Նորից կանգնում ենք պատերազմի առջև. Վտանգավոր շրջափուլ է սկսվում

2

Մեր զրուցակիցն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը

Ռուսաստանը հերթական զինտեխնիկան է վաճառել Ադրբեջանին՝ ԲՏՌ-8210, մի զինատեսակ, որը հենց ապրիլյան պատերազմում ադրբեջանական կողմը կիրառում էր։ Ինչպե՞ս եք գնահատում այս փաստը և ինչո՞ւ որևէ պաշտոնական արձագանք չկա դրան։

Ռուսաստանը այդպիսի քաղաքականություն է վարում, զինում է Ադրբեջանին Հայաստանի դեմ։ Դե Հայաստանից էլ պաշտոնական արձագանք չկա, որովհետև երևի գոհ են այս վիճակից։ Գոնե ԱԳՆ-ն պետք է խոսի, բայց չի խոսում։ Դա տնտեսական մաս էլ ունի։ Ռուսաստանը խեղդվում է արևմտյան պատժամիջոցներից։ Նրան օդ ու ջրի պես դոլար է պետք։ Ադրբեջանն էլ, իր ժողովրդին կեղեքելով, այդ դոլարը տալիս է ռուսներին ու զենք առնում։ Այդ դոլարի համար ռուսներն արդեն կյանք են տալիս, նրանց աչքին էլ ուրիշ ոչինչ չի երևում։ Հիմա Ադրբեջանի ժողովուրդը պետք է ապստամբի ու Ալիևին գցի Կասպից ծովը, որովհետև նա կեղեքում է իրենց ու փողը ծախսում է զենքի վրա՝ Հայաստանի դեմ։ Ռուսներն էլ հաճույքով տալիս են զենքը, որովհետև փողի կարիք ունեն։ Ինչքան երկարի տնտեսական անկումը Ռուսաստանում, այնքան դոլարի այդ պրոբլեմը սրվելու է ՌԴ ներսում։ Այսինքն՝ բաղադրիչները շատ են։ Բայց մեզ համար կարևորն այն է, որ նորից կանգնում ենք պատերազմի առջև, սա է կարևորը ու պետք է մտածել, թե ինչ ենք անելու։ ԱՄՆ-ը անհանգստանո՞ւմ է սրանով, թե ոչ։ Պիտի անհանգստանա։ Եթե իրենք ուզում են, որ ԽՍՀՄ-ը ինչ-որ այլ այլակերպությամբ չվերականգնվի, պետք է աջակցեն Հայաստանին, քանի որ Հայաստանը զգայուն օղակ է։ Ամերիկացիները պետք է մտահոգվեն այս հարցով։

Կարելի՞ է ասել, որ Ռուսաստանը շարունակում է իր այդ քաղաքականությունը, որովհետև Հայաստանի կողմից չկա բավարար ճնշում։ Ի՞նչ կարող է անել Հայաստանն այս վիճակում։

Հայաստանն արձագանքի-չարձագանքի, Ռուսաստանը դա անելու է։ Դժվարանում եմ ասել, թե դրա դեմ Հայաստանն ինչ պետք է անի, դաշնակից պետք է գտնել, պետք է ուժեղացնել պետությունն ու նրա ինքնիշխանությունը։ Եթե մի ժողովրդի քննարկման առարկան մեկ կգ կարտոֆիլի գինն է, այդ ժողովուրդն ի՞նչ հարց կարող է լուծել։ Ուրիշ ո՞ր ժողովուրդն է քննարկում, թե շաքարավազը այսքան թանկացավ, միայն այն ժողովուրդները, որոնք բացարձակապես աղքատ են։ Աղքատ երկիրն ինչպե՞ս կարող է դիմակայել, այն էլ այդպիսի «բարեկամի»։Առաջին հանրապետության կործանման պարագայում նույն կերպ Ռուսաստանը զինել է Թուրքիային։ Օգոստոսի 19-ի՝ ռուս-թուրքական պայմանագրի նախատիպ ստեղծելով Թիֆլիսում՝ տակից զինում էր Քեմալին, հետո կազմակերպեց հարձակում Հայաստանի դեմ։ Ես դրանից շատ եմ վախենում։Եթե դիմանանք մի հինգ տարի, Ռուսաստանն այդ պատժամիջոցներից կքամվի, կխելոքանան, բայց դիմանալ է պետք։ Ռուսները հիմա ցայտնոտի մեջ են և ամեն ինչ կարող են անել։

Սակայն Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահող երկիր է և իրավունք չունի զինել հակամարտության կողմերին, մյուս կողմից էլ Հայաստանի ռազմավարական գործընկերն է ու խախտում է իր պարտավորությունները։ Հայաստանը չպե՞տք է արձագանքի դրան։

Հիմա Հայաստանի իշխանություններին ամենից շատ հետաքրքրում է իշխանության մեջ վերադասավորումների հարցը, թե ով է լինելու նախագահ, ով վարչապետ ու նախարար։ Հարցը նաև այն է, թե Հայաստանն ինչպես կարող է ազդել Ռուսաստանի վրա։ Կարող է ազդել այնպիսի երկիր, որն ունի լավ կազմակերպված հասարակություն, կազմակերպված իշխանություն և անկախ քաղաքական կուրս։ Դա կարող է լինել մի դեպքում, եթե պետությունն ունի տնտեսություն, գիտություն, մշակույթ։ Հիմա Հայաստանի պոտենցիալը ո՞րն է, երբ հիմա լրիվ կախված են ռուսական զենքի մատակարարումից։ Բոլոր դեպքերում, ՀՀ իշխանությունները պետք է պայքարեն և որոնեն այլընտրանքներ՝ ԱՄՆ, եվրոպական կառույցներ։ Ես իշխանության մեջ չեմ, որ իմանամ այդ ուղղությամբ գործընթաց կա, թե ոչ, բայց առաջին տպավորությունն այն է, որ կարծես համակերպվել են իրենց ճակատագրի հետ։ ԱԳՆ-ն Արցախի հարցում պետք է ունենա նոր հայեցակարգ. Տեսնում ենք, թե Մինսկի խումբն ինչ է անում, դաշնակից համարվող պետությունն ինչ է անում, այդ բոլորը ձախողված քաղաքականության արդյունքներ են, պետք է նոր կուրս ունենալ։

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունում նորություն կար, մասնավորապես, նշվեց, որ կողմերը համաձայնել են Կասպշիկի խմբի ընդլայնմանը։ Ինչպե՞ս եք գնահատում։

Դրանք բոլորը թղթի կտորներ են։ Տեսնում եք, թե ռուս-թուրքական ընկերակցությունը ինչ արեց քրդերի գլխին։ Քրդերին ոտքի հանեցին ռուսները, հետո թուրքերի հետ գնացին գործարքի, և քրդերը կոտորվեցին։ Ստացվեց, որ «Գազպրոմի» երկրորդ խողովակաշարի թույլտվություն ստացան ռուսները։ Այսինքն Ռուսաստանը քրդերին օգնում էր, որ թուրքերը վախենան ու զիջում անեն։ Թուրքերն էլ ասացին՝ եկեք կառուցեք, մեզ էլ թողեք մորթենք քրդերին։ Հիմա քանի որ Հայաստանը հազարումի թելերով կախվել է Ռուսաստանից, որը չպետք է աներ, ու մեր քաղաքական էլիտան ավելի շատ ռուսերեն է խոսում, եթե գիտի, քան հայերեն։ Բայց որ մեր ԱԳՆ-ն պետք է հայտարարություններ անի, պահանջի, դա միանշանական է, բայց դրա համար պետք են մարդիկ, որոնք ուղնուծուծով նվիրված են հայրենիքի անկախության գաղափարին ու գործին։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը վերջերս խոսեց Արցախի խնդրի կարգավորման մասին, որ այս խնդրում փուլային մոտեցում է պետք։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը։

Ռուսաստանն ապրիլյան պատերազմում ինչ խնդիր որ դրել էր, չեն լուծել Ադրբեջանի ձեռքով, հիմա նորից նոր շրջափուլ է սկսվում։ Ամենավտանգավորը դա է։ Ապրիլին Ռուսաստանը ոչ մի խնդիր չկարողացավ լուծել։ Ճիշտ է, մենք զոհեր տվեցինք և 800 հա տարածքի կորուստ ունեցանք, բայց ռազմավարական առումով ոչ Ռուսաստանը, ոչ Ադրբեջանը ոչ մի խնդիր չլուծեցին։ Իմ տպավորությունն այն է, որ նոր շրջափուլ է սկսվում նորից նույն նպատակով։

Տեսակետ կա, որ այս տարի սահմանին համեմատաբար խաղաղ վիճակը կպահպանվի, քանի որ թե Ադրբեջանում, թե Հայաստանում ընտրությունների են պատրաստվում։

Խաղաղ վիճակը դրանով չի պայմանավորված։ Բոլոր դեպքերում, բանակում կան բանիմաց մարդիկ, որոնք սահմանային գոտին ամրացրել են։ Շատ բան է արվել հակառակորդի տեղաշարժերը հայտնաբերելու ուղղությամբ։ Այսինքն երբ աշխատում ենք, արդյունք ունենում ենք։ Այսինքն՝ այս վիճակը ոչ Մինսկի խմբի հետ է կապված, ոչ Ռուսաստանի կամ որևէ այլ երկրի հետ։ Դրանցից ոչ մեկը շահագրգիռ չէ հարցը լուծելու հարցում։ Նրանք ասում են կարգավորենք, իսկ դա նշանակում է դրսից կառավարել և դա էլ անում են, իհարկե մեր զոհողությունների հաշվին։




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache