Պայթյուն Քոչարյանին շնորհավորելուց ժամեր անց

201

lragir.am — Դոնեցկում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է Դոնեցկի չճանաչված հանրապետության ղեկավար Զախարչենկոն: Պուտինի մամուլի քարտուղար Պեսկովը դա համարել է սադրանք, որի նպատակը այդ հակամարտության կարգավորման գործընթացին խանգարելն է: Դոնեցկում պայթյունն ու Զախարչենկոյի մահը ժամերի տարբերությամբ հաջորդեց մեկ այլ տեղեկատվության, որն առնչվում  էր արդեն Հայաստանին:

ՌԴ նախագահ Պուտինը շնորհավորել էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծնունդը, եւ տեղեկությունը տեղադրվել էր Կրեմլի կայքում: Տեղեկությունն այդքանն էր, իսկ հետո ՌԴ մամուլի քարտուղար Պեսկովը մեկնաբանել էր, որ Պուտինն ու Քոչարյանը տարիների լավ հարաբերություն ունեն, եւ Հայաստանի զարգացումները ազդեցություն չունեն այդ հարաբերության վրա: Պեսկովն ասել էր նաեւ, որ չեն քննարկել Քոչարյանի դեմ քրեական հետապնդման հարցը:

Դոնեցկի պայթյունն ու Ռոբերտ Քոչարյանին Պուտինի հրապարակված շնորհավորանքը որեւէ առնչություն կամ կապ բնականաբար չունեն, դրանք լիովին տարբեր խնդիրներին առնչվող տեղեկություններ են, սակայն այստեղ թերեւս արժե դիտարկել որոշակի հատկանշականություն:

Պուտինի շնորհավորանքը Հայաստանում ոչ շատ բուռն, նրբորեն մատուցվում է որպես Ռոբերտ Քոչարյանի քաղաքական վերադարձը ծանրացնող, կշիռ հաղորդող մի ուժ, գրեթե հաջողության «դատապարտվածության» նման:

Բանն այն է, որ ներկայում Ռուսաստանի անմիջական եւ վճռորոշ աջակցության վրա քաղաքական հաջողություն կառուցելու ծրագրերը ավելի շուտ կարող են հայտնվել հենց «դատապարտվածության» ռեժիմի ներքո, ինչն արդեն ենթադրում է ամենատարբեր զարգացումներ:

Ահա այդ տեսանկյունից է հատկանշական Զախարչենկոյի մահը, որն ամենեւին առաջինը չէ Դոնեցկի եւ Լուգանսկի չճանաչված հանրապետությունների քաղաքական ու ռազմական ղեկավարների շարքում, որոնց նույնպես թերեւս թվում էր, որ Ռուսաստանի հովանին իրենց հաջողության է «դատապարտել»: Բանն այն է, որ ժամանակն անցնում է, հաջողությունը՝ գնում, եւ մնում է «դատապարտվածությունը», որովհետեւ ժամանակի ընթացքում էապես խորանում են այդ ամենի հովանի Ռուսաստանի խնդիրները:

Բանն այն է, 2013 թվականից ձեռքբերումներով խաղացող Ռուսաստանը ներկայում հայտնվել է ավելի շուտ «զոհաբերություններով» խաղալու անհրաժեշտության առաջ: Իսկ «զոհաբերման» ենթակա են առաջին հերթին այն սուբյեկտները՝ ֆիզիկական, թե իրավաբանական, որոնք գտնվում են Մոսկվայի լիակատար ազդեցության ու խնամքի ներքո:

Թերեւս արժե բավական խորհել այդ իրավիճակի շուրջ, դրան ձգտելու եւ դրա վրա հաջողություն կառուցելու մղումից առաջ: Եվ այդ իմաստով է, որ արժե թերեւս ավելի մեծ ուշադրության արժանացնել ոչ թե Քոչարյանին ուղղված շնորհավորանքին, այլ Դոնեցկում հնչած պայթյունին:

Այդ տեսանկյունից, Ռուսաստանի համար առանցքային, հիմնարար ռազմա-քաղաքական խնդիր է Հայաստանը, ռազմավարական հեռանկարի իմաստով, որը դեռեւս տեւական ժամանակ իհարկե առերեւույթ, առօրյա գործընթացներում կունենա հազվադեպ եւ հիմնականում թույլ արտահայտվածություն:

Այս համատեքստում էլ կարծիքը, թե Ռուսաստանի պետական շահն ու անվտանգությունը պահանջում են ինքնիշխան, ինքնուրույն, հնարավորինս ինքնաբավ Հայաստան, կարող է հնչել կամ ընկալվել տարօրինակ: Դա պայմանավորված է տարածված համոզումով, թե այդպիսի Հայաստանն այլեւս չի ենթարկվի Ռուսաստանին: Դա թերեւս խնդիրների ոչ ամբողջական եւ խորքային պատկերացման հետեւանք է, հատկապես ներկայիս բարդ աշխարհքաղաքական անցումային փուլում: Բանն այն է, որ Հայաստանն ու Ռուսաստանն ունեն համընկնող առանցքային շահերի օբյեկտիվ խումբ, որը ռազմակավարական հեռանկարում անփոխարինելի է, անկախ այլ ուղղություններում թեկուզ ոչ պակաս կարեւոր հարցերում շահերի հակադրությունից:

Այդ իմաստով, ինքնիշխան Հայաստանը ոչ միայն չի «փախչելու» Ռուսաստանից, այլ թերեւս թույլ չի տալու, որ Ռուսաստանը «փախչի» իրենից կամ այլ կերպ ասած՝ «զոհաբերի» իրեն, որն ավելի ու ավելի անխուսափելի կարող է դառնալ Ռուսաստանի շուրջ չորս կողմից սեղմվող օղակի պայմաններում:

Եվ այստեղ է բուն խորքային խնդիրը, որ ամբողջապես ձեւակերպված եւ արձանագրված չէ երկու երկրների իշխող եւ քաղաքական «էլիտաներում»: Բանն այն է, որ Մոսկվայի համար «լայն օրերին» Հայաստանի նախորդ համակարգի կառավարման հետեւանքը նկատելի չէր, ըստ այդմ նկատելի չէր այդ համակարգը հովանավորելու ռազմավարական սխալը: Առաջին լուրջ ահազանգը հնչեց 2016-ի ապրիլին: Ներկայում Ռուսաստանի հնարավորությունների սղմանը զուգահեռ մեծանալու է «տեսողությունը», եւ այդ իմաստով ավելի ու ավելի հստակ է դառնում, որ Ռուսաստանի վասալ, ոչ լեգիտիմ իշխանությամբ եւ կոռուպցիոն համակարգով Հայաստանը ռուսական պետականության կործանման ճանապարհներից մեկն է: Դրա մի քանի ահազանգ հնչել է միայն Գյումրիի ռազմակայանի ուղղության վրա:

Այդ դեպքում Մոսկվային մնում է կամ Հայաստանի հաշվին զոհաբերության գնով փորձել ժամանակ ձգել, թեեւ հայտնի չէ ինչի համար, որովհետեւ ժամանակն արդեն վաղուց անխնա աշխատում է Ռուսաստանի դեմ, կամ թեկուզ սկզբունքորեն չխանգարելով դրական նշանակություն ունենալ Հայաստանում վերափոխման հնարավորության հարցում, որ առկա է այժմ՝ թավշյա հեղափոխությունից հետո: Այդ համատեքստում էլ ուշագրավ է Ռուսաստանի շատերի համար անսպասելի «չեզոք» դիրքորոշումը Հայաստանում տեղի ունեցածի հանդեպ:

Այդ իմաստով, Պուտինի շնորհավորանքից հետո մամուլի քարտուղար Պեսկովը վերհաստատել է այդ դիրքորոշումը փաստացի, գործնականում ասելով, որ Քոչարյանին եղել է ընկերական շնորհավորանք, ոչինչ ավելի: Իհարկե, դժվար չէ շատ թե քիչ ցանկության դեպքում դիտարկել ավելին դրա տակ, հազիվ թե Պեսկովին կամ Պուտինին դա հուզի՝ նրանք ասել են իրենց ասելիքը շնորհավորանքից հետո: Ի վերջո, նոր իրավիճակում նոր խնդիրներին զուգահեռ Կրեմլն այդուհանդերձ կունենա նոր երաշխիքների անհրաժեշտություն, անցումային կամ ադապտացիոն այս փուլի համար: Խնդիրն այն է, որ ավելին դիտարկելու դեպքում դա կլինի ոչ թե Պեսկովի կամ Պուտինի, այլ դիտարկողների հոգսը, որովհետեւ անցումային փուլից հետո Ռուսաստանը խաղը կառուցելու է որակապես այլ երաշխիքների վրա, եւ առաջանալու է միջանկյալ երաշխիքների ճակատագրի հարցը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache