Լրահոս

Նոր շրջադարձ Հայաստանի համար

 

arm146709694157

Հայտնի է դարձել, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը ուղերձ է հղել ՌԴ նախագահ Պուտինին: Նամակը «գաղտնազերծեց» Պուտինի խոսնակը, ով երեկ հայտարարեց, որ նամակում Էրդողանը ափսոսանք է հայտնել ռուսական օդանավը խոցելու համար, ինչպես նաեւ ցավակցել զոհված օդաչուի ընտանիքին:
Դա հարաբերությունները կարգավորելու Ռուսաստանի առաջին պայմանն էր՝ ներողությունը: Իր հերթին, նամակը «գաղտնազերծեց» նաեւ Թուրքիայի վարչապետ Յըլդըրըմը, ով հայտարարեց, որ Թուրքիան պատրաստ է փոխհատուցում վճարել: Սա էլ Ռուսաստանի երկրորդ պայմանն էր:
Օդանավի խոցումից հետո ռուս-թուրքական հարաբերությունները սրվեցին: Lragir.am-ի հոդվածագիրները սակայն կանխատեսում էին, որ այդ գժտությունը երկար չի տեւելու եւ չի անցնելու «կարմիր գիծը»: Այդպես էլ կար՝ Մոսկվան օդանավի խոցումից գրեթե անմիջապես հետո հայտարարեց, որ ինչ էլ լինի՝ չեն վերանայելու 1921 թ. Մոսկվայի պայմանագիրը, դա «սրբության սրբոցն է»: Եվ դա բնական է՝ 20-րդ դարի 20-ական թվականներին այս երկու պետություններն այդ պայմանագրով կարողացան համատեղ ուժերով դուրս գալ աղետալի վիճակից, որում հայտնվել էին: Դա կատարվեց մասնավորապես հայկական շահերի ու տարածքների հաշվին, հաստատվեց ռուս-թուրքական տարածաշրջանային ստատուս-քվոն, որը պահպանվում է մինչ այսօր: Դրա իմաստը «երրորդ երկրների» համար տարածաշրջանը փակ պահելն էր:
Իրականում, հաշտեցման գործընթացը սկսվել է վաղուց, թեեւ կողմերը հրապարակային ռեժիմում շարունակում էին կոշտ հռետորաբանությունը: Ընդ որում, եթե ավելի վաղ խնդրողի դերում Ռուսաստանն էր, ներկայում կարծես թե Թուրքիան է հայտնվել այդ դերում:
Իրավիճակը ստիպում է գնալ հաշտության, քանի որ իրական վտանգ է առաջացել ռուս-թուըրքական ստատուս-քվոյի համար: Այս երկու պետությունները ենթարկվել են «կրկնակի զսպման» քաղաքականությանը եւ հայտնվել միջազգային նշանակալի մեկուսացման մեջ: Նրանց արտաքին քաղաքականությունը տապալվել է բոլոր ուղղություններով, ընդ որում՝ դա կատարվել է նաեւ «գժտման» արդյունքում, եւ կարիք կա համադրել ջանքերը: Այդ մասին հայտարարում էին թե ռուս, թե թուրք պաշտոնյաները: Ռուսները պատրաստ էին նշանակալի զիջումների գնալ նույնիսկ ամենազգայուն հարցերում, ասել էր Պուտինը:
Ի՞նչ հետեւանքներ կունենա այս հաշտեցումը Հայաստանի համար: Հասկանալի է, որ Թուրքիայի համար զգայուն թեմաներից մեկը հայկական խնդիրներն են՝ ցեղասպանություն, Ղարաբաղի խնդիր, հայերի հայրենազրկում եւ այլն: Այս խնդիրներից պաշտպանվելու համար Թուրքիային կարող է օգնել միայն Ռուսաստանը, որը բազմից ապացուցել է իր այդ պատրաստակամությունը կոնկրետ գործերով: Առավել եւս ներկայում, երբ հայկական թեման Արեւմուտքում բավական ակտուալ է դարձել՝ թե Ցեղասպանության ճանաչման, թե Ղարաբաղին որոշակի կարգավիճակ տրամադրելու առումով:
Հայաստանին ձեռնտու չէ ռուս-թուրքական չափազանց լարումը, ինչպես նաեւ մերձեցումը: Երկու դեպքում էլ հայերը դառը փորձ ունեն, երբ ռուսները թուրքերին «կերակրում» էին հայկական տարածքներով ու շահերով:
Մյուս կողմից, Ռուսաստանը խոչընդոտում է հայկական շահերի իրացումը բոլոր ուղղություններով, թուրքական «մահակը» Հայաստանի վրա կախված պահելով: Դա արդյունավետ միջոց է Հայաստանի մեկուսացման ու ինքնիշխանությունից զրկելու համար, ինչն իր հերթին կարեւոր պայման է թուրքերի հետ հարաբերությունները կարգավորելու եւ համատեղ պայմանավորվածությունների հասնելու համար:
Մյուս կարեւոր հանգամանքն այն է, թե ռուս-թուրքական հաշտության հարցում ով է խնդրողի դերում: Ըստ ամենայնի, Ղարաբաղի խնդրում Ռուսաստանի վերջին շրջանի քաղաքականության թիրախներից մեկն էլ հենց Թուրքիան էր, նրանից Ադրբեջանին հեռացնելու եւ նրան ինչ որ իրավիճակ հարկադրելու նպատակով:
Ապրիլին զինադադար պարտադրելով, Ռուսաստանը փրկեց Ադրբեջանին հայկական հակահարձակումից: Ադրբեջանը դրանից հետո հայտնվեց բավական բարդ իրավիճակում, երբ Արեւմուտքը սկսեց պնդել շփման գծում հետաքննության մեխանիզմներ ներդնելու անհրաժեշտությունը: Դա Ղարաբաղում ստատուս քվոն ճանաչելու որոշակի քայլ էր, ինչը ձեռնտու չէր Ադրբեջանին:
Բաքուն այս նախաձեռնությունը տապալելու միայն մեկ միջոց ունի՝ Ռուսաստանի աջակցությունը, որը մինչ այժմ իր տեսակետը չի հայտնել այդ մեխանիզմների հարցում, թեեւ որպես Մինսկի խմբի համանախագահ՝ ստորագրել է այդ հայտարարությունը: Մոսկվան ակնհայտորեն «բաց» է պահում այդ հարցը՝ թերեւս Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերություններում իր դիրքն ուժեղացնելու համար:
Ադրբեջանի նախագահը օրերս հայտարարեց, որ Սանկտ Պետերբուրգում պայմանավորվածություն է ձեռք բերվել խնդրի փուլային լուծման հարցում, որին հետեւեց Ռուսաստանի կոշտ արձագանքը: Ալիեւի այդ հայտարարությունը ակնհայտորեն օգնության կոչ էր Ռուսաստանին, եվ հենց այդ ժամանակ էլ հայտնի դարձավ Էրդողանի ուղերձի մասին:
Արդյոք Ադրբեջանին դնելով բարդ իրավիճակի մեջ՝ Մոսկվան ի վերջո հասավ այն բանին, որ խնդրողի դերում լինի Թուրքիան: Իհարկե, դժվար է այս հարցին պատասխանել, հաշվի առնելով խնդիրների այն բարդությունն ու բազմազանությունը, որոնք առկա են թե այդ երկրների հարաբերություններում, թե միջազգային ներկայիս զարգացումներում:
Հայաստանում մտահոգությամբ են հետեւում ռուս-թուրքական մերձեցմանը: Պետք է նշել, որ քաղաքականության մեջ չկան միանշանակ իրավիճակներ, եւ ամեն ինչ կախված է դրանում ներգրավված սուբյեկտների քաղաքականությունից: Հայաստանն առայժմ դժվար է քաղաքականության սուբյեկտ համարել: Հայաստանը 1921 թ. Մոսկվայի պայմանագրի օբյեկտն է՝ դրանից բխող հետեւանքներով, եւ ոչ մի կերպ չի ցանկանում կամ չի կարողանում դուրս գալ այդ «կարգավիճակից»: Ըստ այդմ՝ Հայաստանն ընդամենը կախում ունի հանգամանքներից ու զարգացումների տրամաբանությունից: Դրանք միշտ չէ, որ բարենպաստ են լինում:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing