Լրահոս

Օդի ջերմաստիճանը երկու օր առաջ +41 էր, այսօր` +21. կտրուկ տատանումը հյուծում է օրգանիզմը

 

Այս օրերին ջերմաստիճանը կտրուկ փոփոխությունների է ենթարկվում: ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը նկատում է, որ երկու օրվա ընթացքում գրանցվել է 20 աստիճանի տարբերություն:

«Հետո էլ ասում ենք՝ ժողովուրդը բողոքում է եղանակից ու կլիմայից: Երկու օր առաջ էս ժամին Երեւանում +41 էր, այսօր +21 է, այսինքն` մոտ 20 աստիճան ջերմաստիճանի տատանում: Միջին արժեքը վաղուց կորել է, ջերմաստիճանը կա´մ նորմայից շատ ցածր է, կամ շատ բարձր է: Օրգանիզմ է պետք, որ դիմանա…»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է նա:

ՀՀ գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը մեր խնդրանքով մանրամասնեց, թե ջերմաստիճանի կտրուկ տատանումներն ինչպես կարող են անդրադառնալ մարդու օրգանիզմի վրա: Նա ասաց, որ հաճախակի փոփոխությունները հյուծում են հարմարվողական մեխանիզմները:

Սրտաբանը նախ նշեց, որ մարդու օրգանիզմի վրա առավել բացասական ազդեցություն է ունենում բարձր ջերմային ֆոնը:

«Անբնական բարձր ջերմային միջավայրում օրգանիզմի հարմարվողական մեխանիզմները խանգարվում են: Առաջին հերթին մեծ քանակով ջրի եւ աղերի կորուստ է լինում, որը բերում է զարկերակային ճնշման անկման, առիթմիաների առաջացման, արյան մակարդելիության բարձրացման եւ ինֆարկտների ու ինսուլտների հավանականության մեծացման: Երբ ջերմաստիճանը դրսում բարձրանում է, օրգանիզմն իր հարմարվողական մեխանիզմները լարում է, որ կարողանա հարմարվել»,- ասաց Համլետ Հայրապետյանը:

Իսկ երբ ջերմաստիճանի կտրուկ անկում է լինում, օրգանիզմի հարմարվելու մեխանիզմները, որոնք գործում են, հնարավոր է խաթարվեն:

«Եվ օրգանիզմում կարող են տեղի ունենալ նույնպիսի կտրուկ փոփոխություններ, ինչ որ բարձր ջերմաստիճանի դեպքում: Զարկերակային ճնշում, սրտի իշեմիկ հիվանդություն, սրտի առիթմիաներ ունեցողների մոտ կարող են լինել սրացումներ: Իհարկե, ջերմաստիճանի կտրուկ փոփոխության հաճախակի կրկնությունները` շաբաթվա մեջ մի քանի անգամ կամ մեկ-երկու օրը մեկ, բերում են օրգանիզմի ադապտացիոն մեխանիզմների հյուծմանը»,- շարունակեց մեր զրուցակիցը:

Հաշվի առնելով կլիմայական պայմանները, երբ օդի ջերմաստիճանը մի ծայրահեղությունից մյուսում է հայտնվում, ի՞նչ կանխարգելիչ միջոցառումներ կարելի է ձեռնարկել` օրգանիզմը ցնցումներից հնարավորինս պաշտպանելու համար:

«Արեւի ճառագայթներից խուսափել, երբ որ շոգ է: Իսկ հատկապես սրտային հիվանդները փակ տարածքում պետք է ստեղծեն իրենց միկրոկլիման, որտեղ ջերմաստիճանի փոփոխությունները կտրուկ չեն լինի»,- խորհուրդ տվեց բժիշկը:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing