Լրահոս

Նոր սկանդալ. ռուսները պառկել են հայերի տակ. Ադրբեջանի գրոհն ընդդեմ «Արարատ»-ի և «Ռոսսիա 24»-ի

 

Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբի շուրջ վերջին զարգացումները թե՛ ռուսական, թե՛ հայկական և թե՛ ադրբեջանական լրատվամիջոցների  ուշադրության կենտրոնում էին: Եթե մենք և ռուսները հույսեր էինք փայփայում, որ «Արարատ»-ն այնուամենայնիվ չի լուծարվի, ապա ադրբեջանական ԶԼՄ-ները չարախնդալով սպասում էին հայկական թիմի վերջնական տապալմանը: Ռուսական «Ռոսսիա 24» հեռուստաալիքը մի քանի անգամ անդրադառնալով «Արարատի խնդրին», նույնիսկ ուղիղ միացում էր նախաձեռնել սեպտեմբերի 7-ին կայացած Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի առաջնության 8-րդ տուրի «Արարատ»-«Ռեզան» հանդիպումից: Շատերը և մասնավորապես ադրբեջանցիները սպասում էին, որ վերոնշյալ հանդիպումը վերջինը կլինի:

Մրցաշարային աղյուսակը գլխավորող «Արարատ»-ը տվյալ մրցավեճում հերթական հաղթանակը տարավ, որից հետո հայտարարվեց, որ հայկական ակումբը չի լուծարվելու և շարունակելու է պայքարը ռուսական լիգայում: Այս տեղեկությունը, բնականաբար, այնքան էլ դուր չի եկել հատկապես Ռուսաստանում բնակվող ադրբեջանցիներին: Ավելին, մեր հարևանները մեծ աղկում են բարձրացրել ռուսական հեռուստաալիքի ռեպորտաժներից հետո: Մասնավորապես, Ռուսաստանում հեղինակավոր հեռուստաընկերությունը մի քանի անգամ ցուցադրել է նաև  Մոսկվայի «Տորպեդո» մարզադաշտում գտնվող «Արարատ»-ի երկրպագուներին, որոնք «զինված» են եղել Հայաստանի, Արցախի պետական դրոշներով: Ադրբեջանցիների մոտ վայնասուն է սկսվել այն բանի համար, որ ամբողջ Ռուսաստանը և «Ռոսսիա 24» հեռուստաալիքը այս երկրի սահմաններից դուրս դիտող միլիոնավոր մարդիկ տեսել են, թե ինչպես են հայերը Մոսկվայում, պաշտոնական հանդիպման ժամանակ ծածանում Արցախի դրոշը: Ադրբեջանական ԶԼՄ-ները «Ռոսսիա 24»-ի ղեկավարությանն անվանել են կեղտոտ սրիկաներ:

«Մի քանի կոպեկի դիմաց ռուսները պառկել են հայերի տակ՝ հեռարձակելով խայտառակ այդ ռեպորտաժները: Ակնհայտ է, որ «Ռոսսիա 24»-ի ղեկավարությանը կաշառել են: «Արարատ»-ը խաղում է Ռուսաստանի երկրորդ լիգայում, և առանց գումարի ոչ ոք չէր անդրադառնա  ցածր կարգ ունեցող և չկայացած թիմին»,- գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Երեկ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական նամակ է հղել Ռուսաստանի ֆուտբոլի միությանը՝ պահանջելով պատժել «Արարատ» ակումբին, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել, որպեսզի հետագայում առաջնության հանդիպումների ժամանակ չլինի Արցախի դրոշը: Ռուսաստանի ֆուտբոլի միությունը տեղի ունեցածին որևէ կերպ չի արձագանքել:  Հիշեցնենք, որ «Արարատ»-ի ստեղծումը դժգոհության մեծ ալիք էր բարձրացրել ադրբեջանցիների շարքերում: Բանն այն, որ 2013 թվականին Մոսկվայում հիմնվել էր ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտզալի թիմը, որը,  սակայն, մատնված է անուշադրության: «Սիրտս մռմռում է «Արարատ»-ի համար, լացս գալիս է: Ամոթ է, հայերը լուրջ նպատակներ են դրել իրենց առջև, ստեղծում են համազգային թիմ, իսկ մենք… Հայերի չափ էլ չկանք, ամոթ է: Պետք է լուրջ քայլեր ձեռնարկենք, փրկենք «Ղարաբաղ»-ը, այն ևս համազգային թիմ դարձնենք: Ես դիմում եմ Ռուսաստանում բնակվող բոլոր ադրբեջանցիներին, խնդրում եմ օգնեք «Ղարաբաղ»-ին: Ռուսաստանի երրորդ դիվիզիոնում հանդես գալու համար մեզ անհրաժեշտ է 4-5 միլիոն ռուբլի, որը չունենք: Նշեմ, որ «Արարատ»-ի տարեկան բյուջեն կազմում է 240 միլիոն ռուբլի: Տեղս չեմ գտնում, շատ ամոթ է: Որպես հայրենասեր՝ միակ մխիթարությունս այն է, որ Աղդամի «Ղարաբաղ»-ը մի քանի անգամ ավելի ուժեղ է Երևանի «Արարատ»-ից: Մեր «Ղարաբաղ»-ը վերջին երեք տարիներին հանդես է եկել Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլում, իսկ «Արարատ»-ը եվրագավաթների խաղարկությանը վերջին անգամ մասնակցել է 9 տարի առաջ և դուրս մնացել առաջին իսկ որակավորման փուլից»,- հայտարարել է Մոսկվայի «Ղարաբաղ»-ի խաղացող-մարզիչ Էլնուր Վելիևը:

Վերջինիս հայտարարությունը որևէ արձագանք չէր գտել: Կարծում ենք՝ ակնհայտ է, որ «Արարատ»-ի համար «լաց լինող» ադրբեջանցիները որևէ առիթ բաց չեն թողնելու այս թիմի վրա ճնշում գործադրելու համար: Ռուսական հեռուստաալիքի ռեպորտաժից հետո բարձրացված աղմուկն ու Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի բողոքի նամակը դրա վառ դրսևորումներից են:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am