Լրահոս

Պայթյուն Մինսկի խմբի համանախագահների այցից առաջ

 

Արտաքին գործերի նախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ Հայաստանը Մինսկի խմբի համանախագահների հունիսի 10-ին կայանալիք այցից ունի մեկ ակնկալիք՝ հասնել Վիեննայի պայմանավորվածությունների իրականացմանը, ինչը ենթադրում է հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի ներդրում, որպեսզի այլեւս չլինեն սահմանային կրակոցներ:
Դրան զուգահեռ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ համանախագահները Հայաստան այցի ընթացքում փորձելու են հստակեցնել իրավիճակը Արցախի հակամարտության գոտում:
Ի՞նչ հստակեցման մասին է խոսքը, պարզ չէ: Ի՞նչը հստակ չէ համանախագահների համար:
Համանախագահների այցը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ լայն իմաստով տարածաշրջանում ծավալվել են հետաքրքիր նոր զարգացումներ: Արաբական պետությունները դեմարշ են իրականացնում Կատարի դեմ, դրանից հետո ահաբեկություն տեղի ունեցավ Իրանում: Ուշագրավ զարգացումներ էլի կան, որոնք ընդհանուր առմամբ իհարկե մասն են այն թեժ գործընթացի, որ արդեն մի քանի տարի բավական բուռն կերպով ընթանում է Մերձավոր Արեւելքում եւ հարակից գոտիներում:
Մինսկի խմբի համանախագահության ֆորմատը դե յուրե Արցախի հակամարտության կարգավորման ֆորմատ է, սակայն դե ֆակտո այն յուրօրինակ միջազգային բացառիկ ֆորմատ է, որտեղ հարաբերվում են ՄԱԿ անվտանգության խորհրդի երեք մշտական անդամ միջուկային տերությունները՝ ԱՄՆ, Ֆրանսիան եւ Ռուսաստանը:
Դե յուրե Արցախի խնդրի միջնորդության այդ ֆորմատը դե ֆակտո ներառում է տարածաշրջանային լայն նշանակության հարցեր, հետեւաբար նաեւ իր վրա կրում է ավելի լայն տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների ազդեցությունը:
Համանախագահների տարածաշրջանային հերթական այցը ծրագրված էր վաղուց, բայց, արդյո՞ք Կատարի եւ Իրանի շուրջ զարգացումները կարող են ազդել այցի օրակարգի վրա, փոխել օրակարգը, այցի համար սահմանված առաջնահերթությունները:
Համանախագահների այցին նախորդել էր Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցը, որտեղ եզրակացվում է, որ Արցախում կուտակվում են պատերազմի ամպեր: Այն, որ պատերազմը մշտապես կախված է երկու միմյանց դեմ դիմաց խրամատներում գտնվող բանակների միջեւ, չի պահանջում ավելորդ փորձագիտական եզրակացություն, որպես վտանգ արձանագրվելու համար: Ավելին եզրակացնելու փաստարկ ՄՃԽ փորձագետները կարծես թե չեն բերել:
Հետեւաբար, ի՞նչու են նրանք հանկարծ հիշել Արցախի իրավիճակն ու ազդարարել պատերազմի վտանգի մասին: Խումբն այդպիսով իրե՞ն էր ուզում հիշեցնել, իսկ ավելի արդյունավետ տարբերակն, քան պատերազմի «շեփորումը», հնարավոր չէ: Թե՞ պատերազմի շեփորումը անհրաժեշտ էր իրականում հենց կուտակվող լիցքերը որոշակիորեն պարպելու համար, որի գործնական մասն էլ պետք է իրականացնեն համանախագահները:
Իրավիճակն իսկապես բավական բարդ եւ բազմաշերտ է, տարբեր սցենարների համաժամանակյա գործողությամբ: Դրանցում կա՞ Կովկասի ապակայունացման վտանգ կամ հեռանկար, թե՞ հակառակը:
Համենայն դեպս տպավորություն է, որ եռացող մերձավորարեւելյան տարածաշրջանի պարագայում Կովկասի ապակայունացումը չի բխում այնտեղ ներգրավված ուժերի շահից: Հավանաբար դա էր արտացոլված նաեւ մի քանի շաբաթ առաջ Ադրբեջանի սադրանքին Մինսկի խմբի համանախագահների հասցեական պատասխանում, որը աննախադեպ էր:
Տարածաշրջանային այցի ընթացքում համանախագահներն ըստ ամենայնի կփորձեն ամրացնել Կովկասի թեկուզ հարաբերական կայունության երաշխիքները: Դա կախված է այն բանից, թե որքան ամուր է Հայաստանը:
Մեծ է հավանականությունը, որ ներկայիս այցի ընթացքում դե յուրե միջնորդական, թե ֆակտո աշխարհաքաղաքական եռյակ ձեւաչափի համար առանցքային ուշադրության առարկա կլինեն Հայաստանի եւ Ադրբեջանի ներքին խնդիրները:
Հայաստանի իշխանության ձեւավորման կամ վերադասավորման փուլ է, իսկ Ադրբեջանում ֆինանսա-տնտեսական պայթյունավտանգ վիճակ, որը գուցե պայմանավորված է տեղի իշխանության ներքին հարաբերությունների համակարգում առկա լուրջ ցնցումներով, նկատի ունենալով, որ խոսվում է նույնիսկ Ադրեջանում կանխված հեղաշրջման փորձի մասին:
Ի դեպ, այդ առումով ուշագրավ է այն տեղեկությունը, որ տարածվեց շաբաթներ առաջ, թե իբր հայերը ծրագրել էին խոցել Ադրբեջանի պաշտպանության նախարարի ուղղաթիռը: Չի բացառվում, որ ուղղաթիռը ծրագրված էր խոցել հենց Ադրբեջանի ներիշխանական փլուզումների արդյունքում, պատասխանատվությունը դնելով հայկական կողմի վրա:
Արցախի խնդրում այսպես ասած բանակցային, կարգավորման առաջընթացի տեսանելի հնարավորություն չկա, մի շարք պատճառներով: Մինսկի խումբն ըստ ամենայնի փնտրում է իրավիճակը՝ ստատուս-քվոն երկարաժամկետ առումով պահելու նոր մեխանիզմներ, քանի որ նախորդ երկու տասնամյակի մեխանիզմը սպառված է: Նոր մեխանիզմի ձեւավորման գործընթացն ըստ երեւույթին հայտնվել է մի կետում, երբ էական է դառնում Հայաստանի եւ Ադրբեջանի ներքին ստատուս-քվոն:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing