Նոր վարչապետի Արցախյան մարտահրավերը

98

iravunk.am — Կարելի է ֆիքսել, որ մայիսի 15-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ կայացած Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպմամբ՝ արցախյան բանակցությունների նոր փուլի մեկնարկը տրվեց: Փորձենք հասկանալ՝ Հայաստանն ի՞նչ դիրքերով է մտնում այդ փուլ:

ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՎԵՐՍԿՍՎԱԾ Է

Իրավիճակը հետեւյալն է: Մինչ այս, նոր վարչապետ Փաշինյանը արցախյան գործընթացի հետ կապված երկու առիթով է ինչ-ինչ մտքեր հայտնել: Առաջինը. «Խաղաղ կարգավորման հիմքում պետք է ընկած լինի ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքը»: Եվ. «Պատրաստ եմ բանակցելու Ադրբեջանի ղեկավարի հետ՝ որպես հիմք ունենալով վերը նշված սկզբունքային դիրքորոշումը»: Եվ երկրորդ մոտեցումը, որ՝ «Բանակցությունները չեն կարող լիարժեք համարվել», այն է՝ արդյունք տալ, եթե դրանց չի մասնակցում Արցախը: Սակայն մեկ-երկու օրից, արդեն՝ որպես վարչապետ, այցելելով Արցախ, Փաշինյանը թերեւս արդեն գիտակցելով, որ իր հիշատակված հայտարարությունը խորը հակասության մեջ է մինչ այս ընթացող բանակցությունների, այսինքն՝ ինչպես Մինսկի խմբի համանախագահ երկրների, այնպես էլ՝ ՄԽ-ին աջակցած շատ այլ պետությունների եւ առանցքային միջազգային կառույցների մոտեցման հետ ¥որոնք ինքնորոշման սկզբունքից զատ, բանակցությունների հիմք են համարում նաեւ տարածքային ամբողջականության սկզբունքը¤ եւ կարող են միանգամից բանակցային գործընթացը տանել դադարեցման, մի փոքր մեղմեց մոտեցումը: Այսինքն, փոխզիջումների, այն է՝ տարածքային ամբողջականության սկզբունքի մասին «կարող ենք խոսել այն ժամանակ, երբ Ադրբեջանից կստանանք ուղերձ, որ Բաքուն պատրաստ է ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը»:

Եթե հաջողվի այս կերպ առաջ գնալ, փայլուն է: Բայց ամբողջ հարցն այն է, թե՝ կհաջողվի՞… Ադրբեջանի դիրքորոշումն այս նոր փուլում միանգամայն սպասելի էր. բանակցությունները կշարունակեն հենց այն կետից, որտեղ կանգ են առել: Այսինքն, այն օրակարգով, որը մինչ այս առաջ էր տանում ՄԽ-ն: Ավելին, համանախագահների հետ հիշատակված հանդիպումից հետո Մամեդյարովը հայտարարեց՝ Ադրբեջանը պատրաստ է ինտենսիվ բանակցությունների՝ ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման համար: Տրամաբանությունն էլ հետեւյալն է՝ Ադրբեջանում եւ Հայաստանում ընտրական գործընթացներն ավարտվել են, այսինքն՝ ձգձգելն էլ իմաստ չունի: Մեկ նրբերանգ. հաշվի առնելով, որ հայտարարությունը հնչեց ՄԽ-ի հետ հանդիպումից հետո, դժվար չէ ենթադրել, որ համանախագահները եւս բանակցություններն արագորեն վերսկսելու կողմ են: Ասենք, դա է վկայում նաեւ ՄԽ-ի այն տեղեկությունը, որ արդեն գալիք ամիս պատրաստվում են հանդիպել հայաստանյան նոր ղեկավարության հետ: Թե ՄԽ-Մամեդյարով հանդիպման փակ հատվածում ինչ է քննարկվել, հասկանալի է՝ որեւէ տեղեկատվություն չկա: Սակայն դժվար չէ կռահել, որ հայաստանյան ներկայիս ղեկավարության արտահայտած նոր եւ սկզբունքային մոտեցումը չէր կարող օրակարգից դուրս մնալ: Ավելին, կարելի է կռահել նաեւ Մամեդյարովի բողոքները. «Հայերը բոլորովին նոր եւ մեզ համար միան գամայն անընդունելի մոտեցումներ են կիրառում»: Միգուցե նա նաեւ վատ թաքցրած սպառնալիքներ է հնչեցրել. «Եթե հայկական կողմն ասում է, թե առանց իրենց նոր պահանջների, բանակցություններն անիմաստ են, էլ ինչո՞ւ ենք բանակցում: Ուրեմն, մենք մեր հարցը ինքներս կփորձենք մեր ձեւով լուծել, եթե չկարողանանք հայերին համոզել, շարունակել բանակցությունները մինչ այս եղած հարթությունում»:

ԿՓՈԽԻ՞ ՆԻԿՈԼԸ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՂԻՆ. ՀԱԶԻՎ ԹԵ

Այսպիսով, կարելի է չկասկածել, որ հայաստանյան նոր ղեկավարության հետ ՄԽ-ի սպասվող առաջիկա հանդիպումը հենց հիշատակված խնդրին էլ ուղղված կլինի: Այն է, հայկական կողմը պատրա՞ստ է բանակցությունները շարունակել այն դիրքերից, որտեղ ընդհատվել է, թե՞ մինչեւ վերջ շեշտը դնելու է Ադրբեջանի կողմից Արցախի ինքնորոշումը ճանաչելու պատրաստակամություն հայտնելու եւ բանակցություններին Արցախի մասնակցության իր «սկզբունքային դիրքորոշման» վրա, հակառակ դեպքում ընդունելով, որ եթե անգամ բանակցեն, այն միանգամայն անարդյունավետ կլինի, անիմաստ: Ընդ որում, կարելի է նաեւ վստահ լինել, որ համանախագահները, այսպես ասենք, համառորեն կերաշխավորեն ՝ համաձայնել բանակցությունները կանգ առած դիրքից շարունակելու տարբերակի օգտին: Իրականում, որ այս սպասելիքները գործնականում կասկած չեն հարուցում, հասկանում են բոլորը: Այլ բան, որ դժվար է պատկերացնել, թե նման իրավիճակում ինչ ուղղությամբ կշարժվի նորաթուխ վարչապետն ու նրա նոր ԱԳ նախարարը. երկուսն էլ արցախյան բանակցությունների առնչությամբ դեռ «մութ անտառ» են: Իհարկե, բանակցությունները նույն դիրքից շարունակելու տարբերակը մնում է ամենահավանականը (հետո ինչ, թե Նիկոլը վարչապետ ընտրվելիս եւ Արցախում ինչպիսի «սկզբունքային դիրքորոշումներ» է հայտնել: ԵՏՄ-ի հետ կապված էլ էր ժամանակին այլ «սկզբունքային դիրքորոշում» հայտնում, եւ հետո միանգամայն հակառակ մոտեցումը դարձավ նույնքան «սկզբունքային»): Առավել եւս, որ բանակցությունները կանգնած պահից շարունակելու օգտին խոսող հավելյալ փաստարկներից մեկն էլ այն է, որ Ադրբեջանը, ինչպես տարբեր ռազմական փորձագետներ են հասցրել նկատել, չի զլանա նման առիթն օգտագործել: Կարելի է որպես օրինակ բերել հեղինակավոր հետախույզ, ռազմական փորձագետ Վովա Վարդանովի՝ մեր թերթին տված հարցազրույցում Ադրբեջանի ներկայիս պատերազմական պատրաստվածության մասին հայտնած այս միտքը. «Երբ դիտարկում ենք, տեսնում ենք, որ զրահատեխնիկայի առումով բավականին նորմալ բռունցքներ են ստեղծել, զորախմբերի միավորումների մասով եւս լրջորեն պատրաստված են: Դրանք կարող են հարվածային գործողությունների դեպքում որոշ հատվածներում հաջողություններ արձանագրել»:

Ճիշտ է, կա նաեւ այն հույսը, թե համանախագահ երկրները, մասնավորապես՝ Ռուսաստանը Բաքվին թույլ չի տա պատերազմել: Միգուցե այդ գործոնը դեռ պահպանվում է, հաշվի առնելով, որ Հայաստանի «հեղափոխական» լիդերները դեռ ամեն ջանք գործադրում են՝ գոնե ցուցադրաբար հակառուսական դաշտ չմտնելու համար: Բայց նաեւ այս ամենաէական հանգամանքն աչքաթող չանենք: Այն, որ Ղարաբաղի շուրջ կայունությունը ներկայումս նույն ՌԴ-ի համար դարձել է շատ ավելի էական, քան մինչ այս, հեշտ է համոզվել: Նախօրեին վերջապես ԵՏՄ-ի եւ Իրանի միջեւ ստորագրվեց ազատ առեւտրի մասին միջանկյալ՝ եռամյա ժամկետով համաձայնագիրը: Այն միջանկյալ է համարվում, քանի որ դրա հիմքի վրա այդ ժամանակահատվածում նախապատրաստվելու է վերջնական համաձայնագիր: Բայց այդ դեպքում ինչո՞ւ նման միջանկյալ համաձայնագրի կարիք առաջացավ: Թերեւս այս հարցի պատասխանը եւս տեսանելի է. ՌԴ-ն այս պահին արդեն Մերձավոր Արեւելք եւ այստեղից՝ Հնդկաստան-Չինաստան ուղղությամբ տնտեսական ակտիվ ներգրավման խնդիր ունի, որը միաժամանակ ասոցացվում է «Մետաքսի ճանապարհի» հարավային ուղղության գործունեության հետ: Իսկ որ այդ նպատակների համար կովկասյան ուղղությունը՝ իր բոլոր կոմունիկացիաներով հանդերձ առաջնային նշանակություն է ստանում, դա էլ դժվար չէ տեսնել: Եվ վերջին դրվագը. այս գլոբալ ծրագրերը պահանջում են նաեւ ղարաբաղյան խնդրի առնվազն ժամանակավոր լուծում, եթե վերջնական լուծումն անհնար լինի: Այսինքն, Փաշինյանի խնդիրն այս պահին այն չէ, թե ընդամենը օրեր առաջ Արցախի կապակցությամբ հայտնած պաշտոնական դիրքորոշումից կհրաժարվի՞, թե՝ ոչ: Ամենամեծ հարցն այն է, որ նա, ըստ ամենայնի, եղած պայմաններով կմտնի բանակցային գործընթաց, որտեղ կարող է (հավանականությունը շատ մեծ է) նման բանակցային միջանկյալ օրակարգ առաջադրվել. շրջանների վերադարձ՝ կոմունիկացիաների վերագործարկման դիմաց, եւ Արցախի կարգավիճակի ճանաչման հետաձգում՝ պայմանագրային երաշխիքներով: Եվ ինչպե՞ս է նման իրավիճակում, որին, ի դեպ, կարող ենք ամենամոտ ապագայում բախվել, վարվելու նոր վարչապետը, ով, ի դեպ, ժամանակին սեփական ձեռքով էր գրում տարածքները հանձնելու տարբերակի մասին…

Մի խոսքով, կարծես թե այս «հեղափոխության» իրական իմաստներից մեկը սկսում է կամաց-կամաց իրեն ցույց տալ:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

ԱՄԻՍՆԵՐ ԱՌԱՋ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԹԻՄԱԿԻՑՆԵՐՆ ԷԻՆ ԽՈՍՈՒՄ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՑ

Քաղաքագետ Արմեն Գրիգորյանը, ով երեկ նշանակվեց ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, դեռ հաշված ամիսներ առաջ՝ անցած տարվա աշնանը նման համոզմունք էր հայտնում ղարաբաղյան գործընթացի մասին: Թե օրակարգում է միջանկյալ լուծման հարցը՝ հայկական կողմին առաջարկում են տարածքներ հանձնել, բայց ոչ թե Արցախի վերջնական, այլ միջանկյալ մի կարգավիճակի դիմաց. «Մեզ ասում են՝ տարածքներ տվեք՝ ոչնչի դիմաց: Սերժ Սարգսյանը ասաց, որ Արցախը չի կարող ներկայիս կարգավիճակից ավելի ցածր կարգավիճակ ունենալ: Բայց այսօր Արցախը չճանաչված հանրապետություն է: Այսինքն՝ միջանկյալ ստատուսը, որը կա բանակցությունների սեղանին, կարծես թե ընդունվում է Սերժ Սարգսյանի կողմից, ու չի դրվում հարց, որ՝ անկախ պետք է լինի, այլ ասվում է՝ ներկայիս իրավիճակից… Ճանաչում նշանակում է ստատուս ձեռք բերել, նոր ազատությունների շրջանակ ձեռք բերել: Ստացվում է՝ տարածքներ գրեթե ոչ մի բանի դիմաց, ինչպես եղել է Կազանում»: Այս հայտարարությունից հետո բանակցային գործընթացում գրեթե բան չի փոխվել: Այսինքն, եթե այն ժամանակ Ա.Գրիգորյանը ճիշտ էր, ապա հիմա այդ միջանկյալ կարգավորման պահանջը՝ «տարածքներ գրեթե ոչ մի բանի դիմացը» Մինսկի խումբը ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ արդեն՝ Նիկոլ Փաշինյանին է ներկայացնելու: Ու տեսնենք՝ ինչպե՞ս է Նիկոլը դրա դեմն առնելու: Իսկ եթե այն ժամանակ Ա.Գրիգորյանը սխալվում էր, ինչ-որ աբսուրդ մտքեր հրամցնում, ապա հարց է ծագում՝ նման մարդն ինչպե՞ս է ԱԱԽ-ն ղեկավարելու:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache