Լրահոս

Պարտադիր չէ, որ ոստիկանապետը խոսի․ Հունան Պողոսյան

 

default

news.am — Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն առաջին վայրկյանից գտնվում է դեպքի վայրում մինչեւ այս պահը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ մինչեւ այս պահը զինված գրոհի վերաբերյալ պատասխանատու օղակների որեւէ ղեկավար, այդ թվում ՀՀ ոստիկանապետը, դեպքի վերաբերյալ որեւէ բառ չեն ասում։ Մինչդեռ երրորդ օրն է, ինչ «Սասնա ծռեր» խմբի անդամները զինված գրոհել են ոստիկանության ՊՊԾ գնդի տարածք, որտեղ դեռեւս պատանդի կարգավիճակում գտնվում են ոստիկաններ:

Նախօրեին, գնդապետ Արթուր Վանոյանի հոգեհանգստի արարողության ժամանակ փորձեցինք դեպքերի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Վլադիմիր Գասպարյանից, սակայն վերջինս հեռացավ լուռ` առանց արձագանքելու մեր հարցերին:

«Ոստիկանապետը առաջին վայրկյանից գտնվում է դեպքի վայրում մինչեւ էս պահը եւ պարտադիր չէ, որ ինքը խոսի։ Ի՞նչ տարբերություն, ես եմ խոսում։ Ոստիկանության պետը խոսքի դիֆիցիտ չունի, նա տիրապետում է իրավիճակին, ոստիկանությունը՝ նույնպես»,-ասել է Հունան Պողոսյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի առավոտյան «Սասնա ծռեր» խմբի անդամները Էրեբունիում գրոհով վերցրել են ՊՊԾ գունդը։ Այս պահի դրությամբ այնտեղ պատանդի կարգավիճակում են հինգ ոստիկան՝ ՀՀ ոստիկանապետի տեղակալ, գեներալ Վարդան Եղիազարյանը, Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը եւ ՊՊԾ երեք ծառայող։ Նույն գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը զոհվել է նույն օրը: Վիրավորվել են եւս չորս ոստիկաններ՝ ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը, օպերատոր Ռոբերտ Հայրապետյանը, նաեւ ՊՊԾ գնդի գրոհին մասնակցած անձանցից մեկը՝ Թաթուլ Թամրազյանը: վերջինիս վիճակը գնահատվում է ծանր, նա վերակենդանացման բաժանմունքում է:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

newhing

newhing