Պայքարը մտնում է նոր փուլ. Նիկոլ Փաշինյանի պատասխանը երկու հարցի

0

ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը Մամուլի ազատության օրվա առիթով լրատվամիջոցներին ուղղված շնորհավորանքում նշում է, թե ներքաղաքական իրողությունները հաշվի առնելով՝ ունի համոզվածություն, որ առաջիկայում Հայաստանին սպասվում են քաղաքական խոշոր իրադարձություններ: Ըստ Վանեցյանի՝ դրանցում կարևոր և պահանջված է լինելու լրատվամիջոցների դերը:

Լրատվամիջոցների դերը թողնենք մի կողմ, թեև այդ ակնարկը կարող է պարունակել որոշակի ինտրիգ՝ հաշվի առնելով այն, որ լրատվամիջոցների դերը սովորաբար պահանջված է լինում ընտրություններից առաջ, առավել ևս՝ Հայաստանում:

Արդյոք Արթուր Վանեցյանն ակնարկում է ընտրական գործընթացների՞ մասին, որ կարող են տեղի ունենալ Հայաստանի ներքաղաքական կյանքում: Առայժմ դրանց տեսանելի ուրվագիծ կարծես թե չկա, առավել ևս, որ օրակարգն այժմ զբաղեցնում է կորոնավիրուսը, գրեթե ամբողջությամբ: Ընդ որում, պետք է արձանագրել, որ այդ հանգամանքը ներկայումս քաղաքական ունիվերսալ գործիքի նշանակություն է ստացել գործնականում բոլոր կառավարությունների համար և այդպիսին կարող է լինել նաև Հայաստանի կառավարության դեպքում: Պաշտոնական Երևանը մայիսի 4-ից ընտրել է սահմանափակումները չեղարկելու մարտավարություն, սակայն չեղարկված չէ արտակարգ դրությունը, ու քանի որ չեղարկված չէ վարակն ընդհանրապես, գոնե համաշխարհային մասշտաբով, ապա միշտ կա արտակարգ դրության վերադարձի հնարավորություն:

Մյուս կողմից՝ այդ քաղաքական գործիքն անշուշտ հարաբերական է, քանի որ ամենևին միարժեք չէ, որ այն ավելի օգնում է կառավարել իրավիճակը, քան լիցքավորել հավելյալ լարվածությամբ՝ ընդհուպ մինչև սոցիալ-հոգեբանական: Ավելին, բացառված չէ, որ արտակարգ դրության հենց այդ հետքը շոշափելով էլ նախկին իշխանության համակարգը ներկայացնող խմբերը փորձում են ուժգնացնել ճնշումը կառավարության ուղղությամբ: Պետք չէ բացառել, որ հենց այդ նկատառումով էլ կայացվել է սահմանափակումները թուլացնելու և կյանքը բնականոն հուն վերադարձնելու որոշումը՝ հաշվի առնելով երեք հանգամանք. միևնույն է՝ տանը մնալը չի լուծում ոչ մի էական հարց և ընդամենը ժամանակի մեջ ձգում է վարակի անխուսափելի հետևանքը, ընդ որում՝ պարզ էլ չէ, թե ինչքան ժամանակ, դրանով հանդերձ կարանտինը առաջացնում է նաև վերը բերված սոցիալական և հոգեբանական խնդիրները, որոնք փորձ են անում օգտագործել կառավարության ընդդիմախոսները, և նաև այդ պատճառով էլ կարանտինի թուլացումը կարող է թուլացնել այն նախադրյալները, որ ընդդիմախոսները փորձում են օգտագործել:

Իհարկե, կասկած չկա, որ սահմանափակումների վերացումից հետո լինելու է վարակի վիճակագրության շոշափելի աճ, և այս իրավիճակում էլ դա լինելու է կառավարությանը թիրախավորելու պատճառ, սակայն ըստ ամենայնի հանրագումարում հաշվարկվել է, որ այս դեպքում խնդիրներն ավելի քիչ են, քան հակառակ պարագայում: Մյուս կողմից՝ արդյոք Արթուր Վանեցյանի ակնարկը նշանակում է միայն ներքի՞ն նախադրյալների վրա հիմնված սպասում, թե՞ նա ակնարկում է, որ լինելու են արտաքին ազդեցության հանգամանքներ:

Այդ համատեքստում պետք է հիշել օրերս ԱԺ պատգամավոր, վարչապետ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանի գրառումը՝ թափանցիկ ակնարկով, որ Վանեցյանը պաշտոնից հեռացվել է այլ երկրի հատուկ ծառայությունում հավաքագրված լինելու պատճառով: Արթուր Վանեցյանն անհեթեթ և մեկնաբանության ոչ ենթակա է համարել այդ հայտարարությունը, վարչապետ Փաշինյանը չի արձագանքել, իսկ պատգամավորն էլ ասել է, թե ուրեմն իր՝ ընդամենը հարցը կմնա անպատասխան: Սակայն թերևս բոլորին է պարզ, որ դա չէր կարող լինել պարզապես հարց, և ուրեմն ինչու էր Նիկոլ Փաշինյանին պետք շեշտել այդ հանգամանքը:

Այդ ընթացքում, սակայն, պատասխանի անհրաժեշտության է սպասում ևս մի հարց, որ առաջացավ Միքայել Մինասյանի տեսանյութից հետո, որտեղ նա խոսում էր, թե Նիկոլ Փաշինյանը դեռևս ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին գործուղել էր Հռոմ՝ իր հետ գործարքի:

Մի բան կասկածից վեր է, որ ներքաղաքական դիմակայությունը մտնում է նոր փուլ, սակայն մեծ հավանականությամբ՝ ոչ թե իշխանության համար պայքարի նոր փուլ, այլ թերևս քաղաքական դիրքավորման: Որովհետև այն տրամաբանությունը, որով ներկայումս սրվում է դիմակայությունը, մեծ հաշվով՝ կամա թե ակամա նպաստում է իշխանության շուրջ հանրային բյուրեղացման՝ մեծ հաշվով փակելով իշխանության թեման, թեև հայելային արտացոլումով գուցե գործընթացները բյուրեղացման տանելով, այսպես ասած, արտաիշխանական դաշտում:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի


Բաժանորդագրվեք և ստացեքհրապարակումների ծանուցումները