good-banner
Լրահոս

Օրացույցի վրա էլ ազատ օր չկա՞ր, ինչո՞ւ ապրիլի 2-ին

 

16216414_1581419165237184_382890658_n-660x330

Ազատությունը ճակատագրի ընծա չէ, և ոչ էլ անկախությունը` <Մետաքսի ճանապարհ>: Հայ ժողովուրդը Հայաստանի անկախ պետության կերտման ճանապարհն անցնում է զավակների կյանքի ու տառապանքի գնով: Իշխանությունների միակ շռայլությունը ժողովրդին դա խոստումն է, դատարկ խոստումը: Վերջապես պիտի՞ ընդունենք, որ անրջային ցանկություններով, սին խոստումներով Հայաստանը չի զարգանա:

Հետտոնական այս օրերին հայկական քաղաքական հարթակը դարձել է թատերաբեմ, ուր բեմադրվում է կատակերգություն՝ հերթական զավեշտը մեր իրականության. կուսակցական հին ու նոր գործիչները լծվել են ի Խորհրդարանական ընտրություններ, որ փրկեն ոչ թե Հայաստանի քայքայված տնտեսությունը, այլ մի քանիսի ֆինանսական ճակատագրերն ու աթոռները: Կուսակցությունների քաղաքական դաշինք ամուսնություններն ու ապահարզանները, առ հասարակ ընտրություններ ասվածը, այսօր հայ հասարակությանն ամենաքիչն են հետաքրքրում, քանի որ հայ-ադրբեջանական, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը մնում է լարված, սահմանին մեր զինվորներն են, և նրանց կյանքը կախված է թելից՝ թշնամու դիպուկահարի աչքի վրիպումից: Զինվորի մոր համար զավակի վերադարձից կարևոր ոչինչ չկա աշխարհում, թեկուզ ինքը օրվա հացին կարոտ, իսկ մեր իշխանավորները ավելի քան երկու տասնամյակ է խաղաղության երաշխավոր չեն կարողանում դառնալ:

Այն որ Հայաստանի ու հայ ժողովրդի ճակատագիրը այլևս մեր իշխանավորները չեն տնօրինում՝ անհերքելի է: Անգամ ակներև որևէ բան փոխելու քայլ չեն անում: Փոխարենը, ընտրությունների նախաշեմին անսպառ էներգիա ու ջանք չի խնայվում խոստումների չափաբաժինն ապահովելու համար: Ապրիլի 2-ին ՀՀ ԱԺ ընտրությունների օրն է: Հարյուրամյակներ անընդմեջ տարին ունի 365 օր, և միայն չորս տարին մեկ է 1 օրով ավելանում է, իսկ հայկական օրացույցի վրա տարվա 365 օրերից միայն մեկ օր՝ ապրիլի 2-ն էր ազա՞տ, պարոնա՛յք իշխանավորներ, որ ճարահատյալ այս օրը ընտրեցիք ՀՀ ԱԺ ընտրությունների օր:

Ապրիլյան քառօրյա պատերազմը մի քանի ժամում ամբողջ աշխարհի հայությանը ոտքի հանեց, աշխարհն ապշել էր հայերի միաբանությունից, համաշխարհային մամուլը ուղղակի հեղեղվել էր ապրիլյան իրադարձություններով: Վստահ եմ, երկրիս ամենավերին ատյաններում սա չեն մոռացել, քանի՞ տասնյակ քաջորդիներ կորցրեցինք: Եվ ոչ միայն: Քանի՞ տասնյակ հաշմված զավակներ մինչ օրս կռիվ են տալիս կյանքի ու ցավի հետ…:

Ապրիլի 2-ին ՀՀ ԱԺ ընտրությունների օր նշանակելը, ներեցեք, դա նույնն է, ինչ ապրիլի 24-ին ընտրություններ անցկացնելը: Ապրիլի 2-ը Քառօրյա պատերազմում մեր հերոսների նահատակության առաջին տարին է: Իշխանական ամբողջ համակարգում մի գիտակից մարդ չկա՞ր, որ կյանքում մեկ անգամ հակառակեր վերադասին, որ ապրիլի 2-ը կապիտան Արմենակ Ուրֆանյանի, Քյարամ Սլոյանի, Ռոբերտ Աբաջյանի և մեր մյուս քաջորդիների հիշատակի օրն է, ՀՀ ԱԺ ընտրությունը նշանակեք մեկ ուրիշ օր:

Պարզվում է, որ չկար…

Ո՞ւմ համար, ինչի՞ համար էր անմեղ զավակների թափած արյունը, ինչպե՞ս եք դուք նայելու նրանց ողբացող մայրերի աչքերին: Մեկ է, նրանց ցավը չեք մեղմի: Սրբություն ունեցեք, հարգեք մեր մայրերի վիշտը: Փոխե՛ք ընտրությունների օրը, ժամանակ շատ ունեք, որ հուսահատ մեր ժողովուրդը մխիթարվի լոկ նրանով, որ իր ձայնը հերթական անգամ չդարձավ <Ձայն բարբառոյ, յանապատի>:

Ջեմմա Բաղդադյան

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...