Նոր վտանգավոր խաղ Հայաստանի հետ

106

Հայաստանում նկատելի է խորհրդարանի արտահերթ ընտրության դեմ ուղղված արշավ, որին փորձ է արվում տալ նաեւ փաստարկային տեսք: Խորհրդարանի արտահերթ ընտրությունն անհիմն է դիտարկում նախկին իշխող մեծամասնությունը, ներկայում ամենամեծ խմբակցություն ՀՀԿ-ն: Խորհրդարանը լուծարելու օգտին բավական զգուշավոր են արտահայտվում ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն, թեեւ ավելի պատրաստակամ են վարչապետի հետ քննարկել այդ հեռանկարը:

Թեեւ, առերեւույթ ավելի պատրաստակամությունը ամենեւին չի նշանակում, թե այդ ուժերը ՀՀԿ-ից ավելի քիչ են ուզում պահպանել խորհրդարանը: Պարզապես նրանք չեն ուզում հռչակվել ՀՀԿ, քանի որ պատկերացնում են դրա հանրային հետեւանքը, առավել եւս ունենալով Երեւանի ընտրության արդյունքը:

Սակայն տվյալ պարագայում բուն խնդիրն այն չէ, որ ՀՀԿ-ն կամ խորհրդարանի մյուս ուժերը փորձում են մերժել արտահերթ ընտրության օրակարգը: Նրանք ձգտում են այդպիսով հնարավորինս բարձրացնել այդ ընտրությանը անխուսափելի համաձայնության գինը:

Կա երկրորդ շերտ կամ ուղղություն` փորձագիտական միջավայրը, որտեղից հնչում են տարբեր դատողություններ, որոնք խորհրդարանի ներկայիս գոյության նպատակահարմարությունը հիմնավորելու անուղղակի փորձ են: Անուղղակի, որովհետեւ շեշտադրումն արվում է ուշագրավ հնարքով: Չի ասվում բուն խնդիրը՝ խորհրդարանը պահելը, այլ կասկածի տակ է դրվում նոր խորհրդարանի նպատակահարմարությունը, այն հիմքով, թե միեւնույն է չկա կայացած քաղաքական համակարգ եւ մեծ է հավանականությունը, որ կլինի նոր 81 կամ այդ կարգի որեւէ տոկոս:

Տեսականում թվում է, թե բավական ռացիոնալ գնահատական է: Իսկապես, Հայաստանում չկա քաղաքական համակարգ: Բայց չի էլ լինի, եթե չավարտվի հեղափոխական իրավիճակը, եւ հանրությունն ու պետությունը չանցնեն նոր փուլ, որտեղ թավշյա հեղափոխությունը կարձանագրվի լիարժեք, կստանա լիարժեք պետական կնիք եւ որից հետո արդեն աստիճանաբար կփոխվի հանրության ու նոր իշխանության հարաբերության բովանդակությունն ու տրամաբանությունը, աստիճանաբար կսկսեն փոխվել իրավիճակի գնահատման հանրային ելակետերը եւ շարժառիթները:

Դա էլ պետք է ստեղծի այն նոր միջավայրը, որում առաջանալու են քաղաքական գործունեության նոր հնարավորություններ, ստեղծելով ընդհուպ նոր խաղացողների ի հայտ գալու հեռանկարներ, արդեն բոլորովին նոր խաղի կանոնների պայմաններում:

Դա այն բնական ճանապարհն է, որ պետք է անցնի թավշյա հեղափոխությունն իրականացնող հասարակությունն այդ հեղափոխությունն առաջնորդած թիմի հետ: Խորհրդարանի նոր ընտրությունն այդ բնական ճանապարհի տրամաբանական օղակն է:

Այստեղ մեջտեղ է բերվում իբրեւ թե «81 տոկոսի» այսպես ասած հակաժողովրդավարական վտանգը, կրկնելով մի տարածված եւ հիմնականում մակերեւութային դրույթը ընդդիմության անհրաժեշտության, կամ ընդդիմության բացակայության վտանգավորության մասին:

Դա մոտավորապես նույնն է, երբ ասենք ապրիլի թավշյա քայլարշավին մտահոգություն արտահայտվի, որ, օրինակ զուգահեռ որեւէ փողոց էլ չի փակում մեկ այլ ուժ, այսպես ասած ընդդիմությունը, կամ զուգահեռ որեւէ փողոցով չի անցնում մեկ այլ երթ, ասենք ընդդիմության երթը:

Իրավիճակը թվում է զավեշտալի, բայց իրականում այն ոչ թե զավեշտի է միտված, այլ բավական լուրջ վտանգի: Ընդ որում, թե այն ուժերի համար, որոնք այժմ խորհրդարանում են ու որոնց ֆորմալ քաղաքական համաձայնությունից է կախված արտահերթ ընտրության հեռանկարը, թե նաեւ պետության: Այդ փորձագիտական միջավայրը փորձում է պահպանել պետության համար անբնական վիճակը, երբ խորհրդարանական կառավարման մոդելում գործադիր իշխանությունը չունի խորհրդարանի բնական մեծամասնություն:

Տարիներ շարունակ Հայաստանը ճգնաժամի է հասցվել այն պատճառով, որ պետական ինստիտուտները եղել են զուտ ցուցանակ, իսկ դե ֆակտո իշխանությունը եղել է բոլորովին այլ ֆորմատի: Ներկայում էլ կա դե ֆակտո այլ իշխանություն, որը միայն կիսով չափ է ստացել դե յուրե իշխանություն: Այդպիսով, առնվազն կիսով չափ պետական ինստիտուտները շարունակում են կատարել գերազանցապես ցուցանակի դեր: Ներկայում փորձ է արվում համոզել, որ դա լավ է, կամ այդքան էլ վատ չէ: Դա պետության համար վտանգավոր փորձ է:

Փորձը վտանգավոր է նաեւ հենց այն քաղաքական ուժերի համար, ում փաստացի փորձում են համոզել, որ պետք է կառչել խորհրդարանի մանդատից: Այդ ուժերը մի անգամ չափազանց ծանր դրության մեջ հայտնվեցին, երբ ինչ որ մարդիկ նրանց համոզել էին չքվեարկել վարչապետի «ժողովրդի թեկնածուի» օգտին: Ներկայում դե ֆակտո համոզում են անել նույնը, լավ իմանալով, որ հետեւանքը իրականում ընկնելու է այդ ուժերի վրա, ոչ թե համոզողների: Հետո նրանք կսկսեն ուրիշներին համոզել ուրիշ բան, ինչպես մի անգամ օրինակ համոզում էին Գագիկ Ծառուկյանին, որը եւս դրա հետեւանքով հայտնվեց բավական ծանր վիճակում:

Ունենալով այդ օրինակները, խորհրդարանի ուժերն արդյո՞ք կգնան մի քանի անգամ տրորված քաղաքական եւ բարոյահոգեբանական վտանգի ճանապարհով, փորձելով կառչել խորհրդարանի տեղերից եւ չպատկերացնելով, որ խնդիրը ամենեւին այդ տեղը չէ՝ որ իրենք հեռանալու են, կարող են այլեւս չգալ եւ այդ տեղում կլինեն այլք: Եւ նույնիսկ հասարակական-քաղաքական կյանքում հետագայում որեւէ տեղի հեռանկար պահելն էլ չէ՝ ներկայում զիջելով տեղը խորհրդարանում: Խնդիրը ընդհանրապես պատմական հեռանկարում Հայաստանի տեղն ու դերն է, որի մասին ակնարկներ ու գնահատականներ հնչում են թե միջազգային առաջնորդների, թե ՄԱԿ գլխավոր քարտուղարի շուրթերից: Ո՞վ կմտնի այդ պատասխանատվության տակ:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache