Նոր նախագահություն, տհաճ ու սկանդալային միջադեպերի շքերթ Ալիևի գլխին

0

hayeli.am — Ադրբեջանի խորհրդարանում ապրիլի 18-ին կայացավ Իլհամ Ալիևի երդմնակալության արարողությունը: Պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո Ալիևին նոր անակնկալներ էին սպասում:

The Guardian թերթը Ադրբեջանի նախագահական ընտանիքի՝ Ադրբեջանի ժողովրդից թալանած միլիարդների միջոցով Դուբայում ձեռք բերված ունեցվածքի վերաբերյալ նոր տեղեկություններ հրապարակեց: Հոդվածի հեղինակ Ջուլիետ Գարսիդը գրում է, որ Դուբայի Կումերյա պալմա արհեստական կղզու վրա գտնվող Սոֆիտել հյուրանոցային համալիրը, որի սեփականատերերի անունը խնամքով թաքցվում է պատկանում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստրերին՝ Լեյլա և Արզու Ալիևաներին:

Կազմակերպված հանցագործության և կաշառակերության լուսաբանման նախագծի (Organized Crime and Corruption Reporting Project) տեղեկությունների համաձայն՝ Սոֆիտելի շենքը պատկանում է Դուբայում գրանցված և գործունեություն ծավալող Սահարա FZCO անունով ընկերությանը, որն ըստ անանուն աղբյուրների պատկանում է Ալիևի դուստրերին: Տեղեկության համաձայն՝ ալիևյան ընտանիքին պատկանող Սահարա ընկերությանը բացի Սոֆիտել հյուրանոցային համալիրից պատկանում են նաև Կումերյա կղզու տարբեր հատվածներում գտնվող 16 թանկարժեք վիլլաներ, որոնց միջին արժեքը կազմում է 2 մլն դոլար: Աղբյուրը հաղորդում է, որ Կումերյա կղզում ալիևյան ընտանիքին պատկանող ընդհանուր անշարժ գույքի արժեքը կազմում է մոտ 70 մլն դոլար: Կազմակերպված հանցագործության և կաշառակերության լուսաբանման նախագծի (Organized Crime and Corruption Reporting Project) հաղորդմամբ՝ բոլոր ներդրումները կատարվել են Մալթայում գործող Պիլատուս բանկի միջոցով, որը նույնպես պատկանում Է Իլհամ Ալիևի ընտանիքին:

Այս ընթացքում միջազգային մամուլում ժամանակ առ ժամանակ լրագրողական հետազոտությունների արդյունքներով հրապարակումներ են արվել Ադրբեջանում, տարբեր երկրներում, արտասահմանյան և տեղական ընկերություններում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի անդամների ձեռք բերած միլիարդավոր դոլարների հասնող ունեցվածքի մասին: Մալթացի լրագրող Դաֆնա Գալիցիան Pilatus բանկի վերաբերյալ հոդվածում հայտնել էր, որ Բանկի դեպոզիտների 60 տոկոսը պատկանում են Ադրբեջանի ալիևյան նախագահական ընտանիքին և Ադրբեջանի Արտակարգ իրավիճակների նախարար, ալիևյան կլանի ներկայացուցիչ Քեմալադդին Հեյդարովին: Լրագրողը նաև տեղեկացրել էր, որ Pilatus բանկի միջոցով 1 մլն դոլար է փոխանցվել Մալթայի վարչապետ Ժոզեֆ Մուսկատի կնոջը պատկանող ընկերությանը:

Սա դեռ ամենը չէ: Մի քանի օր առաջ ԵԽԽՎ-ն ընդունել է իր պատգամավորների և Ադրբեջանի իշխանությունների միջև կոռուպցիոն գործարքների վերաբերյալ զեկույցը: ԵԽԽՎ լիագումար նիստում ապրիլի 26-ին բուռն քննարկումներից հետո ընդունվել է կոռուպցիոն գործարքների վերաբերյալ անկախ հետաքննչական մարմնի կողմից ներկայացված 219 էջանոց զեկույցը: ԵԽԽՎ պատգամավորների հետ կոռուպցիոն սկանդալների մեջ ներքաշված գլխավոր ֆիգուրները Ադրբեջանի իշխանություններն են:

Փաստաթուղթը վերաբերում է ԵԽԽՎ մի շարք պատգամավորների համակարգված կաշառակերությանը, երբ նրանք կոնկրետ երկրների շահերից բխող գործունեություն ծավալելու և քվեարկելու դիմաց ստացել են գումարներ և նվերներ: Ամենաառատաձեռն կաշառքները ԵԽԽՎ պատգամավորները ստացել են Ադրբեջանից (հազարավոր դոլարներ, թանկարժեք նվերներ, շքեղ հյուրանոցներում անբարո ծառայություններ մատուցող աղջիկների ուղեկցությամբ ժամանց և այլն):

ԵԽԽՎ բյուրոն 2017թ. հունվարի 27-ին որոշում էր կայացրել ԵԽԽՎ-ում անցկացնել կոռուպցիոն գործարքների վերաբերյալ անկախ հետաքննություն: 2017թ. մայիսի 29-ին բյուրոն նշանակել էր քննչական խմբի երեք անդամներ՝ նախկին դատավոր ՄԻԵԴ-ի նախկին նախագահ Նիկոլաս Բրատզը (Մեծ Բրիտանիա), Ֆրանսիայի նախկին դատավոր Ժան Լուի Բրիեգերին և նախկին ՄԻԵԴ-ի դատավոր Էլիզաբեթ Ֆուրան (Շվեդիա): Հետաքննչական խումբը առանձնացրել էր ԵԽԽՎ 17 պաշտոնյայի, որոնք ներգրավված են եղել համակարգված կոռուպցիայի մեջ: Հետաքննչական խումբը 9 ամիս տևած աշխատանքներից հետո ներկայացրել է քննության արդյունքները:

Օրերս նաև տեղեկություն ստացվեց, որ Ալիևն իր ընտանիքի կոռուպցիոն գործարքների բացահայտումը կանխելու նպատակով մեկնել է Մեծ Բրիտանիա: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը: Ադրբեջանական ընդդիմադիր մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Իլհամ Ալիևի այցը պայմանավորված է նրա ընտանիքի անդամների կողմից անընդհատ իրականացվող կոռուպցիոն գործարքների շուրջ սկսված միջազգային ուսումնասիրություններով: Ալիևը Մեծ Բրիտանիա կատարած այցի շրջանակներում հանդիպել է բրիտանական կառավարության առանցքային պաշտոնյաների հետ: Հաղորդման համաձայն՝ Ալիևը փորձում է փրկել իրավիճակը և ամեն գնով ծածկել իր ընտանիքի շարունակական չարաշահումները:

Բացի այդ, ՄԻԵԴ-ն Ադրբեջանի վերաբերյալ 3 նոր վճիռներ է հրապարակել: Վճիռներից մեկը կապված է ադրբեջանցի փաստաբաններ Աննագի Գաջիբեյլին և Ինտիգամ Ալիևին անօրինաբար փաստաբանների ասոցիացիայից հեռացնելու, մյուսը՝ 2013 թ. ձերբակալված մարդու իրավունքների պաշտպան Անար Մամեդլիի գործի հետ։ ՄԻԵԴ վճիռներով Ադրբեջանը տուգանվել է մոտ 40 հազար եվրոյի չափով:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache