Լրահոս

Պապն անտեսեց Էրդողանի «սպառնալիքները». Գերմանական ռադիո

 

hromi-pap-634x445

news.am — Հռոմի Պապի այցը Հայաստան շարունակում է իր վրա հրավիրել համաշխարհային լրատվամիջոցների ուշադրությունը: Գերմանական մամուլը հատկապես կարեւորել է ջարդերը նորից ցեղասպանություն անվանելու հանգամանքը, Գերմանիայում Բունդեսթագի կողմից ցեղասպանության մասին բանաձեւ ընդունելու եւ դրան հաջորդած Թուրքիայի արձագանքի ֆոնին:

«Բոլորը լարված սպասում էին, թե Հռոմի Պապը հայերի հալածանքներին անդրադառնալիս ինչ բառ կօգտագործի: Նա օգտագործեց ցեղասպանություն բառը եւ միաժամանակ հայ-թուրքական հաշտեցման կոչ արեց»,- գրում է Die Zeit-ը:

«Մինչեւ վերջին պահը պարզ չէր՝ Պապը կարտասանի՞ ցեղասպանություն բառը, թե՞ ոչ: Նրա ելույթի տեքստում բառը բացակայում էր, բայց նա իր այցելության առաջին օրն ասաց այդ բառը եւ աշխարհին զգուշացրեց երբեք չմոռանալ Հայոց ցեղասպանությունը»,- գրում է Tagesspiegel-ը:

Tagesspiegel-ը մասնավորապես կարեւորել էր նաեւ Հռոմի Պապի այցը Գյումրի: «Գյումրիում Հռոմի Պապի մատուցած պատարագը հատկապես մեծ իրադարձություն էր Հայաստանի հավատացյալների համար: Պապն իր աղոթքում հիշատակեց 1988-ի ավերիչ երկրաշարժը եւ քաղաքը, որը վերակենդանացել է»,- գրում է թերթը:

Deutsche Welle-ն նշում է, որ Հռոմի Պապը չի վախեցել շարժել Անկարայի զայրույթը: «Պապը հաստատեց Օսմանյան կայսրությունում հայոց ջարդերի մասին անցյալ տարի հայտնած իր դիրքորոշումը եւ նորից դատապարտեց ցեղասպանությունը: Պապը որոշեց ավելացնել այդ բառն իր ելույթի տեքստում՝ չնայած Անկարայի բողոքին: Դրանով Պապն անտեսեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «սպառնալիքները», ով 2015-ի ապրիլին հարգարժան Պապին սպառնալից ասել էր, թե ինքը հույս ունի, որ «նմանատիպ սխալներ այլեւս երբեք չեն կրկնվի»,- նշում է պարբերականը:

«Ֆրանցիսկոս Պապի այցն առանձնացրեց քրիստոնեության դերը հայոց ինքնության համար: Պապի այցը Ծիծեռնակաբերդ խաղաղության այց էր: Նա ոչ մի բառ չասաց, միայն աղոթեց: Մեծ եղեռնի մասին իր կարծիքը նա հայտնել էր դրա նախօրեին՝ հիշատակելով մեծաքանակ զոհերի մասին»,- հայտնում է Deutschlandfunk-ը:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...