Լրահոս

Նույնիսկ ուսն են կծել, որ թողնի զենքը. Մանրամասներ Էջմիածնի կրակոցներից

 

07

«Կարեն Գրիգորյանի մասնակցությունը դեպքին այնքանով է, որ ինքն այդ պահին եղել է մեքենայի մեջ և այդ մեքենայի ուղղությամբ արձակվել են կրակոցներ»,-Life.panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ներկայացնելով սեպտեմբերի 16-ի ուշ գիշերը Էջմիածնում տեղի ունեցած միջադեպը, ասաց Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության ծառայության ղեկավար Վարդան Վարդանյանը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ երեկ գիշերը Էջմիածնում կրակոցներ են արձակվել այն մեքենայի ուղղությամբ, որի մեջ եղել է Էջմիածնի քաղաքապետ, այժմ քաղաքապետի թեկնածու, ԱԺ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը:

«Իրականում, ամեն ինչ եղել է այսպես՝ 23:00-ի սահմաններում Կարեն Գրիգորյանը վերադառնալիս է եղել Երևանից իր եղբոր մեքենայով: Հիմա, երբ վերլուծում ենք կատարվածը, հասկանալի է դառնում, որ դեպքի վայրը հատուկ է ընտրված եղել, որպեսզի քաղաքապետարանի շրջակայքի տեսախցիկները չֆիքսեն, եթե մի քիչ այն կողմ կատարվեր դեպքը, քաղաքապետարանի տեսախցիկները կֆիքսեին կատարվածը: Մեքենան հակառակ երթևեկությամբ հատել են փողոցը, կտրել քաղաքապետի մեքենայի դիմացը ու ապակուց հանելով ձեռքը, սկսել են կրակել: Հետո պարզվել է, որ դա եղել է Հրաչիկ Աբգարյանի եղբոր որդու՝ Ստեփան Աբգարյանի մեքենան, որի մեջ եղել են ինքը, քաղաքապետի մյուս թեկնածու Արթուր Թումանյանը և ևս մեկ, թե երկու հոգի», -ներկայացրեց Վարդան Վարդանյանը:

Նշենք, որ Հրաչիկ Աբգարյանը Էջմիածնի նախկին քաղաքապետն է և վաղը կայանալիք ընտրություններում պաշտպանում է Արթուր Թումանյանի թեկնածությունը: Վերջիններին իր հերթին աջակցում է ԱԺ նախկին պատգամավոր, Ճոյտ մականունով Հակոբ Հակոբյանը:

Վարդանյանը շարունակելով ներկայացնել երեկվա դեպքը, ասաց, որ մեքենաների բախումից հետո դեպքի վայրում հավաքվել են մի խումբ քաղաքացիներ: «Էջմիածնեցիները կարողացել են զինված անձանց վնասազերծել, խլել են ձեռքներից զենքը և այդ գործողության ընթացքում, բնականաբար, նրանց վնաս է հասցվել՝ հանցագործի ձեռքից, որ զենքը խլում են, կարող է մի քիչ էլ նրանց վնաս հասցվի, նույնիսկ ուսն են կծել, որ թողնի զենքը», -հավելեց Վարդանյանը:

Վեճից հետո Արթուր Թումանյանը և Ստեփան Աբգարյանը տեղափոխվել են հիվանդանոց: Նա գտնվում է «Էրեբունի» ԲԿ նյարդաբանական բաժանմունքում:

Հարցին, թե Կարեն Գրիգորյանը մեքենայից չի՞ իջել, չի՞ փորձել միջամտել ծեծկռտուքին, հանդարտեցնել կողմերին, Վարդանյանը պատասխանեց, որ նա վեճին չի միջամտել «հաշվի առնելով նախընտրական քարոզչությունն այսօր արդեն ավարտվելու հանգամանքը»:

Հարցին, թե այսօր արդեն Արթուր Աբգարյանի շտաբը հայտարարել է, թե շտաբի անդամներից մեկին Կարեն Գրիգորյանի համախոհների կողմից առևանգման մասին տեղեկությունները արդյոք համապատասխանո՞ւմ են իրականությանը, Վարդանյանը պատասխանեց.

«Դա հորինած սուտ է, նման բան չի եղել, իրենց շտաբի անդամի առևանգում չի եղել: Շատ հնարավոր է իրենց շտաբի անդամին ասել են՝ հեռախոսներդ անջատի, մի պադվալում նստի, որ ասենք՝ իբր քեզ են ման գալիս: Շատ հնարավոր է: Իրենց շտաբից մարդ չի առևանգվել»:

Նա դժվարացավ կատարվածին գնահատական տալ և չպատասխանեց հարցին, թե արդյո՞ք կատարվածը մահափորձ է քաղաքապետի նկատմամբ. «Ես այսօր ոչ մի բան չեմ ասի: Այդ գործը իրավապահներինն է»:

Էջմիածնում քաղաքապետի ընտրությունները կկայանան վաղը՝ սեպտեմբերի 18-ին, այսօր լռության օր է:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing