Լրահոս

Օլիգարխիայի հայելին. խաղը սկսված է

 

Ըստ Հայկական Ժամանակ թերթի, Գագիկ Ծառուկյանը հավանաբար կունենա ֆուտբոլային թիմ, որը կմասնակցի Հայաստանի առաջնությանը:

Գագիկ Ծառուկյանը մշտապես հեռու է մնացել ֆուտբոլից: Ավելին, կար որոշակի կոնֆլիկտ նրա եւ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի միջեւ: Կոնֆլիկտը բավական սուր դրսեւորումներ ստացավ հատկապես ԲՀԿ-ՀՀԿ տիրույթում, հասնելով ընդհուպ հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության տիրույթ: 2009 թվականին Հայաստանի հավաքականը Բուրսայում պարտվեց Թուրքիայի թիմին: Լրագրողների հարցին ի պատասխան, թե ինչու ինքը չէր մեկնել Բուրսա, Ծառուկյանն ասել էր, թե ինքը մեկնում է այն դեպքում, երբ վստահ է մարզական հաջողության հարցում: Ծառուկյանին կոշտ էր պատասխանել Ռուբեն Հայրապետյանը:Բուրսայում խաղին հետեւել էին Սերժ Սարգսյանն ու Աբդուլլահ Գյուլը:Ծառուկյանն իսկապե՞ս որոշել է մտնել ֆուտբոլ:

Դա նշանակու՞մ է արդյոք, որ ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ կոնֆլիկտային հարաբերությունը լիցքաթափվել է, թե՞ հայկական ֆուտբոլում հասունանում է նոր եւ ավելի մեծ դիմակայություն, այսպես ասած քաղաքական մասշտաբով, կամ տնտեսա-քաղաքական:Բանն այն է, որ վերջին շրջանում նկատվում է ֆուտբոլի ուղղությամբ հայկական կապիտալի շարժի նոր ալիք: Ընդ որում, դրանում նկատելի է հատկապես ռուսաստանահայ կապիտալի աշխուժությունը: Փյունիկ ակումբը Ռուբեն Հայրապետյանը վաճառեց ռուսաստանցի հայ մեծահարուստ Արթուր Սողոմոնյանին, որը հայտարարում է եվրոպական մրցաշարերում հավակնությունների մասին: Ալաշկերտ ակումբի հովանավոր է դարձել միլիարդատեր Սամվել Կարապետյանը, որը այժմ նաեւ ունի առաջին խմբում հանդես եկող ակումբ՝ Երեւանի «Արարատ Մոսկվա»:

Հայկական ակումբային ֆուտբոլը գրեթե միշտ եղել է տնտեսա-քաղաքական կամ ներիշխանական իրավիճակի յուրօրինակ ինդիկատոր: Ֆուտբոլում կապիտալի «տեղաբաշման» տեսքով նկատելի է եղել ներիշխանական ստատուս-քվոն, բիզնեսի եւ իշխանության սերտաճման քարտեզը: Այդպիսով, տարբեր փուլերում տարբեր օլիգարխներ ու տնտեսա-քաղաքական խմբեր են առաջնային դիրքեր եկել հայկական ակումբային ֆուտբոլում, հետո հեռացել: Դրա հետ միասին բացվել ու փակվել են ակումբներ: Ընդ որում, արձանագրվել են նույնիսկ ֆուտբոլային մասշտաբով տարօրինակություններ, երբ թիմը կարող էր դառնալ Հայաստանի չեմպիոն, իսկ մեկ-երկու տարի անց պարզապես դադարեր գոյություն ունենալ, թերեւս տնտեսա-քաղաքական համակարգում փոփոխությունների հետեւանքով:Այդ իմաստով, շատ հետաքրքիր է, որ հայկական ֆուտբոլի հանդեպ կապիտալի աշխուժության հերթական բուռն փուլը կամ ալիքը արձանագրվում է ներիշխանական տրանսֆորմացիաների աշխույժ շրջանի, համակարգային վերադասավորումների վճռորոշ փուլի հետ:

Ընդ որում, նկատելի է, որ ֆուտբոլում տեղի ունեցող գործընթացների դերակատարները գրեթե նույն շրջանակն են, ինչ համակարգային վերադասավորումներում:Ի դեպ, այդ տեսանկյունից հետաքրքիր է, թե արդյոք չորրորդ նախագահի հավակնորդ Արմեն Սարգսյանն ուշադրություն կդարձնի ֆուտբոլին, նկատի ունենալով երկու հանգամանք՝ նա երկարատեւ դիվանագիտական ծառայություն եւ ընդհանրապես տնտեսական գործունեություն է ծավալել ֆուտբոլի հայրենիք համարվող Մեծ Բրիտանիայում, եւ բացի այդ էլ Արմեն Սարգսյանը հայաստանյան համակարգային խաղի մեջ է ներգրավվում գերազանցապես կապիտալի ռեսուրսային ներուժի հույսով, եւ ըստ այդմ հարց է առաջանում, թե արդյոք նա դուրս կմնա «ֆուտբոլային խաղից»:Համենայն դեպս, այդ դեպքում թերեւս կամբողջանա պատկերը, եթե իհարկե Ծառուկյանն էլ իրապես միանում է:

Այդպիսով հայկական ակումբային ֆուտբոլում կարտացոլվի իշխանական կամ համակարգային ակումբի դիմակայությունը՝ ռուսաստանահայ կապիտալ, հայկական օլիգարխիան՝ որի ազդեցիկ ներկայացուցիչն է Ծառուկյանը, եւ կապիտալի արմենսարգսյանական բեւեռը: Իհարկե, հայկական ֆուտբոլում այժմ էլ կա հայկական կապիտալ, մյուս ակումբների սեփականատերերն ու հովանավորները Հայաստանից են, սակայն նրանք համեմատաբար փոքր տնտեսա-քաղաքական մասշտաբ ունեցող խմբեր են:Իրավիճակը ամբողջական կդառնա, եթե ֆուտբոլային ակումբ ունենա նաեւ բանակը:Ի վերջո, կմնա թերեւս ամենահետաքիր հարցը՝ իսկ ով է դատավորը, կամ այս դեպքում՝ մրցավարը:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing