Լրահոս

Նորագույն հրթիռներ Բաքվին

 

Ամեն անգամ, երբ Բաքու է հասնում ռուսական զենքի նոր խմբաքանակ, Ադրբեջանը սահմանին դիմում է սադրանքի
Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունն իր կայքում լուսանկարներ է հրապարակել ռուսական սպառազինության նոր խմբաքանակի մատակարարումից: Ադրբեջանական կողմը նշում է, որ մատակարարվել են նաեւ նորագույն հրթիռներ ու հրետանային կայանքներ: Ըստ տեղեկությունների, դրանք Սոլնցեպյոկի հրթիռներ են:
Սպառազինության հերթական խմբաքանակի մատակարարումը տեղի է ունենում հուլիսի 4-ին Ալխանլու գյուղում միջադեպից հետո: Հիշեցնենք, որ միջադեպից հետո Ռուսաստանի ԱԳՆ-ն երկու հայտարարություն է հրապարակել, որոնցում Ադրբեջանին մեղադրել է հայկական ծագմամբ Ռուսաստանի քաղաքացիներին խտրականության ենթարկելու մեջ:
Այն ժամանակ այդ հայտարարությունը զարմանք առաջացրեց ոչ միայն Ադրբեջանում: Հաշվի առնելով ադրբեջանա-ռուսական հարաբերությունների բնույթը, կարելի է ենթադրել, որ ՌԴ ԱԳՆ հայտարարությունները կապված էին ոչ թե ճակատում միջադեպի կամ էլ Ռուսաստանի քաղաքացի հայերի իրավունքների պաշտպանության, այլ «բիզնեսի» հետ: Կարծիք կար, որ Ռուսաստանն առեւտուր է անում ու «պատժում» Ադրբեջանին, օրինակ, սպառազինության դիմաց չվճարելու համար: Առավել եւս, որ անցած տարվա ընթացքում Ադրբեջանին ռուսական զենքի «ընդունում-հանձնումը» ուղեկցվել է սահմանին լարվածությամբ:
Ռուսաստանն ու Ադրբեջանը զենքի վաճառքը բիզնես են անվանում: Ռուսաստանը խորապես թքած ունի, թե ով է օգտագործելու այդ սպառազինությունը, քանի հայ զինվոր ու խաղաղ բնակիչ է սպանվելու, այն մտածում է միայն փողի ու իր ռազմարդյունաբերական համալիրի սպառման շուկայի մասին:
Հիշվում է, որ ապրիլյան պատերազմից հետո Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը երկու անգամ՝ ապրիլի 8-ին եւ մայիսի 17-ին, մեկնել է Բաքու: Ընդ որում, երկրորդ այցը կապված էր «զենքի վաճառքի խնդիրների հարթման» հետ:
Ռոգոզինը Բաքու էր մեկնել նաեւ 2016 թվականի մարտին՝ մինչեւ ապրիլյան պատերազմը: Ռուսական լրատվամիջոցներն այն ժամանակ գրում էին, որ Ադրբեջանը չի կարող վճարել սպառազինության դիմաց նավթի գների ու եկամուտների անկման պատճառով: Ռուսաստանի ու Ադրբեջանի միջեւ «բազար» էր սկսվել, եւ դատելով ապրիլյան պատերազմին Ռուսաստանի առաջին արձագանքից, պատերազմը նույնպես «բազարի» առարկա էր:
Ռուսական Կոմերսանտը գրել է նաեւ, որ Բաքուն դժգոհ է Հայաստանին հարձակողական սպառազինության մատակարարումից: Թերեւս, Բաքուն փորձել է փոխել գնվող սպառազինության ցանկը եւ իր միլիարդների դիմաց Մոսկվայից ոչ թե պաշտպանողական, այլ հարձակողական սպառազինություն ստանալ:
Դժվար է ասել, թե արդյոք Մոսկվան զիջումների էր գնացել, սակայն մարտին Բաքու այցելած Ռոգոզինը հայտարարել է, որ հարաբերությունները հարթվել են: Հետո սկսվել է ապրիլյան պատերազմը:
Ըստ երեւույթին, այդ բազարը շարունակվել է նաեւ ապրիլյան պատերազմից հետո, երբ Ռոգոզինն ապրիլին ու մայիսին ստիպված էր նորից Բաքու մեկնել: Այն ժամանակ ադրբեջանական մամուլը գրում էր, որ Բաքվի նավահանգիստ ռուսական զենք է հասել, որի դիմաց Ադրբեջանի ղեկավարությունը չի ցանկանում վճարել ու ընդունել այն: Բացատրություն չի տրվել, թե դա ինչի հետ է կապված, կամ այդ զենքը հարձակողական չէր, կամ էլ որակն այն չէր: Ռոգոզինն այդ ժամանակ էլ կարգավորեց հարցերը՝ ստանալով «կանխիկը»:
Ռուսաստանի փոխվարչապետը եւս մեկ անգամ Բաքու այցելեց 2016 թվականի դեկտեմբերին: Այն ժամանակ հայտնում էին, որ Ադրբեջանը ծայրահեղ դժգոհություն է հայտնել Հայաստանին Իսկանդեր հրթիռային համալիրների մատակարարման կապակցությամբ: Հավանաբար, Բաքուն պահանջել է առնվազն հավասարազոր մատակարարումներ անել: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 29-ին Ադրբեջանը գնդակոծել է Հայաստանի Չինարի գյուղը՝ սպանելով երեք հայ զինվորականի:
Մեկ այլ խոշոր միջադեպ տեղի ունեցավ 2017 թվականի փետրվարին՝ այն բանից հետո, երբ հունվարին Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ բանակցում է ռուսական սպառազինության նոր մատակարարումների շուրջ: Այն ժամանակ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ Հայաստանին դուր չի գալիս Ադրբեջանին ռուսական սպառազինության վաճառքը: Նա հայտարարեց, որ Հայաստանը ստիպված է ջանքեր գործադրել հավասարակշռության պահպանման համար:
Այս անգամ Ալիեւը զիջումներ ստացե՞լ է Ռուսաստանից: Եթե անգամ ճիշտ է, որ Բաքուն ռուսական «նորագույն հրթիռներ» է ստացել, նշանակում է, որ Մոսկվան համաձայնվել է Ադրբեջանին հարձակողական զանգվածային ոչնչացման սպառազինություն վաճառել: Ռոգոզինին, ում Ռուսաստանի կառավարությունում «կանխիկացնող» են անվանում, կարողացել է ստանալ կանխիկը եւ մատակարարել ապրանքը:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing