Լրահոս

Նոր պատերազմի սցենարները

 

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը երեկ հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում ստատուս-քվոն այլեւս հնարավոր չէ պահել: Ֆրանսիան այդ մասին վերջին շրջանում հայտարարել է մի քանի անգամ, այդ թվում՝ պաշտոնից հեռացած Օլանդը Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը:
Եթե ստատուս-քվոն իսկապես այլեւս հնարավոր չէ պահել, այդ պարագայում կա այն փոխելու երկու տարբերակ՝ բանակցությունն ու պատերազմը:
Բանակցություններ ներկայում չկան, Հայաստանը դրել է դրանք շարունակելու նախապայմաններ, որոնց Ադրբեջանը համաձայն չէ: Խոսքը մասնավորապես Արցախի կարգավիճակի եւ հետաքննության մեխանիզմների մասին է: Թե Հայաստանը, թե Ադրբեջանը կոշտացրել են իրենց դիրքորոշումները, որոնք տրամագծորեն հակառակ են:
Մնում է պատերազմը, որի պարագայում կան մի շարք հանգամանքներ ու հարցեր՝ կապված հակամարտ կողմերի ներքին իրավիճակի եւ արտաքին՝ աշխարհքաղաքական իրողությունների հետ:
Հայաստանի ներքին իրավիճակը, այսպես ասենք՝ պատերազմ չի ենթադրում, առավելագույնը՝ դրա սպառնալիք, ինչը սովորաբար անհրաժեշտ է լինում ներքաղաքական զարգացումների կարեւոր հանգրվաններում: Ներկայում նման մի հանգրվան է, երբ լուծվում է իշխանության խնդրի հարցը առաջիկա մի քանի ամսվա կտրվածքով: Սերժ Սարգսյանը հանդես է գալիս «անվտանգության հայեցակարգով»՝ կապված իր առաջիկա ծրագրերի հետ:
Այլ է խնդիրը Ադրբեջանում, որտեղ տնտեսա-քաղաքական պայթյունավտանգ իրավիճակ է, որն առայժմ հաջողվում է զսպել: Շատերն են նշում, թե այդ իրավիճակից դուրս գալու միակ ելքն իշխող ռեժիմի համար պատերազմն է, որն անկասկած հեռու չէ ճշմարտությունից:
Մյուս կողմից, սակայն, ներքին խնդիրները պատերազմի միջոցով լուծելը կապված է չափազանց մեծ ռիսկերի հետ, որովհետեւ դա կարող է լիովին այլ էֆեկտ ունենալ՝ կապված պատերազմի արդյունքների հետ: Այդ ռիսկերից խուսափելու համար պատերազմ սկսող կողմը, տվյալ պարագայում Ադրբեջանը պետք է ունենա հստակ ու ամուր արտաքին երաշխիքներ, գոնե Մինսկի խմբի մեկ գերտերությունից, որ պատերազմը կարող է կանգնեցվել անհրաժեշտ պահին ու անհրաժեշտ տեղում:
Անցյալ տարվա ապրիլին Ադրբեջանն ուներ այդ երաշխիքները, եւ դա ակնհայտ էր: Ընդ որում, այդ երաշխիքների մեջ էր նաեւ Հայաստանի պահվածքը՝ Ռուսաստանի միջոցով: Այն ժամանակ պատերազմը հասունացվել էր բավականաչափ գործոններով, որոնց մի զգալի մասն ըստ էության վերացվեցին հենց ապրիլյան ռազմագործողությունների արդյունքում, սակայն մի մասը մնում է, բացի այդ՝ կան նոր հանգամանքներ:
Հաջորդ խնդիրը որեւէ գերտերության շահագրգռության հարցն է: Մինսկի խումբն առայժմ մնում է այն միակ հարթակը, որտեղ ԱՄՆ-ն, Եվրոպան եւ Ռուսաստանն ունեն քիչ թե շատ համաձայնեցված քաղաքականություն ու դիրքորոշումներ: Սակայն վերջին շրջանում բավական բարդացել են մի կողմից ԱՄՆ-Եվրոպա՝ ի դեմս ԵՄ առաջատարներ Գերմանիայի ու Ֆրանսիայի, մյուս կողմից՝ Ռուսաստան Արեւմուտք հարաբերությունները: Արդյոք դա պատերազմի վերսկսման պայման կարող է լինել:
Ղարաբաղյան խնդրում եւ ընդհանրապես հակամարտության գոտում իրավիճակի հարցում էական է Ռուսաստանի դիրքորոշումը եւ պահվածքը, որից էլ շատ բանով կախված է ռազմական գործողությունների վերսկսման հարցը:
Կարո՞ղ է Ռուսաստանը, կամ Մինսկի խմբի մյուս համանախագահներն իրարից անկախ երաշխիքներ տրամադրել Ադրբեջանին, պատերազմի արդյունքի հարցում:
Մյուս կողմից, արդյոք հնարավոր է, որ սահմանին հրահրվեն նոր բախումներ, որոնք մի կողմից այսպես ասած կփոխեն ստատուս-քվոն, մյուս կողմից հնարավորություն կտան լուծել մի շարք ներքին ու արտաքին խնդիրներ: Ընդհանրապես, հնարավո՞ր է լիովին վերահսկելի պատերազմ, երբ խաղի մեջ է համանախագահներից միայն մեկը:
Ստատուս-քվոյի փոփոխությունը չի նշանակում միայն շփման գծի կամ տարածքների փոփոխություն: Առավել եւս, որ հայկական կողմում ստատուս-քվոյի փոփոխությունն ընկալվում է հայկական կողմի տարածքային զիջումների տեսքով: Դա կարող է լինել օրինակ հակառակ ուղղությամբ՝ Ադրբեջանը կարող է կորցնել իր տարածքները: Ստատուս-քվոյի փոփոխություն է նաեւ Արցախի միջազգային ճանաչումը:
Օրինակ, հնարավոր է սցենար, երբ հայկական կողմը վերահսկողության տակ է վերցնում Ադրբեջանի տարածքներ, հետո տեղի է ունենում այդ տարածքների փոխանակումը Ադրբեջանի ինչ որ համաձայնության դիմաց:
Ադրբեջանը վերջին շրջանում փորձում է լարում առաջացնել սահմանին, այդ թվում «վիրտուալ» տիրույթում, հայկական կողմը հայտարարում է, որ սահմանին վիճակը սովորական է, միաժամանակ փակելով ամենօրյա տեղեկատվության տրամադրումը: Սա արտահայտում է կողմերի տրամադրվածությունը, միեւնույն ժամանակ՝ իրավիճակի բավական անորոշությունը եւ նույնիսկ ինչ որ տեղ՝ սպասումները:
Պատերազմն ավարտվում է միայն կողմերի համաձայնությամբ, ասվում է հայտնի մարտաֆիլմում: Հայաստանն ու Ադրբեջանը դեռ հեռու են այդ «մակարդակից»:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing