Լրահոս

Պարգևատրում Ալիևին՝ Մոսկվայից…

 

Նալբանդյան-Լավրով-Մամեդյարով մոսկովյան հանդիպման կազմակերպչական աշխատանքներին զուգահեռ՝ ապրիլի 26-ին Ադրբեջան հասավ ռուսական զենքի և նորագույն ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակը, որը Ռուսաստանը մատակարարել է Ադրբեջանին՝ երկու երկրների միջև 2003 թվականին կնքված ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակում։

Թե հատկապես ինչ տեխնիկայի մասին է խոսքը, Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը չի մանրամասնել։

Սակայն հայտնի է դարձել, որ խոսքը ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչների մասին է։ Ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության՝ զենքի և ռազմական տեխնիկայի հետ միասին Ադրբեջան են հասել նաև ռուսաստանցի մասնագետներ, որոնք պետք է սովորեցնեն ադրբեջանցի գործընկերներին՝ ինչպես օգտագործել այդ զենքն ու տեխնիկան։

Հայաստանի մտահոգությունները հասկանալի են, բայց Ռուսաստանը դրանք չի ընդունի, քանի որ Ռուսաստանի տեսանկյունից՝ անազնիվ ոչինչ տեղի չի ունենում։

Վաճառվում է տեխնիկա Ադրբեջանին, վաճառվում է նաև Հայաստանին, եթե չվաճառի Ռուսաստանը, կվաճառի երրորդ երկիր, և դա կդառնա շատ ավելի անվերահսկելի գործընթաց՝ ըստ ռուսների: եթե ռուսական կողմը հավասարակշռման քաղաքականություն է վարում, ինչո՞ւ Ապրիլյան պատերազմից հետո փորձեց վերականգնել այն բացը, որի մասին խոսում էին փորձագետները՝ տրամադրելով «Իսկանդեր» համակարգեր, և որոշակի նոր նախաձեռնություններ հանդես բերելով։

Իր հերթին՝ Ադրբեջանը, փոխանակ պատժված զգար Ապրիլյան պատերազմից հետո’ դեռ պարգևատրվում է Մոսկվայի կողմից: Ահա՛ թե ինչպես է ստացվում, որ ռազմական հավասարակշռությունը խախտվում է, և խախտվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկի’ Ռուսաստանի թեթև ձեռքով:

Ռուսաստանի՝ նման քաղաքականությունը ռուս փորձագիտական շրջանակները բացատրում էին Ադրբեջանին վերահսկողության տակ պահելու Ռուսաստանի ձգտմամբ ու հավաստիացնում, որ այդ զենքը Հայաստանի ու Արցախի դեմ չի կիրառվելու:

Ապրիլյան պատերազմը, սակայն, հօդս ցնդեցրեց այս թեզերը, եւ հարկ էր մտածել նոր բան: Եվ ահա, ռուսական քաղաքագիտության հայաստանյան ուղղության առաջատարներից մեկը՝ Կոլերովը, հրապարակ է բերում նոր թեզ ռուսական իշխանության հակասությունների մասին:

Պարզվում է` Ադրբեջանին զենք վաճառելու որոշումը կայացրել է վարչապետ Մեդվեդևը, և դա իրականում հակասում է նախագահ Պուտինի դիրքորոշմանը, ով ժամանակին ասել էր, թե հակամարտության գոտի զենք մատակարարելը անբարոյականություն է: Իրականում այս թեզի մեջ նորություն չկա, պարզապես ռուսական քաղաքական մտքի կրեատիվը կարծես թե սպառվել է և ի զորու չեն գտնել նոր պատճառներ՝ մեր հանրության աչքերում սեփական քաղաքականությունն արդարացնելու նպատակով:

Այսպիսով, Ռուսաստանը Հայաստանին քաշում է մի վտանգավոր խաղի մեջ: Մի կողմ են դրվում Վիեննայի պահանջները, ու կարծես հայկական կողմն էլ սկսել է դրանց մասին առանձնապես չբարձրաձայնել, ու այս մթնոլորտում Մոսկվան շարունակում է «աջակցել» կողմերին’ բանակցությունների կազմակերպման հարցում:

 


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing