Լրահոս

Պատերազմից ավելի սարսափելի բաներ կան. քաղաքական կազուս

 

Ղարաբաղում վերջին սադրանքը, որն Ադրբեջանն անհաջող փորձել է միջազգային սկանդալի վերածել, նորից ակտուալացրել է պատերազմի թեման:
Քաղաքագիտությունում պատերազմը դիտարկվում է որպես քաղաքական ու այլ խնդիրների լուծման միջոց: Ղարաբաղյան հակամարտությունում պատերազմը կամ էլ պատերազմի զսպումը դիտարկվում են որպես նպատակ:
Ինչ-որ մեկի թեթեւ ձեռքով հասկացությունների նենգափոխում է տեղի ունեցել, երբ քաղաքական գործընթացի մեկնակետ է դառնում ոչ թե կարգավորումը ի շահ ազգային անվտանգության, այլ պատերազմ թույլ չտալը: Խաղաղությունն ու ազգային շահերն ինքնըստինքյան դառնում են փոխանակության առարկա:
Ադրբեջանն ակտիվորեն առաջ է տանում այս քաղաքական կազուսը՝ Հայաստանին վախեցնելով պատերազմով եւ այդպիսով փորձելով հասնել քաղաքական զիջումների: Հայաստանը՝ ինչպես ռազմաքաղաքական ղեկավարությունը, այնպես էլ քաղաքական դասն ու հասարակությունը, երկար տարիներ Ադրբեջանին հիմքեր են տվել մտածելու, որ պատերազմից խուսափելու համար կարող են զիջումների գնալ, այդ թվում՝ տարածքային: Ստորագրվել են փաստաթղթեր, ընդունվել միջնորդների առաջարկները, որոնք տարածքային եւ այլ զիջումներ են նախատեսում:
Դրա հետեւանքն այն է, որ Բաքուն ցինիկորեն առաջարկել է «խաղաղություն տարածքների դիմաց» բանաձեւը՝ հաստատելով, որ զիջումներից հրաժարվելու դեպքում շարունակելու է ահաբեկչությունն ու վախեցնելը:
Այդ կազուսը ձեւավորվել է այն պատճառով, որ հայկական դիվանագիտությունը երկար ժամանակ չէր հրաժարվում քննարկել կարգավորման տարբերակները, որոնք նախատեսում են տարածքային ամբողջականության խախտում: Դա խոստովանել է նաեւ Սերժ Սարգսյանը՝ պատմելով, որ 2011 թվականին պատրաստ էր ստորագրելու Կազանի փաստաթուղթը, որը տարածքային զիջումներ է նախատեսում: 2017 թվականի մայիսին նա խորհրդարանում ասել է, որ Կազանի փաստաթուղթը դեռ բանակցությունների սեղանին է: Այսինքն, առեւտուրը շարունակվում է:
Հայաստանի ղեկավարությունն ինքն է Ադրբեջանին առիթ տվել Հայաստանին պատերազմով վախեցնելու, քանի որ ոչ մի անգամ չի հայտարարել, որ չի պատրաստվում կասկածի տակ դնել Հայաստանի ու Արցախի տարածքային ամբողջականությունը: Ինչու՞ ենք զարմանում, որ Ադրբեջանը սպառնում է ուժով հող վերցնել, որի իրավունքը Հայաստանն անուղղակիորեն ճանաչում է:
Իրականում Հայաստանին պատերազմով վախեցնող Ադրբեջանն ինքն է վախենում պատերազմից: 1990-ականների սկզբին ադրբեջանցիները սկսեցին զանգվածաբար լքել Ստեփանակերտն այն բանից հետո, երբ Կրկժան արվարձանում հրկիզվեցին հարուստ ադրբեջանցիների տները: Տեղացի մուալիմ-ադրբեջանցիներն այն ժամանակ ասում էին, որ եթե հայերը կրակը վերցրել են ձեռքը, ուրեմն հեռանալու ժամանակն է:
2017 թվականի հուլիսի 4-ին ադրբեջանցիները կրկին հասկացան, որ հայերը կրակը վերցրել են ձեռքը: Երեխայի ողբերգական մահն Ադրբեջանի համար նշան էր, որ հայերը չեն վախենում պատերազմից, նրանք մտադիր են պաշտպանել իրենց տարածքն ու անվտանգությունը:
Ժամանակն է, որ Հայաստանի դիվանագիտությունն օգտվի առիթից ու դուրս գա «տարածքներ խաղաղության դիմաց» քաղաքական կազուսից: Ապրիլին, երբ Ղարաբաղում պատերազմ էր ընթանում, մարդիկ հասկացան, որ պատերազմից ավելի սարսափելի բան կա՝ հայրենիքի, սեփական հողում, սեփական տանն ապրելու, սեփական լեզվով խոսելու եւ նախնիների գերեզմաններն այցելելու իրավունքի կորուստը:
Պատերազմից ամեն գնով փախչող ժողովուրդները կամ ցեղասպանության զոհ են դառնում, կամ էլ հավերժ գաղթական: Ոչ ոք պատերազմ չի ցանկանում:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing