Լրահոս

Օլիգարխիան պատրաստվում է զոհերի

 

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում 8 միլիարդ դոլարի ներդրումների հեռանկար կա, չտեսնելու տրվեց Հայաստանի իշխանությունների կողմից:
Դեսպանը, հայտարարելով ամերիկյան ընկերությունների հետաքրքության մասին, ասել է, որ Հայաստանից ընդամենը ներդրումների անվտանգության եւ հավասար մրցակցային պայմանների երաշխիքներ են պահանջվում:
Հայաստանում, որտեղ ամեն ինչ բաժանված է մինչեւ վերջ, իշխանությունը կարող է ներդրումներ թույլ տալ «միայն իր հաշվին»: Ներդրումներ ներգրավելու համար իշխանության ներկայացուցիչները ստիպված են լինելու «սեփականից» ինչ-որ բան զոհաբերել, իսկ նրանք պատրաստ չեն դրան: Առավել եւս, որ Հայաստանում սեփականություն հասկացությունը խիստ հարաբերական է:
Արեւմուտքում գոյություն ունեցող հավասար մրցակցության մոդելը ձեռք չի տալիս օլիգարխիային: Մյուս կողմից, Հայաստանը չի կարող իրեն արաբական մոդել թույլ տալ, երբ ներդրումները թույլատրվում են սեփականության ու եկամուտների համատեղ տիրապետման պայմանով: Հայաստանին այս մոդելը չի համապատասխանում, որովհետեւ սեփականության իրավունքն ամրագրված է ոչ թե օրենքով եւ պետությամբ, այլ լատենտ պայմանավորվածություններով, որոնք միշտ կարելի է խզել: Կասկածելի սեփականության դեպքում համատեղ ներդրումներ, որպես կանոն, չեն արվում:
Հայկական օլիգարխիան դիլեմայի առաջ է կանգնած. Հայաստանում համակարգի պահպանման ռեսուրսներ այլեւս չկան, Ռուսաստանին այլեւս տալու բան չկա գումարի դիմաց, իսկ Արեւմուտքը, որն առաջ վարկեր էր տալիս, հանկարծ սկսել է խոսել ներդրումների մասին: Հայաստանի օլիգարխիային մնում է միայն ռիսկի գնալ ու բացել տնտեսությունը՝ զոհաբերելով իր «բաժինը», կամ էլ ինչ-որ պահի ստիպված կլինի երկիրը սնանկ հայտարարել:
Արդեն կարելի է նկատել, որ իշխանությունները փորձում են իրենց համար «անվտանգ» ներդրումներ ու ներարկումներ գտնել: Վարչապետին կից ներդրողների «փակ ակումբի» բացումը ռուսահայերի կիսաօրինական կապիտալը երկիր բերելու փորձ է, ինչը թույլ կտա Հայաստանն ապահովել անհրաժեշտ փողով, իսկ մյուս կողմից՝ «լվանալ» ոչ մաքուր փողերը:
Վարչապետը հանդիպում է նաեւ գերմանացիների, այլ ներդրողների հետ, որոնց հրավիրում է Հայաստան, սակայն կարծես թե իր պայմաններ է առաջ քաշում: Այդ պայմաններն, ըստ երեւույթին, ձեռնտու չեն ներդրողներին, քանի որ ոչ ոք չի հայտարարել կոնկրետ նախագծերի ու ներդրումների մասին:
Բացի այդ, կարելի է նկատել, որ օլիգարխիան պատրաստվում է որոշ ներտնտեսական քայլերի, օրինակ, բանկային տոկոսադրույքների իջեցմանը, ֆինանսական շրջանառության եւ իրական տնտեսության խթանմանը: Օլիգարխիան հասկանում է, որ առանց այս քայլերի հնարավոր չի լինի գոյատեւել: Այժմ, երբ իշխանության ներսում կառուցվել է ուղղահայացը, կարելի է ընտրել զոհերին, որոնց հաշվին «փրկվելու է» համակարգը:
Փորձագետների մի մասը կարծում է, որ ԱՄՆ ներդրումային առաջարկների անտեսումը պայմանավորված է նաեւ Ռուսաստանի ճնշումով, որը չի ցանկանում արեւմտյան կապիտալի ներթափանցում Հայաստան: Շատ երկրներում կապիտալը որոշում է քաղաքականությունն ու արտաքին կողմնորոշումը, սակայն Հայաստանում այդպես չէ: Այստեղ, ավելի շուտ, դեր է խաղում ռազմաքաղաքական ուժը եւ օլիգարխների վրա ուղղակի ազդեցությունը:
Այսպես թե այնպես, ակնհայտ է, որ ներդրումների համար բաց լինելու հայտարարությունների կողքին Հայաստանի իշխանությունն ակնհայտ անտեսում է ԱՄՆ կոնկրետ առաջարկները՝ փորձելով իր «բոստանը» պաշտպանել՝ միաժամանակ հետապնդելով ռուսական շահերը: Այլապես դժվար է հասկանալ իշխանությունների աղմկոտ լռությունն ամերիկյան դեսպանի առաջարկների հարցում: Եթե այդ ներդրումներն իրական չլինեին եւ եթե ԱՄՆ-ն Հայաստանի շահերին հակասող պայմաններ առաջ քաշեր, Հայաստանի իշխանությունները հազիվ թե լռեին: Նրանք այդ մասին ուրախությամբ կհայտարարեին:

 

 

 



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing