Նոր մեկնարկ

61

lragir.am — Հայտնի է դարձել, որ Հայաստանի երեք նախագահները չեն մասնակցելու Անկախության օրվա տոնակատարությանը: Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակը պատճառը չի նշել, իսկ մյուս երկուսի դեպքում ամեն ինչ պարզ է: Նրանք էլ պատճառ չեն նշել, բայց Շարմազանովն ասել է, որ Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին անվանել է քաղաքական դիակներ:

Մյուս կողմից, երեք նախագահների չմասնակցությունը խիստ հատկանշական է: Նրանց գործունեության շրջանում Հայաստանի ինքնիշխանությունը սահմանափակվել է ոչ միայն քաղաքական ու տնտեսական որոշումներով, այլեւ արժեքային-հոգեբանական: Երեքին էլ բնորոշ է եղել մեր ժողովրդի ուժերն ու կարողություններն անտեսելու, արտաքին հովանավոր ունենալու, ոտքերը վերմակի չափով մեկնելու կենսափիլիսոփայությունը:

Նրանց օրոք հետեւողականորեն ոչնչացվեցին իշխանության ձեւավորման Սահմանադրական մեխանիզմները, Սահմանադրական պետականությունը նենգափոխվեց նախ ռազմական օլիգարխիայի, ապա քրեական օլիգարխիայի իշխանությամբ, որի բազան համակարգային կոռուպցիան էր, իսկ «գաղափարաբանությունը»՝ կոլաբորացիոնիզմը:

Երկրի ներքին ու արտաքին քաղաքականությունն արդեն իսկ ենթարկված էր այս տրամաբանությանը: Զուր չէ, որ երեք նախագահներն էլ կողմ էին արտահայտվում Ղարաբաղը «խաղաղ հանձնելուն»: Ղարաբաղը պարզապես Հայաստանի մի մասը չէ, Ղարաբաղը Հայաստանի անկախության երաշխավորն է, եւ Հայաստանը անկախ պետություն է, քանի դեռ Ղարաբաղում կանգնած է հայկական բանակը:

Ղարաբաղը Ադրբեջանից չէ, որ անկախացել է՝ դա շատ մանր խնդիր է ահռելի աշխարհքաղաքական զարգացումներում: Ղարաբաղն անկախացել էր կայսրությունից, եւ Ղարաբաղում հայկական հաղթանակը Հայաստանի անկախության ու աշխարհքաղաքական դերի ամրագրումն էր, առանց որի անիմաստ է որեւէ պետության գոյությունը:

Ի դեպ, ապրիլյան հեղափոխությունն էլ միայն Սերժ Սարգսյանին հեռացնելոի համար չէր՝ դա շատ մանր խնդիր էր հարյուր հազարավոր մարդկանց՝ փողոցները հեղեղելու համեմատ՝ հայ ժողովուրդը լուծում էր շատ ավելի խորքային խնդիր:

Երեք տասնամյակ Ղարաբաղի հաղթանակը պարզապես մսխվել էր, դարձել ալիբի ու մոնիպուլյացիաների առարկա քրեական խմբավորումների համար, նսեմացնելով ու պարզունականացնելով նրա իրական արժեքը:

Անկախությունը ազատություն է, արժանապատվություն ու պատասխանատվություն: Դրան հակացուցված է ողջ այն արժեքային համակարգը, որը խրախուսվում էր նախորդ ռեժիմների օրոք եւ որը հանգում էր համայնքային-ծիսական գոյակերպին, որտեղ արդեն արդարացվում էր գողությունը, երկրի շահերը, տարածքներն ու ինքնիշխան որոշումների իրավունքը արտաքին հովանավորին հանձնելը:

Զուր չէ, որ հին համակարգի մնացորդները մոբիլիզացվել են անկախության ու ինքնիշխան որոշումներին ուղղված ներկայիս կառավարության քաղաքականության դեմ: Ընդ որում, արտաքին հովանավորների միջամտության հույսով:

Նոր Հայաստանը խնդիր ունի վերականգնել արժեքներն ու իմաստները, կերտել ու խրախուսել իրավունքի ու պատասխանատվության գիտակցությամբ քաղաքացուն: Ապրիլյան հեղափոխությունը դրա մեկնարկն է, ու դրա պատասխանատվությունը կրում են բոլորը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache