Լրահոս

Պատերազմի վտանգը մեծ է

 

Արցախի հարցում իրավիճակը կարծես կտրուկ փոփոխություն է կրել, կամ առնվազն կա կտրուկ փոփոխության վտանգ: Դա է վկայում, օրերս ռուսական լրատվականներից մեկին` ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հայտարարությունը: Նախարարը խոսել է հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական համակարգերի և դրանց հնարավոր կիրառության մասին. «Ես կարող եմ ձեզ ներկայացնել ալգորիթմը։ Այս զենքի նշանակությունը եւ պարամետրերը թույլ են տալիս անդառնալի կորուստ հասցնել այն երկրի ենթակառուցվածքենրին, որի դեմ այն կիրառվում է։ Հետեւաբար, «Իսկանդեր»-ների կիրառման որոշումը սերտորեն կապված է լինելու իրավիճակի զարգացման հետ։ Ամեն դեպքում, մենք այն դիտարկում ենք, որպես երաշխավորված հարվածի զենք, եթե նման անհրաժեշտություն լինի։ Առաջին հերթին դա զսպման զենք է։ Միանգամայն ակնհայտ է, որ իրավիճակի զարգացումը կարող է թելադրել մոտեցումների վերանայում, սակայն իր հնարավորությամբ դա այնպիսի զենք է, որը պետք է ցանկացած տաք գլուխ սառեցնի որոշումներ կայացնելուց առաջ»,-ասել է Վիգեն Սարգսյանը։

Վիգեն Սարգսյանի հայտարարությունը ուշագրավ է այն համատեքստում, որ վերջին շրջանում Ադրբեջանը կրկին ակտիվացրել է սահմանային խախտումները,  որը նոր մարդկային զոհերի պատճառ է դառնում: Ամենայն հավանականությամբ հայկական կողմում հասկանում են, որ ադրբեջանական կողմը պատրաստվում է հերթական լայնածավալ գործողություններին և փորձում են կանխավ զգուշացնել, որ Հայաստանը կարող է և պատրաստ է կիրառել նոր համալիրները: Իսկ այն որ Ադրբեջանը կարող է գնալ նոր էսկալացիայի ցույց է տալիս այդ երկրում առկա իրավիճակը: Օրերս Ադրբեջանի նախագահ Ալիևը իր կնոջը նշանակել է երկրի փոխնախագահ, որով փաստացիորեն նրա կինը դարձել է երկրի երկրորդ կարևոր պաշտոնյան: Ադրբեջանում զանգվածային անկարգություններից խուսափելու համար ձերբակալվել են տասնյակ ակտիվիստներ և ընդդիմադիր ճամբարի ներկայացուցիչներ: Ադրբեջանում հնարավոր են ներքին քաղաքական նոր զարգացումներ և իր իշխանության նկատմամբ իրական վտանգի առակայության դեպքում Ալիևը կարող է գնալ ռազմական նոր բախման Արցախի հետ սահմանին:

Արցախի խնդրի առումով փոփոխություններ իսկապես նկատելի են: Օրերս Մյունխենում հանդիպեցին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները, որից հետո ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը այցելեց Մոսկվա, որտեղ ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հետ հանդիպման ընթացքում քննարկվեց Արցախի հարցը: Հանդիպումից հետո Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ ընդունել է Էդվարդ Նալբանդյանի հրավերը ու պատրաստվում է այցելել Հայաստան: Լավրովի այցը Հայաստան նոր պայմանավորվածությունների նախանշան է կարծես:

Այս պահին պատերազմի վերսկսման վտանգը մեծացել է: Ադրբեջանը իր քայլերով ցույց է տալիս, որ չի գնա ռազմական բախման միայն որոշակի զիջումներ ստանալու դեպքում, իսկ հայկական կողմը դեռևս պատրաստ չէ այդ զիջումներին, քանի որ առաջիկա չորս ամիսներին նախընտրական պրոցեսներ են Հայաստանում ու իշխանությունները չեն կարող գնալ զիջումների:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing