Պաշտպանության նախարարության համարանիշներով KIA-ների վարորդների «գիշերային գաստրոլները» Երևանում. բարձրաստիճան գեներալի ավտոմեքենայի մեջ էլ «պսպղում էր» հանցագործ աշխարհի խորհրդանիշ «վասմիկանեչնիկը».

209

shamshyan.com — ի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով ժամը 19։00-ից հետո խստիվ արգելվում է պաշտպանության նախարարության ոչ օպերատիվ ծառայողների ավտոմեքենաների շահագործումը, ինչը նշանակում է, որ պաշտոնյաների վարորդները աշխատանքային ժամից դուրս իրավունք չունեն վարելու պետական միջոց համարվող տրանսպորտային միջոցը։

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, գիշերը ժամը 00։10-ին Թևոսյան և Գյուլիքեխվյան փողոցներում մեծ արագությամբ՝ ավտոռալլիի նման նշված փողոցներով շրջում էին KIA մակնիշի ՊՆ 01 00 Մ համարանիշի և KIA մակնիշի ՊՆ 0055 Մ համարանիշի ավտոմեքենաները։

Նշված ավտոմեքենաների վարորդները վթարային իրավիճակ էին ստեղծում անգամ այն ժամանակ, երբ Թևոսյան փողոցում տեղի ունեցած վթարի վայրում աշխատում էին ճանապարհային ոստիկանները։

Քաղաքացիները, տեսնելով, թե ինչպիսի դժոխային արագությամբ էին նշված ավտոմեքենաները «զվռնում», ասում էին. «Բազմաթիվ անգամ ականատես ենք եղել, թե ինչ կանոնավոր է շրջում պաշտպանության նախարարին սպասարկող ավտոմեքենան, իսկ սրանք, իրենց դնելով կինոյի լավ տղու տեղ ու համարելով իրենց անպատժելի, կարող են նույնիսկ ճանապարհային ոստիկանների ներկայությամբ չարամտորեն խախտել ճանապարհային երթևեկության կանոնները»։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «գիշերային չղջիկները» Թևոսյան փողոցից հետո հայտնաբերվեցին Գյուլիքեխվյան փողոցում։ KIA-ներից մեկի վարորդը, նկատելով, որ իրենք տեսա և լուսանկարահանվում են, հեռացավ դեպքի վայրից՝ ավտոմեքենան կանգնեցնելով հետիոտնի համար նախատեսված մայթին, իսկ վարորդը «ոտ-ոտ» մոտեցավ սպիտակ KIA-ի վարորդի մոտ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպիտակ KIA-ն սպասարկում է ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի ղեկավարին, որի ավտոմեքենայի մեջ էլ հայելուց կախված էր հանցագործ աշխարհի խորհրդանիշ համարվող «վասմիկանեչնիկ»։

Ստացվում է՝ պաշտպանության նախարարության բարձրաստիճան սպան ամեն օր իր ծառայողական ավտոմեքենայով տանից աշխատանքի, աշխատանքից տուն մեկնում է հանցագործ աշխարհի խորհրդանիշի ուղեկցությամբ։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ KIA-ի վարորդները, իմանալով, որ ժամանում են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները, ինչպես ժողովուրդն է ասում՝ «գող, սիրտը դող» հոգեբանությամբ ավտոմեքենաներով հեռացան։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ամբողջական ֆոտոշարքն այստեղ



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache