Լրահոս

Պատրաստ ենք համաչափ պատասխան տալ նոր պատերազմ սկսելու ցանկացած փորձի. Սերժ Սարգսյան

 

Անվտանգության հարցերը Հայաստանի համար շարունակում են մնալ խիստ արդիական. Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում ասել է պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը։

«Մինչև 2016 թվականը մեր գործընկերները մեզ համոզում էին, որ, պատերազմական քարոզչություն և հակահայկական հիստերիա տարածելով, Բաքուն լուծում է սեփական ներքաղաքական խնդիրները:
2016 թվականի ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծված քառօրյա ռազմական արկածախնդրությունը Լեռնային Ղարաբաղի դեմ դարձավ Բաքվի հենց այդ երկարամյա ռազմատենչ հռետորաբանության և քաղաքականության մարմնավորումը՝ ի հակադրություն իր հողում սեփական ճակատագիրն ազատ տնօրինելու Արցախի ժողովրդի ցանկության», — ասել է նախագահը։

Նա նշել է, որ ապրիլյան պատերազմին հաջորդած՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներին հստակ ամրագրվել է 1994-1995 թվականների հրադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ իրականացման անհրաժեշտությունը: Բացի այդ, նախագահի խոսքով, ձեռք է բերվել պայմանավորվածություն հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմների ստեղծման և ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացման վերաբերյալ:

«Այդուհանդերձ, Ադրբեջանը, ինչպես և անցյալում, խուսափում է այդ պայմանավորվածությունների կատարումից:
Հայաստանը՝ որպես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավոր, ստիպված է ջանքեր գործադրել տարածաշրջանում հավասարակշռության պահպանման և նոր լարվածություն թույլ չտալու նպատակով: Դրա հետ մեկտեղ, մենք պատրաստ ենք համաչափ պատասխան տալ նոր պատերազմ սկսելու ցանկացած փորձի: Պատերազմը խնդրի լուծման միջոց չէ՛: Բանակցություններին այլընտրանք չկա», — ընդգծել է նախագահը։

նա նշել է, որ Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հետ միասին կշարունակի ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ:

Անդրադառնալով միջազգային հարաբերությունների այսօրվա օրակարգի ամենաարդիական թեմային՝ Մերձավոր Արևելքի իրադրությանը, Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը բազմիցս քննադատել է ԴԱԻՇ-ի և այլ ահաբեկչական կազմակերպությունների կողմից իրականացված հանցագործությունները:

«Նրանց գործողությունները սպառնալիք են տարածաշրջանի և դրանից դուրս գտնվող ժողովուրդների անվտանգության համար: Պատերազմը Սիրիայում ավերիչ ազդեցություն ունի երկրի քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների համար, որոնք ինքնության հողի վրա կատարված հանցագործությունների պատճառով բախվում են գոյության սպառնալիքների: Բռնությունը չի շրջանցել նաև սիրիահայերին, որոնց շրջանում կան շատ զոհեր: Հայկական բնակավայրերը, եկեղեցիները, դպրոցները և մշակութային հաստատությունները հողին են հավասարեցվել: Հարյուր տարի առաջ՝ Հայոց ցեղասպանությունից հետո, հայ փախստականները ապաստան գտան շատ արաբական երկրներում: Այսօր հազարավոր հայեր Մերձավոր Արևելքի այլ ժողովուրդների հետ միասին կրկին ստիպված են լքել իրենց տները», — ասել է Սերժ Սարգսյանը։
Նախագահն ասել է, թե Հայաստանը երախտապարտ է ռուսական կողմին՝ նախորդ տարվա աշնանը և այս տարվա փետրվարին ռուսական ինքնաթիռներով Սիրիա առաքված Հայաստանի տրամադրած մարդասիրական օգնության տեղափոխման հարցում ցուցաբերած աջակցության համար:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

aysor.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing