good-banner
Լրահոս

«Նրանք բերդից կենդանի դուրս չեն գալու». Սպանված կուրսանտի հայրը՝ որդու սպանողների մասին

 

kursant

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը չի կարողանում հասկանալ, թե ինչպես կարող էր որդին սպանվել վեց կուրսանտի աչքի առջեւ, ու որեւէ մեկը համարձակություն չունենար արձագանքել:

«Մեզ համար դա հենց սկզբից էլ անորոշ է մնացել, ինչու չեն վեր կացել, ես մեղադրել եմ, հիմա էլ եմ մեղադրում: Ուղղակի վախի ազդեցությունը շատ մեծ է եղել: Բոլորը միաբերան նույն բանն են ասում, որ վախի պատճառով, որ նույնը իրենց հետ կկատարվեր, դրա համար վեր չեն կացել: Մանավանդ՝ իմանալով ովքեր են եղել Հայկազին ծեծողները, ինստիտուտի լիդերները, որ վեց ամիսների ընթացքում իրենց ճնշել են՝ սկսած գումար հավաքելուց վերջացրած նվաստացնելով ու ծեծելով: Ես ուղղակի զարմանում եմ, որ նման մարդիկ, որոնք սենյակի մեջ են եղել, տեսել են՝ ինչ է  կատարվում ու այդ ձեւի վախեցել են ու ձայն չեն հանել, վաղը մյուս օրը ինչպես են սահման, երկիր նայելու: Մեր երեխաների վրա էլ սպա՞ են լինելու, ոնց ենք երեխա վստահելու նրանց, ոնց են այդքան վախկոտ լինելով՝ եկել, որ սպա դառնան»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արկադի Բարսեղյանը՝ անդրադառնալով որդու սենյակակից կուրսանտներին, որոնք տեսել են, թե ինչպես են դաժանաբար ծեծում, սպանում Հայկազին, բայց վախեցել են ձայն հանել:

Հիշեցնենք, որ այսօր Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատարանում ցուցմունք տվեց նրա սենյակակից Գեւորգ Վարդանյանը, որը պատմեց, թե ինչպես են համակուրսեցիներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը Հայկազին ծեծել հենց անկողնու մեջ, այնուհետեւ թեւերից քարշ տալով՝ դուրս հանել սենյակից: Արկադի Բարսեղյանը վստահ է, որ որդուն սպանողները ազատազրկման վայրից կենդանի դուրս չեն գալու.«Ես չեմ հավատում, որ ազատազրկումից հետո նրանք հետ կգան, իրենց ուղղակի կբերեն ու իրենց ծնողներին կտան: Իրենք այնտեղից կենդանի դուրս չեն գա, եթե այսքան ժամանակ էլ նրանք գոյություն ունեն, զուտ նրա համար, որ այս դատական նիստերը լինեն, ես բացեիբաց եմ ասում, պետական մարմինները ոնց ուզում են, թող հասկանան: Նմաններին ուղղակի թույլ չեն տա բերդից կենդանին դուրս գալ, ինչքան էլ իրենք «ատկազով» են գնում, թե մենք չենք արել եւ այլն, ես հուսով եմ, որ դրանք մի օր հավիտյան կքնեն, հավիտյան քնով կքնեն: Էդպես չի մնալու էլի: Չի լինելու նենց, որ դատավճռով գնան բերդ ու այնտեղից կենդանի հետ գան»:

Պարոն Բարսեղյանը քննադատեց բանակում անպատժելիության մթնոլորտը. «Էս բանակում ամեն օր սպանություններ են տեղի ունենում կամ էլ ինքնասպանության որակմամբ: Մարդը նորմալ ծառայության մեջ, մեկ էլ միամիտ գտնում են, որ ինքնասպան է  եղել: Արդեն դա դարձել է  թեւավոր խոսք: Ասում են՝ ինքնասպան է եղել ու ծնողին են տանում, տալիս, մի բան էլ մուննաթ են գալիս, թե էս ինչ երեխա ես դաստիարակել, ինքնասպան է եղել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Загрузка...
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

aravot.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing