Պայթյուն Մարտի 1-ի գործում. դոմինոյի էֆեկտը

177

1in.am — Հատուկ քննչական ծառայությունը տեղեկություն է տարածել, որ Մարտի 1-ի գործով քննչական խումբը մեղադրանք է առաջադրել պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին՝ սահմանադրական կարգը տապալելու, ապօրինի ռազմական դրություն հաստատելու, բանակը ներքին գործընթացների մեջ ներգրավելու համար:

Այս տեղեկությունը առանց վարանելու հնարավոր է որակել սենսացիոն՝ մի շարք պատճառներով: Առանցքայինն այստեղ անշուշտ ոչ թե Միքայել Հարությունյանն է ինքնին, այլ այն, որ նրան ներկայացվող մեղադրանքը ուղիղ ճանապարհ է դեպի Ռոբերտ Քոչարյան: Միքայել Հարությունյանն այն ժամանակ պաշտպանության նախարարն էր, և նա ըստ էության ենթակա էր Գերագույն գլխավոր հրամանատարին: Իսկ Գերագույն գլխավոր հրամանատարը Ռոբերտ Քոչարյանն էր:

Այդպիսով, ստացվում է հետաքրքիր պատկեր՝ Միքայել Հարությունյանը կա՛մ չի ընդունում մեղադրանքը, թեև կարծես թե Հատուկ քննչական ծառայության տրամադրության տակ են փաստեր, փետրվարի 23-ի հայտնի հրամանը, որ դեռևս 2008 թվականին հրապարակել էր ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, և ըստ այդմ՝ Միքայել Հարությունյանին ըստ էության կմնա կա՛մ ընդունել այդ ամենը և հայտարարել, որ դա եղել է բացառապես իր նախաձեռնությունը, կա՛մ հայտարարել, որ ինքն ընդամենը կատարել է Գերագույն գլխավոր հրամանատարի հրամանը, այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանի հրամանը: Ո՞ր տարբերակը կընտրի Միքայել Հարությունյանը:

Սակայն հարցն ունի նաև այլ տեսանկյուն: Իսկ ո՞ր տարբերակը կընտրի Ռոբերտ Քոչարյանը: Նա կընտրի Միքայել Հարությունյանին մենակ թողնելո՞ւ տարբերակը, սպասելու, թե ինչ կասի Հարությունյանը, որը ներկայումս բավականին տարեց պաշտոնաթող զինվորական է, թե՞ Ռոբերտ Քոչարյանը պատասխանատվությունը չի թողնի Միքայել Հարությունյանի վրա և չի սպասի, թե ինչ կասի կամ կանի նա, այլ հենց ինքը կհայտարարի, որ Միքայել Հարությունյանը ընդամենը կատարել է իր հրամանները, և ըստ այդմ՝ նրան վերագրվող մեղադրանքի գլխավոր հասցեատերն ինքն է:

Իհարկե, դա չափազանց դժվար քայլ է, բավականին պատասխանատու և իսկական տղամարդկություն պահանջող քայլ: Կանի՞ այդպիսի քայլ Քոչարյանը: Այսպես թե այնպես՝ ակնառու է, որ Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրությունը պայթյուն է Մարտի 1-ի գործով, որը բացում է տասը տարի խցանված ընթացքը, և պաշտպանության նախկին նախարարին ներկայացվող մեղադրանքը ըստ էության անխուսափելիորեն տանում է ոչ միայն դեպի Ռոբերտ Քոչարյան, այլ նաև դեպի ընտրված նախագահ Սերժ Սարգսյան, դեպի ԱԺ ղեկավարություն և պատգամավորներ, որոնք Մարտի 1-ին արտակարգ դրության հարց են քվեարկել: Միքայել Հարությունյանի դեմ մեղադրանքը ուղղակի անխուսափելի է դարձնում այդ բոլոր սուբյեկտների հարցաքննությունը՝ առնվազն:

Ի դեպ, ուշագրավ է նաև այն, որ այդ շրջանակում ներառվում է, այսինքն՝ չի կարող չներառվել Զինված ուժերի Գլխավոր շտաբի այն ժամանակվա պետը՝ Սեյրան Օհանյանը, որը ևս Մարտի 1-ին հաջորդած իրավիճակում ունեցել է դերակատարում և առնվազն պետք է պատասխանի հարցերի:

Այդպիսով, տասը տարի անց Մարտի 1-ի գործը հայտնվում է լիովին նոր իրավիճակում՝ դոմինոյի էֆեկտով, երբ բավական է ձեռք տալ մեկին, և քանդվելու է ամբողջ շարքը:

Լուսանկարը՝ 2rd.am-ի




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache