Նոր սկանդալ. 1 միլիոն 550 հազար ԱՄՆ դոլար լրատվամիջոցներին՝ մշակույթի նախարարությունից

108

armtimes.com — 2002 թվականից մշակույթի նախարարությունը պետբյուջեից գերատեսչությանը հասած աղքատիկ բյուջեից աջ ու ձախ ֆինանսավորում է պետական ու մասնավոր լրատվամիջոցներին: Սա, ըստ մշակույթի նախարարության պարզաբանման, աջակցություն է մամուլին: «Հայկական ժամանակ»-ի գրավոր հարցման ի պատասխան, կառույցի մշակութային ժառանգության եւ ժողովրդական արհեստների վարչությունից տեղեկացրել են, որ 2017 թվականին «Արմենպրես» ՓԲԸ-ին տրվել է 86 մլն դրամ՝ տեղեկատվության ձեռքբերման, պահպանման եւ արխիվացման ծառայությունների համար (միեւնույն ժամանակ նույն «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը բյուջեից 2018-ի համար ստացել է 80 միլիոն դրամ): «Միր» միջպետական ՀՌԸ-ի Հայաստանի մասնաճյուղին նախորդ տարի մշակույթի նախարարությունը տվել է 160 մլն դրամ՝ ԱՊՀ երկրներում հեռուստառադիոծրագրերի հեռարձակման համար:

Բացի վերոնշյալը, նախարարությունը «Պետական մամուլի հրատարակում» եւ «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրերի շրջանակներում էլ է լրատվամիջոցներին փող բաժանում:

Նախարարությունը 2017 թվականին պետական մամուլին հատկացրել է 73 միլիոն 600 հազար դրամ, որից 47 մլնը բաժին է հասել «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, իսկ 26 մլն 200 հազարը՝ «Ռեսպուբլիկա Արմենիա»-ին:

Նույն թվականին մշակույթի նախարարությունը 50 միլիոն դրամ է հատկացրել ոչ պետական մամուլին, որից 12 միլիոնը բաժին է հասել ազգային փոքրամասնությունների լեզուներով լույս տեսնող 14 թերթի:

25 միլիոն էլ տրվել է մշակութային ուղղվածություն ունեցող 23 էլեկտրոնային եւ տպագիր մամուլի: Դրանցից մի քանիսն են՝ «Գրական թերթը» (բացի այս, առանձին գումար է տրվել նաեւ այս թերթի հավելվածին), «Իրավունք» օրաթերթն ու «Ազգ» շաբաթաթերթը եւ այլք:

13 միլիոն էլ տրվել է 25 մարզային թերթի՝ յուրաքանչյուրին միջինը 500 հազար դրամ: Մշակույթի նախարարությունը ֆինանսավորում է նաեւ «Մարզաշխարհ» մարզական թերթին՝ հատկացնելով 300 հազար դրամ:

Այսպիսով՝ 2017 թվականի ընթացքում մշակույթի նախարարությունը, գտնվելով առատաձեռն, իր բյուջեից 67 լրատվամիջոցի տրամադրել է 408 միլիոն դրամ կամ 840 հազար ԱՄՆ դոլար:

Շարունակելով «անապահով» լրատվամիջոցներին տրված աջակցությունների ներկայացումը, նշենք, որ 2018 թվականին մշակույթի նախարարությունը «Արմենպրես»-ին տրամադրել է 80 մլն 700 հազար դրամ, սակայն հիմնավորված չէ, թե ինչու: «Միր» միջազգային ՀՌԸ-ին էլ կրկին ԱՊՀ-ի տարածքում հեռարձակումներ ապահովելու նպատակով տրվել է 175 մլն 500 հազար:

Այս տարի մշակույթի նախարարությունը պետական ստատուս ունեցող մամուլին հատկացրել է 70 մլն դրամ, որից 44 մլնը՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, իսկ մոտ 25 մլնը՝ «Ռեսպուբլիկա Արմենիա»-ին: Մասնավոր մամուլին էլ տրվել է 46 միլիոն դրամ, որից 7 մլն տարբեր լեզուներով լույս տեսնող ազգային փոքրամասնության 11 թերթի:

5 մլն 500 հազար դրամ հատկացվել է մշակութային ուղղվածություն կամ մշակույթի բաժին ունեցող հանրապետական տպագիր եւ էլեկտրոնային 5 լրատվամիջոցների, որից 1 մլն 200 հազար՝ «Հրապարակ» օրաթերթին, 800 հազար՝ «Ազգ» օրաթերթին, 1 մլն 500 հազար՝ «Գոլոս Արմենիա» թերթի մշակութային հավելվածին եւ այլն:

Մոտ 20 միլիոն տրվել է Գրական տպագիր եւ էլեկտրոնային 9 պարբերականի, 2 մլն 300 հազար՝ Արվեստի քննադատություն պարունակող էլեկտրոնային երկու լրատվամիջոցների, իսկ մարզային 23 թերթի, որոնք լուսաբանում են մշակույթ, տրվել է 11 մլն 500 հազար դրամ, 1 միլիոն էլ տրվել է  «tatron-drama.am» կայքին:

Այսպիսով՝ Մշակույթի նախարարությունը իր բյուջեից 342 մլն ՀՀ դրամ կամ 705 հազար ԱՄՆ դոլար տրամադրել լրատվամիջոցներին: Իսկ այս երկու տարիներին այդ գումարը կազմել է 750 միլիոն ՀՀ դրամ կամ 1 միլիոն 550 հազար ԱՄՆ դոլար:

Փաստենք մի ուշագրավ հանգամանք. կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի որոշմամբ «Ռեսպուբլիկա Արմենիա» եւ «Հանրապետություն» թերթերը միացան «Արմենպրես» փակ բաժնետիրական ընկերությանը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ երեք ՓԲԸ-ների գործառույթները մասամբ համընկնում են, եւ վերակազմակերպելու արդյունքում հնարավոր կլինի կենտրոնացնել երեք կազմակերպությունների ռեսուրսները՝ աշխատանքի առավել արդյունավետ կազմակերպման նպատակով:

«Բացի այդ, ՓԲԸ-ների միացումը հնարավորություն կտա տնտեսել պետական բյուջեի միջոցները, կհանգեցնի կրկնվող գործառույթների օպտիմալացմանն ու կրճատմանը, ինչպես նաեւ ոլորտի առավել արդյունավետ կազմակերպմանը»,- գրված է նախագծում։

Ստացվում է, որ այս երեք լրատվամիջոցին գումարներ տրամադրվում են առանձին-առանձին, բայց ի վերջո դա մեկտեղվում է մեկ բյուջեում: Սա էլ, հավանաբար արվում է այն պատճառով, որ գումարի խոշոր չափն աչքի չընկնի: «Արմենպրեսին», «Ռեսպուբլիկա Արմենիային» եւ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին մշակույթի նախարարության կողմից տրվելիք ընդհանուր գումարը 2018-ին կազմել է մոտ 150 մլն դրամ: Այս մասով «Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանը ՀԺ-ին տեղեկացրեց, որ հատկացումները եղել են մինչեւ ԶԼՄ-ների միավորվելը, քանի որ կառավարության որոշումից  մեկ ամիս անց է տեղի ունեցել միավորման գործընթացը:

Սրան զուգահեռ էլ՝ մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցը նշում է, որ գերատեսչության եռամսյակի բյուջեն սպառված է եւ պարտքով են աշխատում:



Загрузка...