good-banner
Լրահոս

Պավլիկը մի բան գիտեր, որ ասում էր

 

Pavel-Manukyan

mitk.am—   Վարուժան Ավետիսյանի հայտարարության մեջ, որից հետո զինված խումբը վայր դրեց զենքը, կա հետեւյալ արտահայտությունը. «Զգում ենք, որ հաղթանակը մոտ է, կոչ ենք անում հայ ժողովրդին որոշումը ընդունել՝ դրական քայլ: Հայ ժողովրդի արգանդը չի չորացել, մենք ընդամենը կայծն ենք տվել, ժողովուրդը կշարունակի: Ցավոք, այդպես չեղավ. ժողովուրդը դանդաղ շարժվեց»:

Փաստորեն, զինված խմբի գործողության շարունակությունը պետք է լիներ ժողովրդական ընդվզումը: Դժվար է ասել՝ արդյոք խումբն իսկապես հույս էր դրել դրա վրա, դա միա՞կ շարունակությունն էր, թե ոչ: Համենայնդեպս, նրանք ասում են, որ դրա համար են գնացել ինքնազոհության:

Այս իրադարձությունից հետո հանրային շրջանակներում դեռ շատ քննարկումներ կլինեն, տարբերակներ ու վարկածներ առաջ կքաշվեն, կհնչեն ափսոսանքի ու հիացմունքի խոսքեր, եւ այլն: Դրանում պետք չէ կասկածել, քանի որ հայ հանրության մոտ միակ բանը, որ լավ է ստացվում, հենց դա է:

Խմբի գործողության առաջին իսկ օրվանից հենց դա էլ տեղի էր ունենում՝ «մասնագիտական ու փորձագիտական» ճամարտակություններից մինչեւ ֆեյսբուքյան հիստերիան: Այս վերջինն ընդհանրապես Հայաստանում մի յուրահատուկ հանրային տիրույթ է դարձել, որն ընդունակ է արժեզրկել ցանկացած գաղափար ու միտք:

Զինված գրոհից հետո Խորենացու փողոցում, հետո Ազատության հրապարակում ծավալվեց դրամա, հարթակն այդպես էլ չկողմնորոշվեց ստեղծված իրավիճակում: Հատուկենտ ելույթներ ու առաջարկներ կարելի է առանձնացնել, որոնք համարժեք էին կատարված քայլին ու դրա շարունակման ձեւին ու բովանդակությանը:

Փոխարենը, զինված խումբն ու նրա պահանջներն արագորեն մոռացվեցին ու մոռացության տրվեցին, երկու շաբաթ «հայ ժողովուրդը», ինչպես ակցիաների մասնակիցներին անվանում էին առաջնորդողները, պտտվում էր Երեւանի փողոցներում ու մանեւրում Սարի թաղի նեղլիկ ոլորաններում, ծեծ ուտում ու հայհոյում, անվերջ հայհոյում: Եվ «պահանջներն» էլ լիովին համարժեք էին այս ամենին՝ տղերքին սնունդ, կապ, բժշկական օգնություն հասցնել, ձեռք չտալ եւ այլն:

Իսկ Պավել Մանուկյանը ՊՊԾ գնդի տարածքից գոռում էր՝ տղերք, մենք պիոներական ճամբար չենք եկել: Բայց ով էր լսողը, ում էր հետաքրքիր: Եվ ստեղծվեց անհեթեթ իրավիճակ, որում կամա թե ակամա արժեզրկվում, նենգափոխվում էր Սասնա ծռերի կատարած քայլի իմաստը:

Հանուն արդարության պետք է նշել, որ խումբն ինքն ակամա նպաստում էր դրան, քանի որ բավական անորոշություն մնաց նրա պահանջների ու հետագա քայլերի առումով:

Եվ մինչ իշխանությունը սառնասիրտ անում էր իր գործը խումբը վնասազերծելու ուղղությամբ, հանրությունը խմբին արդեն իսկ վնասազերծել էր՝ համաձայն էթնո-պատմական ավանդույթի բոլոր կանոնների:

Հետաքրքիր է՝ գիտակցաբա՞ր էին խմբի անունը դրել Սասնա ծռեր, մի բան գիտեի՞ն: Մեր աչքի առաջ երկու շաբաթ ծավալվեց այդ հնամյա էպիկական պատմությունը ներքին ու արտաքին խարդավանքների, ժողովրդի խեղճության ու ծռերի «մեկանգամյա» ակտի մասին:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing