Պարոն Հարությունյան, ինչո՞ւ եք ատում մանկավարժներին, հո՞ բան չի եղել

182

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր նախարարական կարիերայի ամենասկզբից էլ հասկացնել տվեց, որ պետք չէ խաբվել հարթակից հայտնի դարձած իր կերպարին: Նա նաև անմիջապես կոտրեց այն միֆը, որ վարչապետի գլխարկից դնելն ամենևին չի նշանակում ունենալ վարչապետի գլխից, մտածողությունից և մարդկանց հանդեպ հարգալից վերաբերմունքից:

Այ, հենց այս վերջինն է, որ նրա մոտ ոչ թե պակասում է, այլ բացակայում է առհասարակ:
Նա չի կարողանում հարաբերվել իր ղեկավարած համակարգում աշխատող ուսուցիչների, տնօրենների հետ:

Իհարկե, ամենևին պարտադիր չէ, որ նախարարը դիվանագիտության վարպետ լինի, բայց տարրական հարգանք ունենալ պարտավոր է: Ամեն դեպքում տպավորություն է, որ նախարարը ողջ ուսուցչական կազմին վերաբերում է որպես ընտրակեղծարարների՝ կասկածելով նրանց գիտելիքների պաշարի և առհասարակ սերունդներ կրթելու ունակությունների վրա:

Իհարկե, հասկանալի է, որ դպրոցները ընտրատեղամասեր են եղել, ուսուցիչներն ու տնօրենները մասսայաբար անցել են ՀՀԿ-ի թրի տակով, կուսակցական տոմսեր ունեն: Չի մոռացվել նաև Հերմինե Նաղդալյանի դիրիժորությամբ Ցեղասպանության հարյուրամյակի շրջանակներում ուսուցիչների կուլտմասսայական աղմկահարույց պահվածքը, բայց…. Բայց դա կարող է չմարսել օրինակ քաղաքաշինության նախարարը, այն էլ որպես սովորական քաղաքացի, իսկ կրթության նախարարի ուսուցչատյաց կեցվածքն աններելի է: Գիտելիքի օրն, օրինակ, նա դպրոց է մտնում՝ չբարևելով ուսուցիչներին, դրանից առաջ խոսում է ուսուցիչներին զրոյի հավասարացնելու մասին…

Ա՛յ, այստեղ, դադար տանք ու նշենք, որ ԶՐՈ բառը նրա բառապաշարի անքակտելի մասն է, երևի մի բան զգում է… Հետաքրքիր է իմանալ, թե ինչ է կորցրել նա, ինչ է փնտրում, որն է իր դիսկոմֆորտի պատճառը, ինչու է կասկածում ուսուցիչներին և աշակերտեներին ասում, որ կարող են իրենք ընտրել իրենց ուսուցիչներին՝ մոտավորապես վիճակահանության կանոններով:
Այո, մեր ուսուցչական համակարգը տարիներ շարունակ խեղաթյուրել են, քայքայել են, ստրկացրել են, այստեղ կարելի է ստորակետ դնել ու շարունակել էլի, բայց հիմա դա փոխելու ժամանակն է: Որպես ՓՈԽՈՂ ամեն դեպքում այս նախարարը չի ընկալվում:

Հիշենք, որ սկզբում սկանդալային հայտարարություն արեց՝ ԱՅԲ կրթահամալիրի անունը կապելով կոռուպցիայի հետ՝ նվազագույնը վնասելով այդ դպրոցի բարի համբավը, հետո պարզեց, որ շտապել է, հետո թեման խլացրեց, իսկ ավելի ուշ էլ խոստովանության նման հայտարարեց, երեք բան՝

Առաջին՝ «ՀՀ ԿԳ փոխնախարարը բանակցում է «Այբ» հիմնադրամի հետ, որպեսզի Արարատյան բակալավրիատի նկատմամբ վերահսկողություն ունենանք»:
Երկրորդ՝ «Կարծում եմ, ավելի օգտակար կլինի, որպեսզի այս համակարգը բոլոր ավագ դպրոցներում ներդրվի, եթե դրա հնարավորությունը կա»:
Եվ երրորդ՝ «Ապագայում մենք անպայման կօգտվենք ծրագրի շրջանակում վերապատրաստված ուսուցիչների ծառայություններից, որովհետև այդ գիտելիքն ու դրական փորձը կուտակված է և չի կարող կորել»:

Այսինքն՝ իր բառերով ձևակերպած ԶՐՈ չէ: Փաստորեն նա հիմա ԲԱՆԱԿՑՈՒՄ Է մի կառույցի հետ, որին ոչ միայն հրապարակայնորեն գամել էր անարգանքի սյունին, այլև գովում է նրանց ծրագիրը և պատրատվում համագործակցել: Էլի գոհ լինենք, որ մասնագիտությամբ արևելագետ Հարությունյանն օրինակ այլ պաշտոն չի զբաղեցնում, թե չէ արևելքի ներում-բեկում չընդունող մեթոդները կիրառելու գայթակղությանը չէր դիմանա, ու, ասենք, հիմա կունենայինք աջ ձեռքից զրկված առնվազն տասը մարդ:

Հետաքրքիր է, նրա գիտելիքները ստուգող կգտնվի, թե ոչ, ամեն դեպքում ուսուցչատյացությունը նաև կարելի է բացատրել դպրոցում խնդիրներ ունենալու հանգամանքով, օրինակ կարելի է տալ ամենահայտնի հարցը. Վարդանանքը կարդացե՞լ է: Դրական պատասխանի դեպքում, ճշտող հարց տալ, իսկ ո՞ր լեզվով:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache