Առողջություն Լրահոս

Նոր շարժական կլինիկա-լաբորատորիան արդեն Երեւանում է

 

11058

news.am — Դեռեւս մի քանի տարի առաջ աշխատանքային միգրանտները` Հայաստանի բնակչության ՄԻԱՎ վարակի հանդեպ ամենախոցելի խավը, որին բաժին է ընկնում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հայտնաբերվող բոլոր դեպքերի մոտ 57 տոկոսը, մի շարք պատճառներով դուրս էր մնում այդ հիվանդությունների ախտորոշման ծրագրերից: Իսկ այսօր շատ բան է փոխվել եւ շարժական բուժախտորոշիչ համալիրների շնորհիվ ՄԻԱՎ-ի ախտորոշումը հասանելի է դարձել նույնիսկ ամենահեռավոր շրջաններում: Այդ մասին, ելույթ ունենալով շարժական կլինիկայի հանդիսավոր բացմանը, ասել է Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Շարժական երկրորդ բուժախտորոշիչ համալիրը, ինչպես առաջինը, Հայաստանը Ռուսաստանի Դաշնության կառավարությունից նվեր է ստացել այս տարվա մարտին EECAAC-2016 համաժողովի ընթացքում: Այսօր այն արդեն Երեւանում է եւ պատրաստ է աշխատանքի: Առաջին շարժական կլինիկան աշխատանքի գրեթե երկու տարվա ընթացքում ՄԻԱՎ-ի մի քանի հազար հետազոտություն է կատարել, իսկ երկրորդ կլինիկան, մասնագետների կարծիքով, կօգնի ՄԻԱՎ-ի ախտորոշման եւ հեռավոր մարզերի բնակչությանը բուժական ծառայություններ տրամադրելու աշխատանքներն էլ ավելի արդյունավետ դարձնել:

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Իվան Վոլինկինն իր հերթին նշել է, որ հույս ունի, որ ՄԻԱՎ-ի տարածման կանխարգելման գործում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցությունն ապագայում էլ կշարունակվի եւ Հայաստանը կկարողանա Ռուսաստանից ոչ միայն շարժական կլինիկաներ ստանալ, այլեւ բժշկական սարքավորումներ եւ այլ տեխնիկա:

«Ես մեծ հույս ունեմ, որ առաջիկայում մեզ նոր նախագծեր են սպասում, որոնք մենք համատեղ կիրականացնենք ի բարօրություն Հայաստանի ժողովրդի եւ դա կնպաստի մեր ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդմանը», — նշել է նա:

Հիշեցնենք, որ մարտի 23-ին Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրներին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի եւ վարակիչ այլ հիվանդությունների դեմ պայքարում օգնության ռուսաստանյան ծրագրի շրջանակում Հայաստանը Ռուսաստանի Դաշնությունից շարժական երկրորդ բուժախտորոշիչ համալիրն է ստացել: Կլինիկայի փոխանցման արարողությունը տեղի է ունեցել Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով հինգերորդ համաժողովի ընթացքում (EECAAC-2016):

Առաջին շարժական բուժախտորոշիչ համալիրը Հայաստանին նվեր էր տրվել 2014-ի մայիսին Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով Չորրորդ համաժողովի ընթացքում:
Արդեն երկու տարի է` այդ շարժական կլինիկան շրջում է երկրի շրջաններում` անվճար, անանուն հետազոտություններ կազմակերպելով տեղի բնակչության շրջանում: Կլինիկան օգնում է ՄԻԱՎ-ն ի հայտ բերել հեռավոր շրջաններում, որտեղ այդ հիվանդության հետ կապված շատ ծառայություններ քիչ մատչելի են: Միաժամանակ կլինիկան նաեւ մի շարք այլ ծառայություններ է տրամադրում (ԳՁՀ, արյան ընդհանուր անալիզ եւ այլն), ինչը եւս հեշտացնում է ՄԻԱՎ-ի ախտորոշումը. մարդիկ չեն ամաչում օգտվել կլինիկայի ծառայություններից, որովհետեւ ՄԻԱՎ-ի թեստը հանձնում են մի շարք այլ անալիզների հետ:

20160711_114220

20160711_121717

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

newhing

newhing