Պաղպաղակների գրեթե 70 տոկոսն առողջական վտանգ է պարունակում

29

Հիգիենայի կանոնների խախտումը՝ համատարած երևույթ

Ամառն իր լիազորությունների մեջ դեռ չմտած, պաղպաղակի սիրահարները սեզոնը հայտարարում են բացված։ Մեկնարկային լավագույն արդյունք ցույց տալու պատրաստ տնտեսվարողներն էլ մարտահրավերն ընդունում ու գործի են անցնում։ Թե գործի մեջ շահի ու խղճի պայքարն ում մոտ ինչ կերպ է ընթանում ու ինչ վերջաբան ունենում, պաղպաղակ սիրողներից քչերին է հետաքրքրում։ Մյուս կողմից, եթե հաշվի առնենք այն, որ սպառողների մի մեծ սեգմենտ այդ մթերքի փոքրիկ սիրահարներն են կազմում, անվտանգության կանոններին չհետևելը լուրջ խնդիրների կհանգեցնի։

Երեխաներն, իհարկե, պարտավոր չեն արտադրամասից դուրս եկած պաղպաղակի հետագիծն իմանալ, բայց ծնողներին դա պետք է հուզի մի պարզ պատճառով. այն կենդանական ծագմամբ բարձր ռիսկային սնունդ է, չի ենթարկվում ջերմային մշակման, հետևաբար և մանրէների զարգացման համար հիանալի պայմաններ են ստեղծված։

Տնտեսվարողից սպառող ճանապարհին թե ինչ «փորձությունների» միջով է անցնում բարձր ռիսկային մթերքը, ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային կենտրոնի սննդի ռիսկերի կենտրոնում քաջատեղյակ են։ Պաղպաղակի շուկան կենտրոնի աշխատակիցների մանրադիտակի տակ հայտնվել է գործունեության ամենասկզբում՝ 2012 թվականին, ու ոչ պատական. կենտրոնի անվանումն արդեն իսկ հուշում է՝ ուշադրության կենտրոնում ռիսկ պարունակող մթերքները պետք է լինեն։

Հայկական պաղպաղակի շուկայում առկա խնդիրները վեր հանելու համար կենտրոնի աշխատակիցներից երկար ժամանակ չպահանջվեց։ Առաջին իսկ տարում և´ սանիտարահիգիենիկ կանոնների, և´ ֆիզիկաքիմիական բնութագրերի հարցում խախտումները ջրի երես դուրս եկան։

«Մեր հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ 2012 թվականից սկսած, երբ սկսեցինք պաղպաղակի շուկան ուսումնասիրել, խնդիրներ եղել են։ Առաջին տարում հետազոտելով տեղական վեց խոշոր արտադրողների արտադրանքը՝ ոչ միայն սանիտարահիգիենիկ կանոննների խախտումներ ենք արձանագրել, այլև վեցից երեքի մոտ աղիքային ցուպիկ ենք հայտնաբերել։ Իսկ մեզոֆիլային աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ միկրոօրգանիզմները նորմայի սահմանում է եղել ընդամենը երկուսի մոտ։ 2013թ. վիճակը ոչ միայն չէր բարելավվել, այլև ավելի էր վատացել. 10 խոշոր արտադրողներից ութի մոտ հայտնաբերվել էր աղիքային ցուպիկ, մեզոֆիլային աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ մանրէների թվի մի քանի անգամ գերազանցում, երկու արտադրողի մոտ՝ նաև ախտածին միկրոօրգանիզմներ (սալմոնելա)», -ասում է կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը։

Երեխաները՝ ամենախոցելի վիճակում

Արդեն 2014-15թթ. հետազոտությունների արդյունքներով, ըստ Դավիթ Պիպոյանի, ոլորտում որոշակի դրական տեղաշարժ արձանագրվել էր, բայց ոչ ավելին։ Այն, որ 10-ը տնտեսվարողներից և ոչ մեկի մոտ ախտածին միկրոօրգանիզմներ չէին հայտնաբերվել, միանշանակ դրական էր, բայց աղիքային ցուպիկի առկայությունն առնվազն երեք արտադրողի մոտ թույլ չէր տալիս հետևություն անել, որ պաղպաղակի շուկայում անվտանգությունը երաշխավորված է դեռ միայն սանիտարահիգիենիկ պայմանների պահպանման առումով։

2016-2017թթ. հետազոտված 10 արտադրանքներից՝ տեղական և ներմուծված, ընդամենը երեքն են և´ սանիտարահիգիենիկ, և´ ֆիզիկաքիմիական ցուցանիշներով համապատասխանել նորմերին։ Ի դեպ, անվտանգ ճանաչված երեք ապրանքատեսակներից մեկն էլ շատ քիչ սպառում ունի։

Եթե սանիտարահիգիենիկ որոշ կանոնների խախտումներ շարքային սպառողն անզեն աչքով կարող է տեսնել ու այդուհետ հրաժարվել օգտվել այդ վաճառակետից կամ արտադրանքից, ապա ֆիզիկաքիմիական ցուցանիշների կեղծումները միայն լաբորատոր փորձաքննությունն է պարզում։ Այդ տեսակի կեղծումներից ամենատարածվածը, ինչպես մեր զրուցակիցն է փաստում, կենդանական յուղը բուսականով փոխարինելն է։ Անցած տարի, օրինակ, 8 արտադրողներից 5-ի մոտ հայտնաբերվել է բուսական յուղ՝ այն դեպքում, երբ փաթեթավորման վրա նշված էր, թե կենդանական յուղից է պատրաստված։

Հնարավորինս մեծ եկամուտ ստանալու մոլուցքով էժան հումքի հետևից գնացող տնտեսվարողները փաթեթավորման վրա սխալ մակնշում անելով՝ սպառողին մոլորեցնում են։ Դավիթ Պիպոյանը շեշտում է՝ դա հանրային առողջապահական նշանակություն ունի և անբարեխիղճ տնտեսվարողներին հորդորում՝ հրաժարվել մարդկանց առողջության համար վտանգ ներկայացնող հումքից՝ կլինի սպրեդ, թե բուսական յուղ։ Պիպոյանի խոսքով՝ սա այն կեղծումներից է, որն առողջական լուրջ խնդիր կարող է առաջացնել հատկապես երեխաների մոտ, քանի որ նրանց օրգանիզմում տրանսճարպաթթուները պետք է 1 տոկոսից ցածր լինեն։ Իսկ եթե հաշվի առնենք այն, որ երեխան հնարավոր է ամեն օր ուտի բուսական յուղից պատրաստված պաղպաղակ, որը պարունակում է տրանսճարպաթթուներ, բնականաբար, նրա օրգանիզմում դրանց թույլատրելի քանակը մի քանի անգամ կգերազանցի, իսկ եթե նկատի առնենք նաև այն, որ պաղպաղակի սեզոնը տևում է միջինը 5-6 ամիս, մտահոգության առիթ, իրոք, կտեսնենք։

Մակնշման մեջ որոշ տնտեսվարողներ միայն պաղպաղակի բաղադրությունը չէ, որ կեղծում են։ Բազմաթիվ այլ խախտումներ էլ են արձանագրել կենտրոնի աշխատակիցները։

««Սերուցքային» կամ «պլոմբիր» բառը չի թույլատրվում կիրառել այն պաղպաղակների մակնշման մեջ, որոնք պարունակում են կաթնային յուղի փոխարինող։ Անցած տարի նաև նման խնդրի ենք առնչվել։ Տեխկանոնակարգի պահանջների խախտումներ էլ են արվում. օրինակ՝ 033 կանոնակարգով սահմանված է, որ դիմային հատվածում պետք է գրվի, թե ինչ պաղպաղակ է՝ սերուցքային, բուսասերուցքային և այլն, որն, ի դեպ, պաղպաղակի անվանը չպիտի զիջի ո´չ տառաչափով, ո´չ գույնով», -ասում է Դավիթ Պիպոյանը։

Բարձր ռիսկային համարվող ու անվտանգության երաշխիքներ չտվող պաղպաղակի շուկան անվտանգ դարձնելու և անբարեխիղճ տնտեսվարողներին օրենքի դաշտ տեղափոխելու համար շատ կարևոր է այն մշտապես խոշորացույցի տակ պահելը։ Կենտրոնում դա շատ լավ են հասկանում, բայց, ցավոք, միշտ չէ, որ կարողանում են իրականացնել։ Օրինակ այս տարի, հավանաբար, չստացվի հետազոտել շուկան, քանի որ ֆինանսավորումը կրճատվել է, իսկ առաջնահերթ ուսումնասիրություն պահանջող մթերքները մեծ հերթեր են գոյացրել։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache