Լրահոս

Նոր սպառնալիք Ղարաբաղի համար. օգոստոսը վտանգավոր կարող է լինել

 

arm146149677365

 168.am— Թուրքիան մտադիր է Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորել մինչև այս տարվա օգոստոսի կեսերը: Այս մասին հայտնել է թուրքական «Yeni Şafak» թերթը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները: Ըստ այդ աղբյուրի, Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար կազմվել է «ճանապարհային քարտեզ», որը բաղկացած է 9 կետից: «Ճանապարհային քարտեզի» համաձայն՝ Թուրքիայի պաշտոնատար անձինք մասնակցելու են այն բոլոր պաշտոնական միջոցառումներին, որոնք մինչև օգոստոսի կեսը կանցկացվեն Ռուսաստանում:

Վերջնական նպատակը, հրապարակման համաձայն, լինելու է մինչև դեկտեմբերի 15-ը վերադարձը «հին օրերին»:

Այս տեղեկատվությունը սենսացիոն համարել չի կարելի, քանի որ վերջին շրջանում առանց «ճանապարհային քարտեզի» էլ թուրքական իշխանությունները ջանք չեն խնայում Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու համար: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը որևէ առիթ ու ամբիոն բաց չի թողնում Ռուսաստանին ու նրա նախագահ Պուտինին դիֆերամբներ ձոնելու համար: Ռուսաստանը ոճային առումով դեռևս «չի տրվում» այդ քծնանքին, սակայն, ըստ էության, տարբեր ուղերձներով հասկացնում է, որ դեմ չէ Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնմանը: Հերթական նման հայտարարությունն օրերս արել էր Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Մոսկվան ևս կցանկանար կարգավորել հարաբերություններն Անկարայի հետ, սակայն երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը հստակ հասկացրել է, որ առանց Թուրքիայի կողմից մի շարք գործողությունների կատարման՝ դա անհնար է: Մոսկվան շատ բարձր է գնահատում այն ժամանակաշրջանը, երբ Թուրքիայի հետ հարաբերությունները եղել են գործընկերային, զարգացած՝ բոլոր ոլորտներում, և առաջին հերթին՝ առևտրատնտեսական ոլորտներում: Եվ մենք խորապես ափսոսում ենք, մենք այդ մասին քանիցս հայտարարել ենք, որ մեր հարաբերությունների նմանատիպ հարուստ փորձը, մեր հարաբերությունների նման բազան մեկ ժամում ոչնչացվեց թուրքական կողմի ագրեսիվ գործողություններով»,- ասել էր Պեսկովը:

Հետաքրքիր է, որ ինչպես՝ թուրքական կողմը, այնպես էլ՝ Ռուսաստանը, խոսում են «այն ժամանակների», «հին օրերի» մասին: Խոսում են երանությամբ: Եվ դա պատահական չէ, քանի որ Թուրքիան ու Ռուսաստանն իրար հետ կապված են տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական անխզելի ու անփոխարինելի կապերով, որոնք ընդհատվեցին անցած տարվա նոյեմբերին՝ ռուսական ինքնաթիռի խոցմամբ: Ռուս-թուրքական ներկայիս տարաձայնությունները` բավական սուր դրսևորումներով արտահայտված լինելով հանդերձ, իրականում մարտավարական տարաձայնություններ են, որոնք, եթե անգամ ստվերում են, սակայն չեն հարվածում ռազմավարական ընդհանրությանը: Այն ընդհանրությանը, որի մասին անցած տարեվերջին այդքան զգացմունքայնորեն խոսել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Մեր թուրք գործընկերները վերջին անգամ Անթալիայում հանդիպման ժամանակ զգայուն հարցեր էին բարձրացրել, մենք ասացինք, որ՝ այո՛, պատրաստ ենք օգնել: Այո՛, մենք համաձայնել ենք համագործակցել անգամ այդ երկրի համար շատ զգայուն հարցերի վերաբերյալ»,- ասել էր նա:

Թուրքիայի համար զգայուն հարցերի մեր «բաժինը», բնականաբար, ղարաբաղյան հակամարտությունն ու Հայոց ցեղասպանության հարցն են: Դատելով ռուսական կողմի տրամադրվածությունից, այդ պատրաստակամությունը մնում է ուժի մեջ: Բավական է միայն Էրդողանի կողմից ներողություն խնդրելը, և ռուս-թուրքական հարաբերությունները` սկզբում, իհարկե, ցուցադրական սառնությամբ, սակայն բովանդակային առումով՝ կվերադառնան «հին օրերի» մակարդակ: Իսկ դա իսկական սպառնալիք է Հայաստանի համար: Ոչ այն առումով, որը, որպես սպառնալիք՝ ներկայացնում են ռուսական քարոզչությունն ու Հայաստանի` այդ նույն քարոզչության գործակալները` տարբեր խողովակներով անընդհատ հիշեցնելով, թե Թուրքիայի հարձակումից Հայաստանին կարող է, իբր, պաշտպանել միայն Ռուսաստանը: Ամենամեծ վտանգը ղարաբաղյան հարցում է, որը վերականգնված ռուս-թուրք-ադրբեջանական եռյակը փորձելու է լուծել էլ ավելի մեծ շահագրգռվածությամբ: Ռուսական պլանը, որի մասին այսօր այդքան խոսվում է, այդ դեպքում կարող է դառնալ ռուս-թուրք-ադրբեջանական պլան` դրանից բխող բոլոր վտանգավոր հետևանքներով:

Այսպիսով, Հայաստանի համար հասունանում է հերթական սպառնալիքը: Եվ եթե թուրքական կողմի «ճանապարհային» քարտեզն իրականություն դառնա նրանց նշած ժամկետներում, ապա այդ սպառնալիքը կարող է ավելի առարկայանալ շատ մոտ ապագայում: Դրանց դիմակայելու համար Հայաստանը հաշված ամիսներ ունի:

Հ.Գ. Հետաքրքիր է` արդյո՞ք ռուս փորձագետներն ու Մոսկվայից Հայաստան ուղարկվող ծագումով հայ «քաղաքագետները»` կանխատեսելով, որ ղարաբաղյան գոտում պատերազմական գործողությունները կվերսկսվեն օգոստոս ամսին, տեղեկացված են թուրքական իշխանությունների «ճանապարհային քարտեզի» մասին: Կամ գուցե նրանց Կրեմլից արդեն իսկ հանձնարարված է գործել այդ քարտեզի բովանդակության տրամաբանությա՞մբ: Պետք չէ բացառել, որ ռուս-թուրքական հարաբերությունների վերականգնումը երկու երկրները կարող են նշել ղարաբաղյան ճակատում հերթական պատերազմի հրահրմամբ:

Աղբյուրը <a href=»http://168.am/2016/06/18/650745.html»>© 168.am</a></br>

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

armhing