչ տեղի է ունենում ռուս-թուրքական հարաբերություններում: Կարծում եմ՝ նա չի չափազանցել: Ադրբեջանի համար ոչ միայն զգացական առումով է ցավալի տեսնել կոնֆլիկտ իրեն մոտ երկու երկրների միջեւ, այլեւ նա պետք է մշակի գործնական ճիշտ քայլեր: Ձեզանից նրանք, ովքեր պատմություն են սերտել, գիտեն, որ ռուս-թուրքական հարաբերությունները մշտապես բարդ են դասավորվել, եղել են մի քանի պատերազմներ: Ճիշտ է՝ հետագայում մշտապես հաշտվել ենք: Հուսով եմ, որ դա տեղի կունենա նաեւ այս անգամ: Քայլը թուրքական կողմինն է: Նա գիտի, թե ինչ է պետք անել»:

Հավելենք նաեւ, որ օրերս Պուտինն էլ իր հերթին է անդրադարձել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը` նշելով, որ ՌԴ-ն ցանկանում է վերականգնել Թուրքիայի հետ հարաբերությունները: Նա ասել էր, թե ՌԴ-ն Սիրիայում կռվում է ոչ թե կանոնավոր բանակի, այլ ահաբեկչական խմբավորումների դեմ. «Իհարկե, մենք չենք մտածել այն մասին, որ թուրքական կործանիչը կարող է հարված հասցնել մեր խոցման համար անպաշտպան կործանիչին: Մենք չէինք պատրաստվում կռվել Թուրքիայի դեմ եւ թուրքական զինված ուժերի դեմ: Հակառակ դեպքում մենք կգործեինք այլ կերպ եւ այլ միջոցներով: Հուսով եմ, որ բանը դրան չի հասնի»: Պուտինի խոսքով` ՌԴ-ն Թուրքիայից ներողության, ինչպես նաեւ վնասը փոխհատուցելու պատրաստակամության վերաբերյալ հայտարարություն չի լսել. «Մենք լսել ենք հայտարարություն հարաբերությունների վերականգնման ցանկության մասին: Մենք նույնպես ցանկանում ենք վերականգնել հարաբերությունները: Դա մենք չենք փչացրել: Ինչի համար է դա արվել՝ ես մինչեւ այժմ չեմ հասկանում»: Ըստ Պուտինի` հարաբերությունների վերականգնման մասին Անկարայի հայտարարությունից բացի՝ անհրաժեշտ է նաեւ դրա համար ինչ-որ բան անել:

Այնուհետեւ Դորոխինն իր պարտքն է համարել բացատրել, որ Մոսկվան բարեկամություն չի անում Ադրբեջանի հետ ընդդեմ Հայաստանի: «Հայաստանը որոշել է դառնալ Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակիցը, մեր երկրի հետ մտել է տնտեսական խորը ինտեգրման մեջ: Ադրբեջանն ընտրել է այլ մոդել՝ առանց ռազմաքաղաքական ու տնտեսական պարտավորությունների: Մենք հարգում ենք երկու ընտրություններն էլ: Մենք չենք հակադրում այդ երկրներին: Մոսկվան բարեկամություն չի անում Ադրբեջանի հետ ընդդեմ Հայաստանի եւ հակառակը: Դա նաեւ վերաբերում է Ռուսաստանում երկու երկրների սփյուռքին: Չենք ցանկանում, որ Ռուսաստանը վերածվի այնպիսի վայրի, որտեղ հայերը ու ադրբեջանցիները հաշիվներ կմաքրեն ինչ-ինչ վիրավորանքների պատճառով: Դրան է ուղղված մեր ողջ պետական քաղաքականությունը: Իսկ երբ ասում են, թե Ռուսաստանն ավելի վատ է վերաբերվում ադրբեջանցիներին, քան հայերին, դրանք միայն զգացմունքներ են: Հուսով եմ, որ դրանք ամեն դեպքում կանցնեն»,- ասել է դեսպանը:

Ապա Դորոխինն անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորմանը` նշելով. «Սխալվում է նա, ով ասում է, թե Ռուսաստանը կարող է հակամարտությունը կարգավորել 15 կամ 20 րոպեի ընթացքում: Ռուսաստանը միայն կարող է միջնորդ լինել: Կողմերից մեկի վրա ցանկացած ճնշմամբ չես հասնի անհրաժեշտ արդյունքի: Հիմքում պետք է ընկած լինի վստահությունը, եւ դա կարող են ստեղծել միայն ձեր երկրները»,- ասել է դեսպանը: Նա հավելել է, որ ապրիլի սկզբի իրադարձությունները եւս մեկ անգամ ցույց տվեցին, թե որքան վտանգավոր է պահպանվող իրավիճակը. «Է՛լ ավելի ակնհայտ դարձավ, որ խելամիտ լուծումը միայն մեկն է՝ խաղաղ ճանապարհով: Հակամարտող կողմերն ու միջազգային հանրությունը պետք է ճիշտ եզրակացություններ կատարեն: Ռուսաստանը նույնպես իր եզրակացություններն է կատարում: Նա ընդլայնելու է միջնորդական ջանքերը»:

Ռուսաստանը միայն կարող է միջնորդ լինել եւ չի կարող ճնշել Ալիեւին, որպեսզի վերջինս վերջ տա իր ագրեսիվ պահվածքին, այլ կերպ ասած` սա է եղել ռուս դիվանագետի ուղերձը: Իսկ, օրինակ, Ալիեւին զինել ռուսական կողմը «միշտ պատրաստ» է: Ահա այսպիսին է Ադրբեջանին զինող միջնորդ Ռուսաստանը: Մոսկվան առիթը բաց չի թողնում՝ ապացուցելու, որ Հայաստանը ՌԴ-ի գործընկերն է, Երեւանի հետ գործընկերային հարաբերություններ են, իսկ Բաքվի հետ` ռազմավարական համագործակցություն: Ադրբեջանը ՌԴ-ի համար այնպիսի գործընկեր չէ, ինչպիսին Հայաստանը, թեեւ Հայաստանը ՌԴ-ի հետ ռազմաքաղաքական միության մեջ է, փոխգործակցության համաձայնագրային պարտավորություններ կան: Սա փաստ է, որի հետ պետք է հաշվի նստել` առանց ընկճվելու ու բարդույթավորվելու, որովհետեւ ոչինչ չի խանգարում, որպեսզի պաշտոնական Երեւանը գործընկերային հարաբերությունները Մոսկվայի հետ հասցնի մի մակարդակի, որը չվնասի Հայաստանի ու Արցախի շահերին: Դա մեր փոխարեն Կրեմլը չի անելու:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2016/06/01/699017/

© 1998 — 2016 Առավոտ – Լուրեր Հայաստանից

 

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...