Լրահոս

Նոր վարչապետի առաջին աղմկոտ բացահայտումը. ովքեր են վճարելու եւ ինչքան

 

arm147401180658-696x483

lragir.am— «Կյանքը ցույց կտա», լրագրողների հարցերին ի պատասխան ասել էր էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանը նոր վարչապետ Կարեն Կարապետյանի հետ գազի եւ էլէներգիայի գնի վերանայման հարցը քննարկելուց հետո: Այդ քննարկումը հաջորդել էր կառավարության նիստին, որն առաջինն էր Կարեն Կարապետյանի համար եւ որի ընթացքում նա հանձնարարեց համապատասխան գերատեսչություններին, որ քայլեր կատարեն գազի եւ էլէներգիայի գնի նվազեցման ուղղությամբ:

Դրանից հետո եղավ խորհրդակցությունը, որից հետո էլ հարցին, թե ինչ ռեսուրսի հաշվին է նվազեցվելու, ինչպես է նվազեցվելու գինը, էներգետիկայի նախարարը տվեց պատասխանը՝ «կյանքը ցույց կտա»:

Երբ էներգիայի կամ գազի գնի մասին հարցին այդպես պատասխանի որեւէ գործով զբաղված շարքային քաղաքացի՝ առեւտրական, բանվոր, կամ տաքսու վարորդ, ապա դա կլինի լիովին հասկանալի, թեեւ քաղաքացիները, առավել եւս տաքսու վարորդները, հավանաբար շատ ավելի հանգամանալից եւ մանրամասն կտան այդ հարցի պատասխանը: Բայց երբ «կյանքը ցույց կտա» է հայտարարում այդ քաղաքացիների հարկերով վարձատրվող էներգետիկայի նախարարը, որին հարկատուները պահում են, որպեսզի ոչ թե «կյանքի հույսին» մնան, այլ կոնկրետ ծառայող պաշտոնյայի, դա արդեն այն չափազանց ծանր վիճակի պատճառներից մեկն է, որի մասին խոսում էր նորանշանակ վարչապետը:

Մյուս կողմից, Լեւոն Յոլյանի այդ հայտարարությունն ինչ որ իմաստով նաեւ հետեւանք է, որովհետեւ Հայաստանի գազի եւ էլեկտրաէներգիայի ոլորտի գնագոյացումը մի խորհրդավոր մեխանիզմ է, որի խորքում համակարգային մի շարք իրողություններ են, որոնք գտնվում են էներգետիկայի նախարարի իրավասության շրջանակից դուրս:Օրինակ, հայկական մամուլում բազմաթիվ հրապարակումներ, վերլուծություններ են եղել, ըստ որոնց, Հայաստանում տարիներ շարունակ ձեւավորվել է բարձրաստիճան պաշտոնյաների, օլիգարխիայի ներկայացուցիչների արտոնյալ մի շերտ, որոնք իրենց հսկայական տներում, ամառանոցներում, նաեւ ձեռնարկություններում գազի եւ էլեկտրաէներգիայի համար չեն վճարել այնքան, որքան սպառել են՝ կամ ընդհանրապես չեն վճարել, կամ կատարել են պայմանական վճարները, որը զգալիորեն ցածր է եղել իրական սպառումից:

Ըստ այդ վերլուծությունների, ըստ մի շարք փորձագետների տարբեր տարիներին արված հայտարարությունների, նաեւ այդ պատճառով է, որ գազի եւ էլեկտրականության գները Հայաստանում զգալիորեն բարձր են այն սահմանից, որ կարող էր լինել տրամաբանության եւ օրինաչափության պարագայում:

Այդ երեւույթի համար բնականաբար վճարում  սպառողը, որը տարիներ շարունակ անարդյունք փորձում է հասկանալ, թե ինչու է Հայաստանի սահմանը 150 դոլարով հատող գազը իր բնակարանի շեմն անցնում արդեն գրեթե երեք անգամ բազմապատկված գնով:Իհարկե, գնագոյացման մեխանիզմում արտոնյալների գործոնը միակը չէ, որ առաջացնում է հարցեր: Մի քանի ամիս առաջ ԱԺ-ում ստեղծվեց ժամանակավոր հանձնաժողով, որն ուսումնասիրեց գնագոյացման մեխանիզմը եւ անգամ մակերեսային, նախնական եզրակացության բովանդակության մեջ ի հայտ եկան մի շարք խնդիրներ: Պետք է պատկերացնել, թե ինչեր ի հայտ կգան արդեն հանգամանալից եւ ծավալուն ուսումնասիրության, կամ պարզապես հետաքննության դեպքում:

«Քրեստոմատեական» պատմություն էր Էլեկտրիկ Երեւանի օրերին ՀԷՑ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, երբ պարզվեց, թե ինչպիսի կոռուպցիոն սխեմաներ են գործել էլցանցերում, որոնք այդ պահին գտնվում էին Ռուսական պետական Ինտեր ՌԱՈ ընկերության սեփականության եւ կառավարման կարգավիճակում:
Դժվար է ասել, թե ինչքանով է նույնական ռուսական կառավորումը Հայռուսգազարդի կամ Գազպրոմ Արմենիայի դեպքում: Այնտեղ իհարկե անմիջական կառավարիչները չեն եղել ռուսաստանցի գլանդունչիկներ կամ բիբիններ, բայց այդ ընկերությունը իր խոշոր ծավալով չէր կարող դուրս լինել Հայաստանում առկա համակարգային իրողություններից, ինչի մասին վկայում են մի շարք պատմություններ, օրինակ հայտնի Ճոյտի հետ կապված, երբ նրա գազային արտոնյալ վիճակը բացահայտվեց նախագահի անվտանգության ծառայության ներկայացուցչի հետ շահերի բախման հետեւանքով:
Տասը տարի Հայռուսգազարդը ղեկավարած Կարեն Կարապետյանին իհարկե այդ ամեն ինչը հայտնի կլինի ամենայն հանգամանալիությամբ: Ըստ այդմ հարց է առաջանում՝ գազի եւ էլեկտրաէներգիայի գնի նվազեցման մասին նրա հանձնարարությունը պայմանավորված է լոկ կարճաժամկետ նորվարչապետական եւ նախընտրական էֆեկտի անհրաժեշտությա՞մբ, թե՞ լինելու են համակարգային վերանայումներ: Դա իհարկե առաջին հարցն է, որ առաջանում է հանձնարարականի կապակցությամբ:
Մյուս հարցն իհարկե այն է, թե ու՞մ հաշվին է լինելու կարճաժամկետ կամ երկարաժամկետ համակարգային էֆեկտը: Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ դա չպետք է լինի բյուջեի հաշվին, այլ ծառայություն մատուցող ընկերությունների: Դա նշանակում է՝ Գազպրոմ Արմենիայի եւ Հայաստանի էլցանցերի, որի նոր սեփականատերը Սամվել Կարապետյանն է, ի դեպ՝ Կարեն Կարապետյանի բիզնես գործընկերն է ըստ մամուլի հրապարակումների:Բայց, տվյալ պարագայում խնդիրն այն է, թե այդ ընկերություններն իրենց շահույթի՞ հաշվին են նվազեցնելու գները, թե՞ օրինակ «գերկորուստների» նվազեցման, ինչը նշանակում է նաեւ հավանական արտոնյալների խավի կամ սահմանափակման, կամ արտոնությունների ծավալի նվազեցման, այսինքն՝ կամ ամբողջական վճարումների, կամ պայմանական վճարումների շեմի բարձրացման հաշվին:Էներգետիկայի նախարարի հայտարարությունը, թե «կյանքը ցույց կտա», անկասկած պայմանավորված է հենց դրանով: Իշխող համակարգում պետք է հստակեցվի այդ հարցը, թե ով է վճարելու: Հազիվ թե, օրինակ, Սամվել Կարապետյանը կամ առավել եւս Գազպրոմ Արմենիայի սեփականատեր Գազպրոմը համաձայնեն իրենց հաշվին փրկել Հայաստանի իշխող համակարգը: Այն, որ Գազպրոմը չի պատրաստվում փրկել, վկայեց Պուտինի հայտարարությունը ՀՆԱ երկնիշ աճի մասին: Իսկ Սամվել Կարապետյանն արդեն իսկ փաստացի փրկել է համակարգը, գնելով ՀԷՑ-ն ու փաստորեն կանխելով Հայաստանում հասունացած էներգետիկ ճգնաժամը:Ըստ երեւույթին, այժմ որոշվելու է, թե իշխող համակարգից ով ինչքան է վճարելու գազի եւ էլեկտրաէներգիայի գնի նվազման համար: Անկասկած դա հանդիսանալու է նաեւ իշխանության վերադասավորման համակարգային գործընթացի մի տարր:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...