Լրահոս

Պատմությունը կրկնվո՞ւմ է. Հայաստանի պայմանը Ռուսաստանին

 

Ռուսաստանի հանդեպ ԱՄՆ-ի քաղաքականության կոշտացումը Հայաստանի հանրային շրջանակներում առաջացրել է մի շարք հարցադրումներ, որոնք կապված են պրո-ռուսական բլոկներում Հայաստանի ներկայության նպատակահարկարության, Ռուսաստանում տնտեսա-քաղաքական բարդացումների հնարավոր ազդեցության, ռուս-թուրքական մերձեցման հետ:
Մասնավորապես, զուգահեռներ են արվում 1920-ականների իրադարձությունների հետ, երբ պատերազմում պարտված եւ փլուզված երկու կայսրությունները՝ Ռուսաստանն ու Թուրքիան ձեռք մեկնեցին միմյանց, Արեւմուտքի ազդեցությունը տարածաշրջանում թույլ չտալու եւ տարածաշրջանը բաժանելու համար: Դրա արդյունքում վերացվեց հայկական պետականությունը, հայկական տարածքները հանձնվեցին Թուրքիային ու Ադրբեջանին, արդեն իսկ Ռուսաստանին անցած Հայաստանի տարածքում ռուս-թուրքական ստորաբաժանումներն ավարտին հասցրին արեւմտահայերի կոտորածն ու տեղահանումը. Սպանվեց մոտ 300 հազար հայ, եւս 500 հազար քշվեցին Ռուսաստանի խորքերը:
Արդյունքում, ռուս-թուրքական ստատուս-քվոն պահպանվեց մոտ 100 տարի: Այն ճեղքվեց ղարաբաղյան առաջին պատերազմում, երբ հայկական զինված ուժերը հաստատեցին նոր սահմաններ:
Ներկայում Թուրքիան ու Ռուսաստանը հայտնվել են գրեթե նույն միջազգային իրավիճակում, նկատելի մեկուսացման ու շրջափակման մեջ: Ռուսաստանն ու Թուրքիան, չնայած մի շարք միջադեպերին, փորձում են սերտ հարաբերություններ հաստատել եւ թույլ չտալ ԱՄՆ-ի ու Արեւմուտքի ազդեցության մեծացումը տարածաշրջանում եւ հարյուրամյա ստատուս-քվոյի փոփոխությունը:
Ռուսաստանը զինում է ոչ միայն Ադրբեջանին, այլեւ արդեն Թուրքիային, եւ այս հանգամանքը կրկին առիթ է տվել զուգահեռներ անցկացնել 1920-ականների իրադարձությունների հետ, երբ Ռուսաստանը զենք ու ցորեն տրամադրեց թուրքական բանակին: Նշվում է, որ այս իրավիճակում երկու երկրները կրկին իրենց խնդիրները կարող են լուծել Հայաստանի ու հայկական շահերի հաշվին:
Տեղի՞ն են արդյոք այդ զուգահեռները նոր ժամանակներում: Իրավիճակի նմանություն իսկապես կա, ներառյալ նաեւ «նոր աշխարհակարգի» ներկայիս գործընթացը: Բացի այդ, Թուրքիան իր համար պարզել է, հատկապես ռուսական ինքնաթիռի խոցումից ու դեսպանի սպանությունից հետո, որ Ռուսաստանի համար մեծ արժեք է ներկայացնում, եւ փորձում է հանդես գալ թելադրողի դիրքերից:
Այնուամենայնիվ, ամեն ինչ այդքան միարժեք չէ, եւ պատմության կրկնության մասին մտահոգությունները տեղին են այն ժամանակ, եթե չի վարվում համարժեք քաղաքականություն: Պատմությունը կրկնվում է այն ժողովուրդների պարագայում, որոնք հրաժարվում են սեփական ճակատագիրը կերտելու, սեփական կենսական տարածքն ու պետականությունը կառուցելու ճանապարհից: Օրինակ, երբ Հայաստանում դեռ այն մտքին են, որ ընդունելի է «հող կարգավիճակի դիմաց» բանաձեւը, ապա պատմությունը հաստատ կրկնվելու է:
Նույն պատմական փորձը ցույց է տալիս, որ Հայաստանը մեծանում եւ ուժեղանում է Ռուսաստանի «հեռանալուց» հետո: Այդպես էր 1918-ին եւ 1991-ին: Հայաստանը պետք է ձեւակերպի Ռուսաստանի «ներկայությունը» սեփական շահերի ու դերի տեսանկյունից, օգնելով նրան «հեռանալ» արժանապատիվ:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing