Լրահոս

Պաշտպանության նախարարությունը փոխու՞մ է «ստատուս-քվոն»

 

Նիժնի Նովգորոդի «Տրուդ» գործարանի ներկայացուցիչ Յուլիա Բուրովիկովան Երեւանում հայտարարել է, թե Հայաստանի պաշտպանության նախարարության հետ քննարկել են Հայաստան Ռուսաստանից զինվորական համազգեստ ներկրելու հարցը: Բուրիկովան ասել է, թե նախատեսում են առաջին փուլում ներկրել գոտիներ: Թե ինչ են նախատեսում հաջորդ փուլերում, պարզ չէ:

Պարզ չէ նաեւ, թե արդյոք Հայաստանում չկա զինվորական հանդերձանքը տեղում արտադրելու հնարավորություն:Ինչու՞ է այն ներկրվելու Ռուսաստանից: Ընդ որում, խնդիրն այստեղ ամենեւին էլ երկիրը չէ, որտեղից պետք է ներկրվի կամ կարող է ներկրվել համազգեստը, այլ ներկրման փաստն ինքնին:Բացատրությունը կարող է լինել այն, որ այդպես ավելի էժան է: Կամ, բացատրություն կարող է լինել, որ կան զինվորական համազգեստի նուրբ առանձնահատկություններ, որոնք պահանջում են այսպես ասած արտադրական հատուկ տեխնոլոգիաներ՝ զինվորների հարմարավետության, անվտանգության, մարտունակության համար:

Այդուհանդերձ, Հայաստանի համար գերակա խնդիրը պետք է լինի անգամ այդ արտադրական տեխնոլոգիան ներդնելը, թեկուզ գործակցելով հենց ռուսական ընկերությունների հետ:Երբ պաշտպանության նախարարի պաշտոնին նշանակվեց Վիգեն Սարգսյանը եւ առաջ քաշեց ազգ-բանակ հայեցակարգը, դրա այսպես ասած սկզբունքներից մեկն էլ դիտարկվում էր Հայաստանի բանակի համար անհրաժեշտ կարիքները հնարավորինս հենց Հայաստանում կազմակերպվող արտադրության միջոցով հոգալը:Թվում է, որ գոնե հանդերձանքի մասով Հայաստանը պետք է կարողանա իր արտադրական ներուժով ապահովել իր զինված ուժերը: Զուտ տնտեսական առումով չի բացառվում, որ լինի Ռուսաստանից ավելի էժան ներկրման տարբերակ, հաշվի առնելով այն, որ Ռուսաստանում արտադրական ծավալները անհամեմատ ավելի մեծ են եւ ըստ այդմ կա հնարավորություն քանակի հաշվին հասնել ավելի ցածր ինքնարժեքի:

Մյուս կողմից, սակայն, իրավիճակն իհարկե պահանջում է շատ ավելի խորքային դիտարկում, որի դեպքում հնարավոր է Հայաստանում արտադրությունը լինի որոշակի ավելի բարձր ինքնարժեքով, սակայն տեղում արտադրելն այդուամենայնիվ ունենա տնտեսության համար առավել զգալի մուլտիպլիկատիվ էֆեկտ, երբ բանակի գնումների փողը կմնա Հայաստանում՝ աշխատատեղ, գնողունակության որոշակի ծավալ:Եթե Հայաստանն ի վիճակի չի լինելու իր արտադրական ներուժով ապահովել իր զինված ուժերի գոնե որակյալ հանդերձանք, ապա ի՞նչ ազգ-բանակ հայեցակարգի մասին կարող է լինել խոսքը:

Օրերս պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այցելել էր Մոսկվա՝ անվտանգության միջազգային համաժողովի մասնակցելու համար: Այցի շրջանակում տեղի էր ունեցել նաեւ հայ-ռուսական ռազմարդյունաբերական գործակցությանը նվիրված համաժողով:Ինչ կոնկրետ արդյունքներ ունեն այդ համաժողովներն ու քննարկումները ռուսական կողմի հետ, առայժմ պարզ չէ: Ինչպես պարզ չէ, թե Մոսկվան ինչպես է օրինակ արձագանքել Գյումրիում համատեղ ռազմարդյունաբերական համալիր ստեղծելու Սերժ Սարգսյանի առաջարկին, որ նա արեց մարտի 10-ին Մոսկվա մեկնելուց առաջ:
Փոխարենը այժմ ստացվում է կոնկրետ տեղեկատվություն, որ Հայաստանը զինուժի հանդերձանք է ներկրելու Ռուսաստանից: Եթե ռազմարդյունաբերական գործակցության արդյունքը պետք է լինի Հայաստանում արտադրական տեխնոլոգիաների ընդլայնումը, ապա դա մի բան է, իսկ եթե այդ գործակցության արդյունքը պետք է լինի ռուսական արտադրանքի համար շուկայի ընդլայնումը, ապա թերեւս անհրաժեշտ է ձեռնպահ մնալ այդ գործակցությունից եւ փնտրել նոր գործընկերներ, ինչպես նաեւ աշխատել Հայաստանում նոր տեխնոլոգիաներ զարգացնելու ուղղությամբ, առավել եւս, որ Հայաստանը գոնե այդ հարցում չունի անհրաժեշտ ռեսուրսի՝ մտավոր ներուժի պակաս:
Իհարկե, պետք չէ բացառել նաեւ, որ ռուսական ներկրումները կարող են լինել այլ «հայկական տեխնոլոգիայի» դրսեւորում, երբ այդ միջոցով Հայաստանում տեղի կունենա այսպես ասած տնտեսական ռեսուրսի վերաբաշխում՝ բանակի մատակարարումներ իրականացնող կազմակերպությունների ոլորտում, մինչեւ նոր ստատուս-քվոյի եւ ըստ այդմ արդեն հայկական նոր արտադրության ձեւավորումը:Ի դեպ, այդ ֆոնին հետաքրքրական է մասնավորապես տեղեկությունը, որ հրապարակվել է մամուլում, բանակի մատակարարումների չարաշահման հետ կապված:
«Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն օրերս դիմել է դատարան՝ պահանջելով Դանինի ՍՊԸ-ից բռնագանձել 51 մլն դրամ՝ ավելի քան 105 հազար դոլար: Հայցի համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ Դանինի» ՍՊԸ-ն չի կատարել ՊՆ հանդեպ պարտավորությունները և փորձել է քցել պետությանը:Նկատենք, որ Դանինի ՍՊԸ-ն տարիներ շարունակ եղել է բյուջետային տարբեր կազմակերպությունների կարիքների համար պետական գնումների մրցույթները հաղթողների արտոնյալ շարքում: Սակայն ՍՊԸ-ն գրեթե միշտ մրցույթները շահել է անազնիվ եղանակով. 2013թ. ՎՊ-ն բացահայտեց, որ պետական գնումների մրցույթում հաղթած Դանինի ՍՊԸ-ն ապրանքները մատակարարել է շուկայականից շատ ավելի թանկ գներով, և այդպես բյուջեից մեծ գումարներ էին վատնվել», գրել է Ժողովուրդ թերթը, հիշեցնելով ի դեպ մամուլի ավելի վաղ հրապարակումներն այն մասին, որ տվյալ ընկերությունը սերտ առնչություն ունի Երեւանի քաղաքապետի ՀՀԿ թեկնածու Տարոն Մարգարյանի հետ:
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing