Նոր զարգացումներ ղարաբաղյան խնդրում. Աննախադեպ հնարավորություն

0

Ադրբեջանը պատրաստվում է խոշոր ռազմական գործողությունների, հայտարարել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքով, Ադրբեջանի նախագահի ռազմատենչ ելույթը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում լավ առիթ է Հայաստանի եւ ԼՂՀ միջեւ ռազմաքաղաքական պայմանագիր ստորագրելու համար: «Եվ ամբողջ նախապատրաստությունը, որ նրանք իրականացնում են ինչպես Նախիջեւանում, այնպես էլ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի սահմաններին, վկայում է այն մասին, որ Բաքուն խոշոր ռազմական գործողություններ է պատրաստում»,- նշել է Մանոյանը:
Մանոյանը փաստացի հայտարարում է Հայաստանի կոալիցիայի ճանապարհային քարտեզը. հնարավոր են ռազմական գործողություններ, սակայն արդյունքը կլինի Արցախի հետ ռազմա-քաղաքական պայմանագիրը:
Բանակցությունների ձեւաչափն ու առարկան փոխվում են: ԱՄՆ-ն մտադիր է կրճատել ԵԱՀԿ Մինսկի խմբում իր համանախագահի աշխատակազմը: Բացի այդ, մյուս տարվա գարնանն ավարտվելու է Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետը, ով մինչեւ այժմ բանակցում է Հայաստանի ու Արցախի անունից: 2018 թվականին նախագահական ընտրություններ են տեղի ունենալու Ադրբեջանում:
Գլխավորը, սակայն, բանակցությունների առարկայի հավանական փոփոխությունն է: Այս մասին ազդարարել է Հայաստան ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Նա նշել է բանակցությունների վերսկսման երկու նախապայմանները՝ վստահության մեխանիզմների մասին Վիեննայի համաձայնագրի կատարումը եւ բանակցություններին Արցախի մասնակցությունը:
Հայաստանը չի հրաժարվել շփման գծին հետաքննության մեխանիզմների ներդրման պահանջից: Սակայն հատկանշական է, որ առաջին անգամ նախապայման է դրվում Արցախի մասնակցության հարցը:
Այս հանգամանքը կարող է պայմանավորված լինել տարբեր գործոններով: Օրինակ, հայկական կողմը վստահ է, որ Բաքվի համար այս ձեւաչափն անընդունելի է եւ պայմաններ է առաջ քաշում, որ զերծ մնա ոչ պետքական բանակցություններից եւ աշխատի ստատուս-քվոյի ամրապնդման ուղղությամբ՝ չեղարկելով մադրիդյան առաջարկները: Դրա համար հայկական կողմին քաղաքական կամք ու լավ երաշխիքներ են պետք:
Կա նաեւ այլ տարբերակ. համանախագահները բազմիցս պնդել են, որ Արցախն անպայման կներգրավվի բանակցություններին, սակայն վերջին փուլում: Կարելի՞ է կարծել, որ բանակցությունների վերջին փուլը մոտ է, եւ այդ պատճառով Հայաստանն սկսել է խոսել Արցախի մասնակցության մասին:
Մադրիդյան սկզբունքներից Հայաստանի չհրաժարվելու մասին հայտարարել է նույն Շավարշ Քոչարյանը: Իսկ նրա ղեկավար Էդվարդ Նալբանդյանը շարունակում է պնդել, որ ամենագլխավորը կարգավիճակի հարցն ու Արցախի անվտանգության երաշխիքներն են: Եթե այս հարցերը լուծվեն, մնացածն ածանցյալ են, այդ թվում՝ բազմագործոն անվտանգության երաշխիքները, ասել է Նալբանդյանը:
Կարգավիճակի հարցը, ինչպես նաեւ Արցախի մասնակցությունն Ադրբեջանի համար անընդունելի պայման է: Դա նշանակում է, որ ռազմական գործողությունների մասին Կիրո Մանոյանի խոսքն ավելի շոշափելի է դառնում: Հայաստանն առանց շանտաժի ու վախերի տրվելու իր քաղաքականությունը տրամաբանական ավարտին հասցնելու աննախադեպ հնարավորություն է ստացել:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache