Լրահոս

Պատերազմող կողմերն այդպես են լուծում խնդիրները, ցավոք՝ այլ ելք չկա

 

Lragir.am-ի զրուցակիցն է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը

Պարոն Պապյան, վերջին շրջանում դարձյալ սահմանայինլարվածության աճ է նկատվում, ինչո՞վ է պայմանավորվածսա, ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում այս փուլում:

Ես կարծում եմ, որ նման երևույթները պայմանավորված են մի շարք հանգամանքներով: Առաջինն Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակն է, այդ երկրում սոցիալ-քաղաքական հողի վրա նկատելիորեն սաստկացել է լարվածությունը: Այսինքն՝ նավթի գների անկումը հանգեցրել է սոցիալական վիճակի վատթարացմանը, ազգային փոքրամասնությունների ինքնությունների զարգացումը բերել է նոր երևույթների, հետևաբար, Արդրբեջանն այլևս նույնը չէ: Մյուս հանգամանքն անցյալ տարվա ապրիլյան քառօրյա պատերազմի սաստկացումն էր, որն Ադրբեջանի կողմից ընկալվում է որպես հաղթանակ: Եվ դա կրկնելու ցանկություն կա: Պատահական չէ, որ Ալիևն անցյալ տարի հայտարարեց, որ իրենք փոքր պատերազմներով կազատագրեն ամբողջ Ղարաբաղը: Եվ նաև, կարծում եմ, Ադրբեջանը վերջնականապես կորցրել է շահագրգռությունը՝ Արևմուտքին երևալու որպես իբր ժողովրդավար երկիր, որովհետև դա այլևս հնարավոր չէ թաքցնել: Եվ տիկին Ալիևայի նշանակումը նաև դրա ցուցանիշն է, որ այլևս այդ դրսի կարծիքներն առանձնապես չեն հետաքրքրում իրենց: Դրա համար որոշեցին բաց խաղալ, քարտերը վերջնականապես բացել:

Այսինքն՝ առաջիկայում չե՞ք բացառում փոքր պատերազմի, բռնկումների կրկնությունը: Այդ մասին, ի դեպ, նաև օրերսՍերժ Սարգսյանն ակնարկեց՝ նշելով, որ ընտրականժամանակահատվածում հնարավոր է, որ կրկնվի նախորդտարվա ապրիլի սցենարը:

Այո, նման բան միանգամայն հնարավոր է, որովհետև, կրկնում եմ, քանի որ ապրիլյան դեպքերն իրենք հաղթանակ են ընկալում, կփորձեն դա կրկնել: Այդ օրերին ոգևորություն կլինի: Նաև ժամանակային առումով ապրիլը հարմար է ռազմական գործողությունների համար, գետինը բավականաչափ չորանում է, կարող է ծանր տեխնիկա կրել, ի տարբերություն ձմռան: Բացի այդ, Սերժ Սարգսյանի այդ հարտարարության մեջ նաև որոշ շահագրգռություն կա: Դրանով ինքն ուղերձ է հղում ամբողջ ժողովրդին և ընդդիմությանը, որ՝ հանգիստ կնստեք տեղներդ, որովհետև արտաքին վտանգ կա: Իսկ արտաքին վտանգի գործոնը միշտ էլ բոլոր երկրների իշխանությունների կողմից օգտագործվում է սեփական ժողովրդին հնազանդության մեջ պահելու համար:

Վերջերս Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպեցին, չնայած որ նախքան այդ Էդվարդ Նալբանդյանը հայտարարում էր, որ հնարավոր է հանդիպում չլինի, քանի դեռ Ադրբեջանը խաղեր է տալիս: Ի՞նչ իրավիճակ է այս փուլում, բանակցային գործընթացը շարունակվո՞ւմ է:

Հայկական կողմը պարբերաբար որոշակի նախապայմաններ է դրել՝ բանակցության գործըթնացը շարունակելու համար, բայց հենց ինքն էլ առանց այդ նախապայմանների բավարարման, շարունակել է բանակցությունները: Հենց ապրիլյան դեպքերից հետո, մենք շատ լավ հիշում ենք, որ Սերժ Սարգսյանն ասում էր, որ մինչև չվերականգնվի նախաապրիլյան իրավիճակը, մինչև հետաքննության մեխանիզմներ չտեղադրվեն և այլն, չենք գնա բանակցությունների: Բայց գնացին: Իմ կարծիքով՝ այս անգամ արտաքին պահանջներին տեղի տալն է պատճառը: Հայկական կողմը միշտ ուզում է լավ երևալ դրսի համար: Քանի որ շատ-շատ ցուցանիշներով երկրում նահանջ է արձանագրվում, դրա համար գոնե այդ հարցով ուզում են լավ երևալ: Բայց գործընթացը շարունակվում է, դա կարող է կոչվել բանակցային, կամ հանդիպումներ, ինչ-որ գործընթաց կա: Բայց ես արդեն տարիներ ի վեր ասում եմ ու հույս չեմ կապում, որ կարելի է բանակցված համաձայնության գալ՝ պայմանավորված Ադրբեջանի ծայրահեղ դիրքորոշմամբ:

Իսկ ի՞նչ պետք է անել:

Միանշանակ բանակցային գործընթացը պետք է շարունակել, այդտեղ ոչինչ հնարավոր չէ անել: Ուղղակի Հայաստանն Ադրբեջանի նկատմամբ արմատապես պետք է փոխի իր քաղաքականությունը: Այսինքն՝ երբ Ադրբեջանն արդեն ակնհայտ հայտարարում է հայկական պետականության ոչնչացման մասին, գոնե մեր քաղաքականությունը, թեկուզ և առանց ամպագոռգոռ հայտարարությունների, պիտի լինի Ադրբեջանի տրոհումը, մասնատումը, որ կհանգեցնի վերջնական թուլացմանը: Եկեք հստակ պատկերացնենք, որ անկախ նրանից՝ Ղարաբաղի հարցը կլուծվի, թե ոչ, ինչ տարեբարկով կլուծվի, միևնույն է, Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն չի լինի: Եթե մենք ուզում ենք կայուն խաղաղություն, ապա պետք է Ադրբեջանը գա այնպիսի կարգավիճակի, որ պարզապես ի վիճակի չլինի հարձակվելու:Պատերազմող կողմերն այդպես են լուծում խնդիրները, ցավոք սրտի՝ այլ ելք չկա: Դրա համար կա պատմություն, եթե դու կարողանում ես քո հակառակորդին այնպիսի իրավիճակի բերես, որ նա ի վիճակի չէ այլևս որևէ բան անել, խելոք նստում է իր տեղը: Եթե այսպես պետք է շարունակվի, բնականաբար, անգամ ինչ-որ համաձայնագիր կամ խաղաղության պայմանագիր ստորագրելն էլ որևէ երաշխիք չի տա: Մադրիդյան սկզբունքներով, Կազանի փաստաթղթով, երբ ասում են՝ 7 շրջանները տանք, հետո ինչ-որ կարգավիճակ ստանանք, դե լավ, տվեցինք և ստացանք, էլ չեմ ասում, որ կարող են խաբել, հետո ի՞նչ: Եթե տվեցինք ու ստացանք, ասացին՝ Ղարաբաղն անկախ երկիր է, այսինքն՝ ԼՂԻՄ-ի տարածքով, հետո 5 տարի հետո հարձակվեցին ԼՂԻՄ-ի վրա, ի՞նչն է իրենց խանգարում: Ասում են՝ միջազգային երաշխիքներ կլինեն, այդ միջազգային երաշխիքները Քուվեյթի, Սիրիայի, Ուկրաինայի, ոչ մի երկրի պարագայում չաշխատեցին, հիմա պետք է Ղարաբաղի պայմաններում աշխատե՞ն: Խաղաղությունը դա հետևանք է ռազմաքաղաքական հավասարակշռության, որն ամրագրվում է փաստաթղթով: Եվ առանց այդ հավասարակշռության, փաստաթղթի ամրագրում չի լինի, դա կլինի պարզապես ձևական մի թուղթ, որը կարելի է շատ հեշտ պատռել:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing