Լրահոս

Պատերազմի դեպքում Ադրբեջանի ինքնաթիռները Բաքվի և այլ օդանավակայաններից դեռ նոր բարձրացած, կարող են խփվել մեր ՀՕՊ-ի կողմից

 

Հայաստանի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ռադիոտեխնիկական զորատեսակների շնորհիվ մոտ 400 կիլոմետր շառավղով օդային տարածքը հետախուզվում է: Եթե մեր ՀՕՊ-ի ռադիոտեխնիկական միջոցները Հայաստանի պետական սահմանից նույնիսկ 100 կիլոմետր հեռավորության վրա տեղաբաշխված լինեն, ապա, միևնույն է, հակառակորդի թռչող օբյեկտները կարող են հայտնաբերել դեռ իրենց տարածքում, սահմանից մոտ 300 կիլոմետր հեռավորության վրա: Նշված հնարավորությունը մեր զենիթահրթիռային համալիրներին թույլ է տալիս Հայաստանի համար սպառնալիք ներկայացնող օդային թիրախները խոցել ՀՀ պետական սահմանից դուրս, ինչն անհրաժեշտ է պատերազմի դեպքում հակառակորդի օդային թիրախները դեռ իրենց իսկ տարածքում ոչնչացնելու համար:
Առաջիկա կիրակին` մայիսի 21-ը, Հայաստանի Հանրապետության հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) զորքերի օրն է ու մեր ՀՕՊ զորքերի 25-ամյակը, որի կազմավորումը սկսվել է Հայաստանի անկախության ձեռքբերումից հետո, 1992 թվականին:
Տոնի ամիսն ու օրը պայմանավորված է նրանով, որ 1994թ. մայիսին ավարտվել է մեր երկրի զինված ուժերի հակաօդային ստորաբաժանումների կազմավորումը: Հենց այդ ժամանակ էլ որոշում է կայացվել յուրաքանչյուր տարի մայիսի երրորդ կիրակի օրը նշել Հակաօդային պաշտպանության զորքերի օրը: Հայաստանի ՀՕՊ զորքերը մեր երկրի զինված ուժերի բաղկացուցիչ մասը լինելով, ենթարկվում են Հայաստանի պաշտպանության նախարարությանը: ՊՆ ՀՕՊ զորքերի վարչության պետը գնդապետ Արմեն Վարդանյանն է:
Մեր երկրի ՀՕՊ-ի կազմավորումը սկսվել է դժվարին ժամանակներում: 1991թ. ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Հայաստանում գտնվող բոլոր զենիթահրթիռային համալիրները, ինչպես նաև ռադիոլոկացիոն միջոցները հանված էին մարտական վիճակից ու գտնվում էին անորոշ վիճակում։ Հակաօդային պաշտպանության վարչությունը ստեղծվել է շուրջ 1 տարի անց, պաշտպանության նախարարի 1992թ. սեպտեմբերի 14-ի հրամանով: Վարչության ստեղծմանը հետևել է ՀՕՊ զորքերը համապատասխան սպայական և ենթասպայական կազմով համալրելու գործընթացը։ Միաժամանակ, 1992թ. պլանավորվել և իրագործվել է նախկինում ՀՕՊ զորքերում ծառայած պահեստայինների զորակոչը։ Զորակոչվել են մոտ 400 սպա և ենթասպա:

Արցախյան ազատամարտի ընթացքում ստեղծվել են հրամանատարական կետեր, զորամասերի և ստորաբաժանումների կառավարման ցանց և մի ամբողջ զենիթահրթիռային ու ռադիոլոկացիոն համակարգ, որն էլ դրվել է մարտական հերթապահության։ ՀՕՊ-ի համալիրի ստեղծման գործում առանձնակի դեր են խաղացել զինված ուժերի կազմավորված զորամասերի անձնակազմերը, որոնք ծանրագույն պայմաններում դժվարանցանելի ճանպարհներով հարյուրավոր միավորների հասնող տեխնիկան տեղափոխել են սահմանային գոտիներ:
Մոտոհրաձգային գնդերում և բրիգադներում միաժամանակ ստեղծվել են հակաօդային պաշտպանության թեթև օղակներ, որոնք հետագայում վերածվել են մարտկոցների և դիվիզիոնների։ Զենիթային հրթիռային տեխնիկայի ճիշտ տեղաբաշխումը և արդյունավետ օգտագործումը երաշխիք հանդիսացավ հակառակորդի օդային ուժերի գրոհների կասեցման, ինչպես նաև մեր զորքերի ապահով առաջխաղացման համար և, ինչը նույնպես շատ կարևոր է, նպաստեց զորքերի ողջ անձնակազմի և բնակչության մարտական ոգու բարձրացմանը և հաղթանակի նկատմամբ հավատին։
Հակառակորդի առաջին ինքնաթիռը խոցվել է «Շիլկա» զենիթային ինքնագնաց կայանքով, 1992թ. ապրիլի 16-ին: Մեր հակաօդային պաշտպանության զորքերը 1992-1994թթ. մարտերի ընթացքում ոչնչացրել են հակառակորդի տասնյակից ավելի (այլ տեղեկությունների համաձայն, 2 տասնյակից ավելի) ինքնաթիռ և ուղղաթիռ, մեծ քանակության ռազմական տեխնիկա` հակառակորդի օդաչուներին հասկացնելով, որ անպատժելի չեն:
Զորատեսակն անցել է կայացման ու զարգացման մի քանի փուլ, որոնց ընթացքում բարձրացել է մարտական պատրաստականությունը, արդիականացվել ու համալրվել են սպառազինությունն ու ռազմական տեխնիկան: Այսօր ՀՕՊ զորքերը անխախտ հսկում են Հայաստանի օդային սահմանները, ԱՊՀ մասնակից երկրների ՀՕՊ միացյալ համակարգում իրականացնում մարտական հերթապահություն: ՀՕՊ զորքերի զարգացման և կատարելագործման գործում կարևոր և առանձնահատուկ դեր ունի ԱՊՀ երկրների «ՀՕՊ-ի համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի ստորագրումը:
ԱՊՀ մասնակից երկրների ՀՕՊ միացյալ համակարգի համատեղ միջոցառումների ծրագրի համաձայն, ՌԴ ՌՕՈՒ պետական զորավարժարանում (Աշուլուկ) 1999 թվականից երկու տարին մեկ անցկացվում են մարտական հրթիռահրաձգությամբ համատեղ մարտավարական զորավարժություններ: Սկսած 1999թ. ապրիլի 15-ից, ՌԴ պաշտպանության նախարարության հետ համատեղ մարտական հերթապահություն են իրականացնում նաև մեր ՀՕՊ զորքերը։
ՀՕՊ կազմակերպման փորձառությունը` կարևոր ուղղություններում օգտագործել իր հզորությունն ու միջոցները, մարտական գործողությունների և զորաշարժերի ընթացքում պահպանել այլ զորամասերի և ստորաբաժանումների հետ փոխգործողություններն ու գործողությունների ներդաշնակությունը, որը ձեռք է բերվել պատերազմի ընթացքում, ներկայումս նույնպես պահպանում է իր նշանակությունը։
ՀՕՊ զորքերի հիմնական խնդիրը մեր երկրի օդային տարածությունում պետական սահմանի անառիկության ապահովումն է, իսկ ԱՊՀ մասնակից պետությունների ՀՕՊ միացյալ համակարգի կազմում` հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանի օդային տարածությունում, ՌԴ ռազմական բազայի ՀՕՊ և ավիացիայի ուժերի ու միջոցների հետ միասին, ԶՈՒ ՀՕՊ զորքերի առջև դրված մարտական խնդիրների կատարումը:
Օդային տարածությունում պետական սահմանի (շփման գծի) խախտումները կանխարգելելու և բացառելու, հերթապահ ուժերով ու միջոցներով օդային հակառակորդի հանկարծակի հարվածները հետ մղելու նպատակով, հերթապահ ուժերն ու միջոցները մշտապես համապատասխան պատրաստականության վիճակում պահելը ՀՕՊ զորքերի հիմնական նպատակներից մեկն է:
Անցած տարիների ընթացքում ՀՕՊ զորամասերը գնալով համալրվել են պրոֆեսիոնալներով: Այժմ ժամկետային զինծառայողները քիչ են, արդեն ընդունվում են պայմանագրային զինծառայողներ: Ժամկետային զինծառայողները 6 ամիս սովորելուց հետո, ծառայում են 1,5 տարի, մինչդեռ պայմանագրային զինծառայողները 6 ամիս սովորելուց հետո, յուրաքանչյուր 6 ամիսը մեկ կատարելագործվում են, նրանցից ստուգարքներ են ընդունվում, այսինքն` զինծառայողներն ավելի պրոֆեսիոնալ են դառնում, ամեն անգամ կատարելագործվում են ու դառնում պատրաստված տարբեր առումներով:
ՀՕՊ զորքերի ընթացիկ գործունեության առումով նշենք նաև, որ աշխատանքներ են տարվում ՀՕՊ կառավարման համակարգի ավտոմատացման և կատարելագործման ուղղությամբ, գնալով բարձրանում է ՀՕՊ-ի զորքերի մարտունակությունը:
Հպանցիկ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ՀՕՊ ուժերին, տեղեկացնենք, որ անցած տարիների ընթացքում ԼՂՀ հակաօդային պաշտպանության զորամասերը ձեռք են բերել «Бук-М» զենիթահրթիռային համալիրներ, որոնք շատ արդիական են լեռնային պայմաններում կիրառման համար: Թերևս բավական է ասել, որ ապրիլյան քառօրյայի ընթացքում մեր մարտիկներին հաջողվել է շարքից հանել Ադրբեջանի անօդաչու թռչող սարքերից 14-ը, ինչպես նաև ռազմական 1 ուղղաթիռ, մյուսը խփվել է հակատանկային նռնականետով:
ՀՕՊ զորքերի հրամանատարությունը գնալով շարժական է դարձնում մեր հակաօդային պաշտպանությունը, ստեղծվում են նոր շարժական ստորաբաժանումներ` «Игла-С» (Супер) դյուրակիր զենիթահրթիռային համալիրներով, որոնք կարող են լուծել հատուկ խնդիրներ ավելի պատասխանատու պահերին: Լինելով շարժական ու դյուրակիր, դրանք կարող են շատ կարճ ժամանակաընթացքում մոբիլիզացվել և արագորեն լուծել խնդիրներ նշանակված վայրում:
Ի դեպ, «Игла-С» համակարգերը լինելով ավելի կատարելագործված, որոշ հատկանիշներով մոտ 1,5 անգամ գերազանցում են «Игла»-ի հնարավորությունները, «Игла-С»-ի առավելագույն արագությունը հասնում է վայրկյանում 600 մետրի, թույլ են տալիս ոչնչացնել վայրկյանում մինչև 400 մետր արագությամբ շարժվող ինքնաթիռները և այլ օդային նշանակետեր, դրանք խոցել մինչև 6 կմ հեռավորության, 10 մետրից մինչև 3,5 կմ բարձրության վրա:
Ավելին. Հայաստանը Ռուսաստանից այս տարի ձեռք է բերել նաև բավական խոշոր խմբաքանակի, մեծ արդյունավետություն ունեցող «Верба» նորագույն դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ, որոնցից այժմ, Ռուսաստանից ու Հայաստանից բացի, աշխարհի որևէ այլ պետություն չունի: Դրանք Ռուսաստանի սպառազինության կազմում ընդգրկվել են ընդամենը 2014-ին:
«Верба»-ն նախատեսված է ցերեկ թե գիշեր ցանկացած ուղղությամբ ցածր թռչող օդային թիրախների խոցման համար` ինչպես բնական, այնպես էլ արհեստական խանգարիչների առկայության (հակառակորդի հակազդեցության միջոցների կիրառման), նաև` կեղծ ջերմային թիրախների օգտագործման պայմաններում: Այն հատկապես արդյունավետ է քիչ նկատելի թիրախների` անօդաչու թռչող սարքերի ու թևավոր հրթիռների ոչնչացման համար: «Верба»-ն նոր սերնդի զինատեսակ է, որն իր հնարավորություններով ու մյուս բնութագրերով գերազանցում է ոչ միայն ռուսական «Игла-1»-ին, «Игла»-ին, «Игла-С»-ին, այլև արտասահմանյան լավագույն նմանակներին` ամերիկյան «Stinger-Block-I»-ին ու չինական QW-2-ին: «Верба»-ով հնարավոր է խոցել 10 մետրից մինչև 6400 մետր հեռավորության, մինչև 4,5 կմ բարձրության վրա գտնվող ու վայրկյանում մինչև 500 մետր արագությամբ շարժվող օդային թիրախները:
Նշենք նաև, որ Մերգելյանի ինստիտուտի կողմից մշակվել և Հայաստանում արտադրվում են «Իգլա» վարժասարքեր, կա համապատասխան դասարան, մեր բոլոր ստորաբաժանումների «Игла»-ի ջոկերի և հաշվարկների հրաձիգները պարբերաբար գալիս են այնտեղ, մարզվում: Հիշյալ վարժասարքը հնարավորություն է տալիս իրական պայմաններից չտարբերվող պայմաններում հայտնաբերել նշանակետերը և պայմանականորեն խոցել դրանք, զինվորին հոգեբանորեն պատրաստել դրա համար, մեծապես ավելացնել թիրախների հայտնաբերման ու խոցման արդյունավետությունը: Մեր հրաձիգները հիմա ստանում են միայն լավ և գերազանց գնահատականներ:
Հայտնի է, որ Հայաստանի ՀՕՊ զորքերի ամենամարտունակ, ամենամեծ հնարավորություններն ունեցող զինատեսակը լեռնային պայմանների համար հատուկ կարգավորված С-300 զենիթահրթիռային համալիրներն են, որոնցից յուրաքանչյուրը կարող է միաժամանակ հայտնաբերել, ուղեկցել և խոցել օդային 6 օբյեկտ` դրանց վրա ուղղելով 12 հրթիռ: Դրանք Հայաստանի Հանրապետության զինված ուժերում մարտական հերթապահություն են իրականացնում 2007 թվականից: Երևանի մոտ գտնվող ՀՕՊ զորամասում տեղաբաշխված են С-300 PT ստացիոնար զենիթահրթիռային համալիրներ, իսկ Գորիսում և Կապանում` С-300PC համալիրներ, որոնք, ի տարբերություն նախորդների, համապատասխան ավտոմեքենաների վրա են ու շարժական:
Անդրադառնալով Երևանի մոտ գտնվող ՀՕՊ զորամասի հնարավորություններին, տեղեկացնենք, որ նրա պատասխանատվության ու պաշտպանության գոտին, որը մոտ 200 կիլոմետր տրամագիծ ունի, ընդգրկում է մայրաքաղաքը, «էրեբունի» և «Զվարթնոց» օդանավակայանները, Հայաստանի ատոմային էլեկտրակայանը, ՀՀ զինված ուժերի հրամանատարական կետը, թիկունքային կառավարման կետը, Հայաստանի Հանրապետության ՀՕՊ և ավիացիայի միացյալ հրամանատարական կետը, զորքերի խմբավորումները: Նշված զորամասի պաշտպանության գոտին հասնում է Թուրքիայի սահմանին, Ադրբեջանի սահմանին` Նախիջևանի կողմից, և անցնում… Զորամասը  մշտապես պատրաստ է խոցել հակառակօրդի օդային թիրախները, հրթիռները շատ հաճախ բերվում են մարտական պատրաստության վիճակի:
Թուրքիայի կողմից վերջին տարիներին, բացի Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի շրջանում 2015թ. հոկտեմբերի 6-ին և 7-ին ռազմական (ըստ ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկատվության, ռազմատրանսպորտային) ուղղաթիռներով կատարած հայտնի խախտումներից (2-4 րոպե շարունակ պտտվել էին Բաղրամյանի հատվածում), Հայաստանի օդային տարածքի այլ խախտումներ չեն եղել: Սակայն, երբ Թուրքիա- Հայաստան սահմանի մոտ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները կամ ուղղաթիռները թռիչքներ են իրականացվում, ՀՕՊ զորամասի ուժերը բերվում են թիվ 1 պատրաստականության: Իհարկե, այդպես են վարվում նաև ստուգումների նպատակով, որը շատ հաճախակի է լինում:
Նախիջևանի կողմից նույնպես խախտումներ չեն լինում, ուղղակի երբ նրանց ավիացիան մոտենում է մեր ուժերը թիվ 1 պատրաստականության բերելու սահմանագծին, հիշյալ ՀՕՊ զորամասի ուժերը ժամանակին բերվում են թիվ 1 պատրաստականության:
Անցած ժամանակաընթացքում զարգացվել են С-300 համալիրներով հերթապահություն իրականացնող մեր մարտական հաշվարկների ունակությունները, ամեն տարի նոր եկած սպաները գնում են ՌԴ` վերապատրաստվելու, մարզվելու, «Աշուլուկ» զորավարժարանում ամեն 2 տարին մեկ մասնակցում են մարտական կրակոցով զորավարժությունների:
Բացի դյուրակիր «Игла», «Игла-С», «Верба» զենիթահրթիռային համալիրներից, հանրահայտ C-300-ից, մեր ՀՕՊ զորքերն ունեն նաև զենիթահրթիռային այլ զինատեսակներ, ինչպիսիք են, օրինակ, արդիականացված С-25-ը («Беркут»), տարբեր նշանոցներով, ջերմատեսիլ սարքերով լրահամալրված ԶՍՈւ-23-4 «Շիլկա», ԶՈւ-23-2, Ս-60 զենիթային ինքնագնաց կայանները, С -125-ը, «Круг»-ը, «Оса»-ն, «Оса-АК(М)»-ն, «Стрела-10»-ը, «Куб»-ը, 2016թ. դարձյալ Ռուսաստանից ձեռք բերված «Бук» համալիրը, որոնցից վերջինը թույլ է տալիս խոցել նաև հառակորդի մարտավարական բալիստիկ, իսկ C-300-ը որոշ չափով նաև օպերատիվ-մարտավարական նշանակության բալիստիկ հրթիռները: Մեր ՀՕՊ-ի տրամադրության տակ եղած միջոցները թույլ են տալիս նաև հայտնաբերել ու շարքից հանել հակառակորդի անօդաչու թռչող սարքերը, հակառադիոլոկացիոն հրթիռները, ինչպես նաև ասիմետրիկ պատասխան տալ հակառակորդի ունեցած թանկարժեք ավիացիային ու տակտիկական հրթիռներին:
Կարևոր է, որ մեր ՀՕՊ զորքերն առաջիկայում ձեռք բերեն նաև Ռուսաստանում արտադրվող «Панцирь-С2» կամ գոնե «Панцирь-С1», ինչպես նաև «Тор-М2Э(К)» կամ «Тор-М2Э(У)» զենիթահրթիռային համալիրներ, որոնք նույնպես նախատեսված են լեռնային պայմանների համար, հնարավորություն են տալիս միաժամանակ հայտանաբերել ու խոցել օդային բազմաթիվ թիրախներ և շատ արդյունավետ են: Բացի ՀՕՊ զորամասերից, Հայաստանի և Արցախի երկինքը պաշտպանվում է նաև մոտոհրաձգային զորամասերի ՀՕՊ ստորաբաժանումների կողմից, որոնք մասնավորապես զինված են դյուրակիր զենիթահրթիռային համալիրներով:
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

http://nt.am/am/news/238905/

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing