Օլիգարխներին զինաթափում են

351

lragir.am — Ոստիկանությունը հայտարարել է, որ նախագահի վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Հովհաննես Հովսեփյանի ավտոմեքենաներում ինքնաձիգ եւ ատրճանակ է հայտնաբերել:

Դրանից մեկ օր առաջ ԱԱԾ-ն պատգամավոր Մանվել Գրիգորյանի տանը մի ամբողջ զինանոց էր գտել:

Մանվել Գրիգորյանին ինչու՞ էր այդքան զենք պետք: Ինչի՞ն էր պատրաստվում: Հավանաբար, քննության ժամանակ կհայտարարվի, որ զենքը նախատեսված էր արտաքին թշնամու դեմ ռազմական գործողությունների համար: Այդ դեպքում զենքը պետք էր զինապահեստներում պահել, այլ ոչ թե առանձնատանը:

Հայ օլիգարխները պատրաստվու՞մ էին զինված բախումների: ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հաստատել է, որ Էջմիածնում կարող էին բախվել Մանվել Գրիգորյանն ու Դոն Պիպոն: Վանեցյանը նշել է, որ հաշվի առնելով նրանց մոտ զենքի առկայությունը, այն կարող էր կրակել: Վանեցյանն ավելացրել է, որ Մանվել Գրիգորյանից ու Դոն Պիպոյից մեծ քանակությամբ զենք է առգրավվել:

Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունն անարյուն էր: Սա, թերեւս, միակ հեղափոխությունն է, որից հետո զոհերի հուշարձան չի լինի: Սակայն իշխանությունը կորցնողները հավանաբար պատրաստվում էին այլ սցենարների եւ փոքր առիթի դեպքում երկրում արյունահեղություն կսկսվեր:

Չի բացառվում, որ ոմանք անհամբեր սպասում էին այդպիսի կայծի, ինչպես սահմանին կուտակված ադրբեջանական ուժերն էին Հայաստանում անկարգությունների ու անիշխանության սպասում: Փառք Աստծո, խելամտությունը հաղթանակեց՝ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի ու քաղաքացիների խաղաղ մարտավարությունը, Սերժ Սարգսյանի ժամանակին տված հրաժարականը, Վովա Գասպարյանի սթափությունը եւ ՀՀԿ ինքնապահպանման բնազդը:

Բայց ռազմական եւ մյուս օլիգարխիան գիտեն, որ մի օր գալու են իրենց հետեւից: Այդ դեպքում զենքը կարող է պետք գալ:

Որքա՞ն զենք է պահպանվում օլիգարխների ու նախկին պաշտոնյաների պահեստներում ու ամառանոցներում: Ինչպես այսօր նշվեց խորհրդարանում, բոլորին հայտնի է, որ օլիգարխների թիկնապահները մինչեւ ատամները զինված են: Օլիգարխների բանակները գործողության մեջ կարելի էր տեսնել 2008 թվականի մարտի 1-ին: Հետո նրանք թաքցրին զենքը՝ մինչեւ հաջորդ իշխանափոխություն:

Շուտով Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են եւ երկար տարիների ընթացքում առաջին անգամ կարող է ազատ ու արդար ընտրություններ անցկացվել: Նրանք, ովքեր զենք ունեն եւ իշխանության գալու հնարավորություն չունեն, ինչ որ պահի կարող էին կիրառել այն: Ոմանց կարող է թվալ, որ դա միակ փաստարկն է, իսկ քաոսը՝ դիրքերը պահելու միակ ճանապարհը:

Նախքան ընտրությունները Հայաստանում զինաթափում պետք է տեղի ունենա: Չի բացառվում, որ հենց դրանով է պայմանավորված Մանվել Գրիգորյանի տանն ու Հովհաննես Հովսեփյանի ավտոմեքենաներում խուզարկությունները: Ո՞վ է հաջորդը: Նիկոլ Փաշինյանն օլիգարխերին կոչ կանի՞ կամավոր հանձնել զենքը: Մանվել Գրիգորյանի խայտառակությունը շատերի համար էր դաս:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache